ՀՖՖ-ն ոչ մեկի հետ չի կարողանում աշխատել, պատճառը` ամբիցիաներն են, արդյունքը` պարտությունները

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հինգշաբթի օրը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Վրաստանի հավաքականին եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։ Հանդիպումն անասելի հիասթափություն պարգեւեց ֆուտբոլասերներին: Իսկ խաղի վերջնամասում հայ երկրպագուները վանկարկում էին «Հեռացի՛ր»՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։ Համացանցում բազմաթիվ գրառումներ արվեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռացման պահանջով․ «Մելիքբեկյան, հեռացիր»,-գրում էին օգտատերերը։ Շատերն էլ նշում էին, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետն է, պարտություններն ուղեկցելու են մեզ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ:
- Երեկվա հերթական խայտառակ պարտությունից հետո նորից ֆուտբոլի երկրպագուները Ֆուտբոլի ֆեդերացիայի տխրահռչակ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականն են պահանջում, սակայն Մելիքբեկյանն այս առումով շատ նման է Փաշինյանին` ոչ մի կերպ չի ընդունում իր մեղքը եւ չի հեռանում զբաղեցրած պաշտոնից: Պարտությունները մեզ համար սովորական բան են դարձել: Ի վերջո` ի՞նչն է հայկական ֆուտբոլի այսքան թուլացման հիմքում:
- Արդեն երկար տարիներ է, ինչ մեր հավաքականը խաղացողների համալրում չի իրականացնում: Այդ պատճառով էլ ընկած` ման են գալիս, թե որտեղից ինչ սփյուռքահայ գտնեն, որ գոնե որոշակի հաջողություն արձանագրած կլինի: Իհարկե, ցավոք, դեռ չեն կարողացել գոնե նման կադրերով համալրել: Միակ օրինակը` Նիկոլաս Կալուկյանի օրինակն է, նա իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականում, չեմ ուզում ասել, թե նա պետք չէ մեր հավաքականին, սակայն այլ համալրումներ են հարկավոր: Նա ԱՄՆ-ից է եկել: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան այսօր համալրում ասելով` միայն նման օրինակներ է պատկերացնում: Ներքին առաջնությունում համապատասխան որակի խաղացողներ, որոնք կարող են միջազգային ստանդարտներին համապատասխանել, կամ ազգային հավաքականին, գրեթե չկան: Դրա վառ ապացույցն էլ մեր մինչև 21, 19 տարեկանների հավաքականների պարտությունների շարքն է արդեն մի քանի տարի: Անհաջող խաղեր են անդադար իրար հաջորդում, ձախողումներ ու այսպես շարունակ: Այդ պարտությունների հետևանքով էլ Ազգային հավաքականը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերում, չկա թարմություն, չկա նոր ուժ, բացի դա Պետրակովի աշխատանքի վերջին շրջանում մենք տեսանք, թե ինչ ճգնաժամ է ապրում մեր հավաքականը, հենց կազմի սահմանափակության պատճառով: Ամսի 20-ի խաղը հերթական ապացույցն էր այդ ամենի: Ես սիրում եմ հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, հարգում եմ նրանց անխտիր, և մտածում եմ, որ եթե գոնե մեր հավաքականը հասնի «ոչ ոքի» արդյունքին, դա կլինի լավ արդյունք: Ցավոք, անգամ դրան չեն կարողանում հասնել: Վրացիները ապացուցեցին, որ լավ հավաքական ունենալու համար պետք է աշխատել ոչ թե մի քանի ամիս, այլ` նվազագույնը 10 տարի և ավելի: Համակարգային փոփոխություններ են պետք, որպեսզի Հայկական հավաքականը զարգանա: Վրաստանում 2015 թվականից պետությունն աջակցում է վրացական ֆուտբոլին: Օրինակ` ներդրումներ է կատարում, մոտ 206 միլիոն դոլարի ներդրում է արել Վրաստանի իշխանությունը ֆուտբոլին: Ակումբերին են աջակցում, ֆուտբոլային խաղադաշտեր են կառուցում, կառուցվածքներ են զարգացնում և այլն:
- Իսկ ինչո՞վ է զբաղված մեր ՀՖՖ-ն, Արմեն Մելիքբեկյանը:
- Երեկվա «Մելիքբեկյան հեռացիր» ակցիան փաստում է այն մասին, որ այդ մարդը ոչինչ չի անում, հակառակը` նա իր նախընտրական ծրագրից ոչ մի խոստում իրականություն չի դարձրել: Կամ էլ արել է, բայց շատ թերի: Ինչ արդարացում ասես, որ չեն անում, քովիդի վրա են մեղքը բարդում, հետո չգիտես ինչերի: Իրականում մի բան կարող էր խանգարել հայկական ֆուտբոլին, դա 2020 թվականի պատերազմն էր: Դա միակ բանն էր, որի պատճառով հայ ժողովուրդը չուներ տրամադրություն և հոգեբանորեն, բնականաբար, մարդիկ ընկճված էին այդ շրջանում, բայց ինչ վերաբերում է քովիդին, այդ նույն քովիդը Վրաստանում էլ կար, ոչ պակաս թափով, բայց վրացական ֆուտբոլը դրանից չտուժեց: Ի դեպ` Ուկրաինայի հավաքականը իդեալական խաղեր է ունենում, ի՞նչ է նշանակում հայկական ֆուտբոլին խանգարել է քովիդը: Մի խոսքով` նոնսենսների մասին է խոսքը: Ֆեդերացիայի աշխատանքը միայն խաղ կազմակերպելը չէ, պետք է պետության հետ համագործակցություն, աջակցություն: Կառավարությունը միայն մի անգամ 5 միլիարդ է տվել ֆուտբոլին, բայց թե այդ փողը ինչպես ծախսեցին, որտեղ վատնեցին, դրա մասին ոչ մեկս չգիտենք: Ինչ-որ խաղադաշտ կառուցե՞լ են, ես նման տեղեկություն չունեմ: Միայն ազգային ստադիոն կառուցելու մասին են խոսում, բայց դա էլ կյանքի չի կոչվում, զուտ խոսքեր են միայն լոկալ ոգևորության համար ու վերջ:
- Ասում են, որ մեծ գումարներ են շրջանառվում Ֆուտբոլի ֆեդերացիայում և հենց դա է պատճառը, որ Մելիքբեկյանը կառչել է այդ աթոռից:
- Ընդհանրապես յուրաքանչյուր ֆեդերացիա, ըստ օրենքի, պետք է լինի անկախ, քաղաքականությունը չպետք է ֆեդերացիայի աշխատանքին որևէ կերպ խանգարի: «ՈւԵՖԱ»-ի և «ՖԻՖԱ»-ի կողմից բազմաթիվ գրանտներ են հատկացնում ֆուտբոլին: «ՈւԵՖԱ»-ն պարբերաբար գումարներ է փոխանցում մանկապատանեկան և կանանց ֆուտբոլի համար, իբրև, որ զարգացնեն ֆուտբոլը, սակայն այդ գումարների հետ, թե ինչ է լինում, դա պետք է ներկայացնի Արմեն Մելիքբեկյանը: Տարին մեկ անգամ իբրև անում են նման բան, բայց դե ով գիտի ինչպես են ծախսում փողերը: Երկրպագուն ուզում է իր աչքով տեսնի, թե որտեղ ինչ է արվել: Ֆեդերացիան այսօր այնքան է հեռացել ֆուտբոլային ակումբներից, որ առաջատար ակումբների և ֆեդերացիայի միջև համագործակցության փոխարեն հակամարտություն է սկսել: Եթե համագործակցություն լինի, եթե միավորվեն բոլորը մի նպատակի համար, դա կարող է օգտակար լինել: Եթե ֆեդերացիայի նախագահը ակումբի ղեկավարներին կարողանար հարգել, պատկերը այլ կլիներ: Ֆեդերացիան ոչ մեկի հետ չի կարողանում աշխատել, իսկ պատճառը` ամբիցիաներն են: Երեկվա խայտառակ պարտությունից առաջ Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկում էին, որ հայտ են ներկայացրել «ՈւԵՖԱ»` մինչև 20 տարեկանների եվրոպական առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար: Ասենք դա ի՞նչ է տալու Հայաստանին: Խայտառակություն է սա, ասենք` Եվրոպական առաջնությունը եկավ Հայաստան, դա ի՞նչ է տալու հայկական ֆուտբոլին:
Կարծիքներ