Թուրքական ձեռառնոցին, «հայկական» անտարբերությունն ու թուրքի հետ քիրվայանալու երազանքը

Թուրքական ձեռառնոցին, «հայկական» անտարբերությունն ու թուրքի հետ քիրվայանալու երազանքը

Դեռեւս խորհրդային տարիներից իմ սերունդը հպարտացել է սովետահայ ռազմական եւ մշակութային գործիչներով:

Փոքրաթիվ ազգ լինելով՝ արել ենք մեծ ազգերին արժանի՝ մեծամեծ գործեր: Մեր արեւելյան հարեւաններին արհամարհել ենք՝ նրա՜նք ուր, քաջությո՜ւնն ուր, գիտությունն ու մշակո՜ւյթն ուր: Խորհրդային Միության հերոսների (1984 թ. դրությամբ՝ թվով 104) ու կրկնակի հերոսների (թվով 4), «Փառքի շքանշանի» ասպետների (թվով 26) եւ բազմահազար այլ շքանշանակիրների առումով առաջիններից էինք մեծ երկրում: Իսկ Ադրբեջանից հերոս է եղել ընդամենը 43 անձ եւ ոչ մեկը՝ կրկնակի: Էլ չեմ խոսում գիտության ու մշակույթի գործիչների մասին: Անկախացումից ու հաղթական առաջին պատերազմից հետո մենք դրանց «ազերիբառան» էինք անվանում: Եվ պետք է 4 տարի առաջ Սերժ մերժեինք ու վարչապետ կարգեինք Նիկոլին, որպեսզի ամեն ինչ շրջվեր գլխիվայր: Ու քանի գնար՝ վիճակն ավելի վատանար: Նախկին արհամարհվածն այսօր մեզ է արհամարհում, բռունցք է ցույց տալիս ու ստորացնում մեզ: 

Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Փաշինյան Նիկոլը, շարունակում է թշնամուց խաղաղություն մուրալ ու շարունակ խայտառակել մեզ: Եվ հենց այն ոլորտներում, որտեղ արեւելքից հարեւանի համար տասնամյակներով եղել ենք անհասանելի: Հերթական խայտառակությունն արտաքին գործերի նախարարի պաշտոնին բազմած Միրզոյան Արոյի 6 «կոնտրառաջարկներն» էին՝ ի պատասխան Իլհամ Ալիեւի 5 առաջարկների: Երբ ադրբեջանականները հրապարակվեցին՝ թե՛ Նիկոլը եւ թե՛ Արոն խոսում էին լրացուցիչ 6-րդ առաջարկի մասին: Ուրիշ հարց, որ այն ընդունելի չէր, քանի որ Արցախի կարգավիճակի խնդիրը վերափոխում էր անվտանգության ապահովման հարցի: Պատկերացնո՞ւմ եք՝ հայերի անվտանգությունը՝ առանց անկախության կարգավիճակի, ապահովված լինի թշնամի երկրում՝ ինչ երաշխիքներ էլ լինեն: Աչքիս՝ Նիկոլ կոչվածը բացարձակ ծանոթ չէ հայկական հարցի պատմությանը: 
Բայց, ամեն դպքում, Նիկոլի եւ Արոյի (լեզուս չի պտտվում այն հայկական կոչելու համար) ասածն առաջարկի նման բան էր: Եվ եթե նույնիսկ մի կողմ դնենք 6-րդ կետի բովանդակային խնդիրը՝ ո՞վ էր այդ երկուսին դրդում, որ դրանով չբավարարվելով՝ հինգ հատ էլ քվազիառաջարկ ավելացնեն ու հերթական անգամ խայտառակեն իրենց ու մեզ: Իսկ որ դա հենց անձամբ իրենց արածն է՝ չեմ կասկածում: Որովհետեւ չեմ պատկերացնում, որ չէր կարող գրագետ որեւէ պաշտոնյա չգտնվել արտաքին գործերի նախարարությունում: Ինչեւէ, բավարար չէր՝ Իլհամն է մեզ ձեռ առնում, հիմա էլ ծիծաղի առարկա դարձանք նաեւ նրա արտաքին գործերի փոխնախարարի համար: Չնայած ինչ փոխնախարար՝ կիսագրագետ ադրբեջանցին էր ձեռառնոցիի առարկա դարձրել Նիկոլին ու ըստ այդմ՝ մեր ողջ ազգը:  

Քիչ է մնում, որ մարդ գլուխն առնի ու կորչի, իսկ ոմանց համար՝ հեչ: Դրանց համար ինչպես հայրենասիրությունն է անարժեք մի լաթի կտոր, այնպես էլ ազգային արժանապատվությունը: Զարմանալիորեն, նույն այդ անձինք իրենց անձնական արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ են մեկ այլ հայի արյուն թափել: Սակայն անհատականից շատ ավելի բարձր՝ ազգայինի վրա թքած ունեն: Չգիտեմ՝ միայն հայությա՞ն մեջ կարող է նման բան լինել, թե՞ այլ ազգերի շրջանում էլ է այն առկա: Եթե նույնիսկ երկրորդը, ապա դա, միեւնույն է, ինձ չի մխիթարում: Ու ես շարունակում եմ զարմանալ երիտասարդների այն բազմության վրա, որոնց համար կարծես ոչինչ չի եղել: Սրճարաններում նստած՝ շարունակում են վայելել իրենց սուրճն ու հանգիստը: Կարծես ոչ թե Երեւանում են, այլ՝ Փարիզում: Կարծես ոչ թե Նիկոլն է Արցախը վերջնականապես եւ Հայաստանը պատառ-պատառ զիջում թշնամուն, այլ թշնամին է խեղճացվածը: 

Ի դեպ, տարիներ շարունակ մարդու իրավունքների, բնապահպանական եւ նմանատիպ այլ խնդիրների առումով փողոց դուրս գալով՝ այն էլ արդեն հասուն տարիքում, զարմանում էի անտարբերների վրա: Հետո պետք է սոցիալական խնդիրներ առաջ գային, որ անտարբեր այդ զանգվածի մի մասը կենդանանար: Քանի որ իշխանության կոնկրետ գործողությունը (հոսանքի կամ երթեւեկության սակագնի բարձրացում) հարվածում էր նրա գրպանին: Բայց հայրենիքի նկատմամբ մարտահրավերների դեպքում զուտ «իրենց տունը պահողների» եւ սրճարաններում իրենց հանգիստը վայելող անձանց գրպանին անմիջականորեն հարված չի հասցվում: Դրանք իրենց տունը կպահեն եւ կամ հանգիստը կվայելեն նաեւ արտերկրում, եթե կորցնեն հայրենիքը: Քանի դեռ Հայաստանում են, դեռ մի բան էլ ավելի՝ երազում են, թե երբ, վերջապես, կրկին կախպերանան ու կքիրվայանան թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Ու, բնականաբար, երազում են թուրքական էժան ապրանք ձեռք բերելու եւ թուրքական կապիտալի շնորհիվ հարստանալու մասին: Մոռանալով, որ թուրքի հետ քիրվայության վերջը կա՛մ յաթաղանն է եւ կա՛մ հայրենազրկությունը: Ինչը մեր ժողովուրդը մեկ անգամ արդեն զգացել է 100 տարի առաջ:

ՀԳ. Ինչպե՞ս չհիշեմ «Եթե դու երիտասարդ ես ու հեղափոխական չես՝ սիրտ չունես, իսկ եթե տարիքով ես ու պահպանողական չես՝ խելք չունես» անգլիական ասացվածքը: