Նա չէր գերագույն գլխավոր հրամանատարը, իրենք պարտավոր էին չկատարել ապօրինի, հանցավոր հրամանները

Նա չէր գերագույն գլխավոր հրամանատարը, իրենք պարտավոր էին չկատարել ապօրինի, հանցավոր հրամանները

Հարցազրույց ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ

- Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում նշել է, որ 2015թ. Սահմանադրության համաձայն՝ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների վարման գործընթացից: Այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարին են վերապահված այդ գործառույթները: Փաստորեն, Տոնոյանը մեղքը Սահմանադրության վրա է գցում, որի համահեղինակներից եք Դուք։ Ի դեպ, նաեւ նախագահ Արմեն Սարգսյանն էր բողոքում անգլիական թագուհու իր կարգավիճակից։

- Դե հիմա, եթե այլ մեղավոր չեն գտնում, մեղքը բարդում են Սահմանադրության, իրավական կարգավորումների եւ այլնի վրա։ Սա սովորական երեւույթ է։ Նախ՝ նախագահի մասով։ Իրոք, նախագահի գործառույթները բավականին քիչ են, բայց ասեմ, որ ժամանակին, երբ ներդրվում էր այդ ինստիտուտը, նախագահի պաշտոնում ընտրվելիք անձի հեղինակության մասին էր խոսքը, եւ այն գործառույթները, լիազորությունները, որ տրված էին՝ սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը եւ այլն, նրա խնդիրը պետք է լիներ ընդամենը՝ կարողանալ․․․ չասեմ՝ հավասարակշռել, բայց կարողանալ պահել որոշակի աստիճանի վրա այս ազգային, ներպետական համաձայնությունը։ Կան վիճակներ, երբ գործառույթներն էդքան կարեւոր չեն։ Եվ նախագահի ինստիտուտը, իմ կարծիքով, կոչված է իր հեղինակությամբ ազդելու դեպքերի ընթացքի, հասարակության ներսում հաշտության ու համերաշխության վրա, իսկ որպես լծակ՝ որոշակի իրավական ակտերի սահմանադրականության վիճարկման միջոցով գործընթացների վրա ազդել։ Իրոք, նախագահի որոշ գործառույթներ եղել են արարողակարգային, էստեղ ես չեմ վիճարկում, որ կարելի էր ավելի լուրջ գործառույթներ վերապահել, բայց եղածն էլ բավական էր՝ որոշակի դերակատարություն ունենալու համար՝ որպես պետության գլուխ։

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, թյուր կարծիք կամ տպավորություն կա, որ ռազմական դրության պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։ Նման բան չկա։ Վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է պատերազմական իրավիճակում, որն այլ կատեգորիա, այլ ինստիտուտ ու իրավիճակ է, քան ռազմական դրությունը։ Եթե մենք Սահմանադրությամբ չունենայինք այդ երկու հասկացությունները, կարելի էր փորձել նույնացնել, բայց դրանք տարբեր բաներ են։ Մեզ մոտ պատերազմական դրություն չի հայտարարվել։ Պատերազմական դրություն հայտարարվում է անմիջական հարձակման վտանգի դեպքում։ Սահմանադրությունն ուղիղ նշում է դրա հիմքերը։ Մեզ մոտ դա չի եղել, եւ ռազմական դրության պայմաններում գերագույն գլխավոր հրամանատար վարչապետ չէինք կարող ունենալ։ 

- Այսինքն՝ պատերազմական դրությունը եւ ռազմական դրությունը տարբեր են։

- Իհարկե, ռազմական դրության պայմաններում գերագույն գլխավոր հրամանատար վարչապետը չի կարող լինել։ Այնտեղ, հիմնականում, զորքերի կառավարումը դրված է Գլխավոր շտաբի պետի վրա։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա չեմ կարծում, որ պետք է էդքան նսեմացնել այդ պաշտոնը։ Վերջին հաշվով, դա քաղաքական պաշտոն է, բայց կազմակերպական եւ այլ առումներով ներգործության հնարավորություն իրավիճակի վրա, որը վերաբերում է պաշտպանությանն ու զինված ուժերին, կարող էր ունենալ։

- Իսկ ռազմական դրության պայմաններում Տոնոյա՞նն էր որոշողը։

- Ոչ, Գլխավոր շտաբի պետը։

- Այդտեղ միտում տեսնո՞ւմ եք, որ պատերազմական դրության փոխարեն ռազմական դրություն հայտարարվեց։ Փաստորեն, նման նրբություններ կան։

- Չեմ կարող ասել, նման հարցերը մի քիչ դժվար է մեկնաբանել․․․ չեմ ուզում քաղաքական դիսկուրսի մեջ մտնել, սկզբունքային հարց  է ինձ համար, մենք անգամ երբ գիտնականներով դիմեցինք, գիտեք՝ հանցագործության մասին հաղորդում, դավաճանության մասին, այնտեղ զուտ իրավական բնութագիր էր, իրավական հիմնավորումներ, իրավական եզրակացություն։ Որ այն, ինչ կատարվում է, լրիվ տեղավորվում է պետական դավաճանության մեջ։ Ես քաղաքականություն չեմ ուզում մտնել, էնպես որ, Ձեր այդ հարցը չեմ կարող մեկնաբանել հասկանալի պատճառներով։

- Փաստորեն, Տոնոյանը սխա՞լ է մեկնաբանում Սահմանադրությունը։

- Տոնոյանը, այսպես ասեմ, իրեն դուրս է դնում գործընթացներից, որ ոչինչ չուներ անելու․ սա առաջին հերթին, մեղմ ասած, նսեմացնում է իր դերը ե՛ւ պաշտպանության, ե՛ւ բանակի ղեկավարման-կառավարման, ե՛ւ, առհասարակ, իր գործառույթների իրացման հարցում՝ որպես պաշտպանության նախարար։ Պարտադիր չէ լինել գերագույն գլխավոր հրամանատար, որպեսզի կարողանալ ազդել դեպքերի ընթացքի վրա։ 

- Տոնոյանը նշել էր, որ իր ամենամեծ բացթողումը համարում է վարչապետ-ՊՆ-ԳՇ ուղղահայացում տիրող անհստակությունը չհաղթահարելը։ 

- Բացարձակ մեկնաբանման ենթակա չէ էդ հայտարարությունը։ Լավ կլինի՝ ինքը մեկնաբանի, թե եթե այդպես էր, եւ եթե նկատել էր նման վիճակ, որն ուղղակիորեն վտանգ էր պատերազմական իրավիճակում գտնվող զորքի, երկրի անվտանգության համար, որտե՞ղ էին նրա ձեռնարկած միջոցառումները։ Առնվազն  պարտավոր էր հրաժարական տալ եւ հայտարարել այդ իրավիճակի մասին, որպեսզի հասարակությունը չմնար էն արծրունական թմբիրի մեջ։ Առնվազն։ Նույն՝ Գլխավոր շտաբի պետը՝ նույնպես։

- Բայց դա էլ ավելի չէ՞ր ծանրացնի իրավիճակը ռազմաճակատում։ 

- Բա եթե մարդը տեսնում է, որ չի կարողանում, եւ ինքը դառնում է հանցակից էդ գործողություններին, չեմ ուզում էս պահին գնահատական տալ, թե ինչ է կատարվել, դա երբեւէ կպարզվի, չնայած հրապարակային աղբյուրներից ունենք որոշակի տեղեկատվություն, թե ինչ է եղել, ոնց է եղել։ Ես էլ անձամբ ունեմ իմ կարծիքը դրանց իրավական բնութագրերի վերաբերյալ։ Բայց եթե տեսնում ես, որ զորքը, որը ղեկավարում ես, ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար կամ երկուսը միասին՝ եւ կա քաղաքացիական անձ, որն էդ պահին պարտավոր է իմանալ, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար չէ եւ խոչընդոտում է, խանգարում է, եւ միասնական աշխատանքը չի ստացվում, որը  տանում է, ես մեղմ եմ ասում, պարտության։ Ի՞նչ պետք է անի․ հաշտվի՞ իրականության հետ, ինչպես որ իրենք արեցին։ Հետո սկսեն արդարանա՞լ․․․ Իհարկե, դա ոչ մեկի կողմից ընկալելի չէ։ 

Եվ վերջում․ եթե նույնիսկ ընդունենք այն վարկածը, որով ղեկավարվել են իշխանությունները, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն էր, բոլոր դեպքերում, ԳՇ պետը կամ պաշտպանության նախարարը ոչ միայն կարող էին, այլեւ պարտավոր էին չկատարել ապօրինի հրամաններ, որոնք․․․ բերեցին էն վիճակին, որն ունենք։ Այսինքն՝ ոչ թե հրաման են տվել, այլ՝ «գերագույն գլխավոր հրամանատարն է, ես չէի կարող չկատարել»։ Պարտավոր էին չկատարել՝ որպես մասնագետներ տեսնելով դրա հետեւանքները, ինչին որ ականատես եղանք։ Եթե հստակեցնեմ՝ իմ կարծիքով, նա չէր գերագույն գլխավոր հրամանատարը, բայց եթե անգամ էդպես է ընկալվել, իրենք պարտավոր էին չկատարել էդ ապօրինի, հանցավոր հրամանները։