ՔՊ-ականի օրակարգը

ՔՊ-ականի օրակարգը

Ծանր է Մոնոմախի՝ մերօրյա ՔՊ-ականի «գլխարկը»։ Նա չգիտի, թե ինչ է իրենից այսօր պահանջվում, ինչպես պահի իրեն, որ իր կուսակցության եւ կուսակցության լիդերի հույսերն արդարացնի, նրա զայրույթին չարժանանա եւ կարողանա ինչ-որ օգուտ ստանալ իշխանական լինելու օրեցօր ամոթալի դարձող կարգավիճակից։ Ոչ ոք նրան ուղիղ չի ասում, թե ինչ է պահանջվում շարքային ՔՊ-ականից այսօր։ Ի՞նչ անի․ Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական ելույթնե՞րը կրկնի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առավելությունների մասին խոսելով։

Ռուսաստանին դատապարտի՞, օգտվելով Արմեն Գրիգորյանի առաջ քաշած թեզերից։ Ընդդիմադիրների՞ն հայհոյի՝ առաջնորդվելով Անդրանիկ Քոչարյանի կամ Վահագն Ալեքսանյանի դիրքորոշմամբ։ Նիկոլ Փաշինյանին դավաճան ասողների աչքի՞ն թքի՝ ընդօրինակելով Ալեն Սիմոնյանին։ Հարեւան-բարեկամներին պատմի այս իշխանությունների տնտեսական աննախադեպ հաջողությունների եւ բյուջեի եկամուտների շեշտակի աճի մասի՞ն՝ կառավարության նիստում ասվածն անգիր անելով։

Թե՞ հայտարարի, որ Արցախն ինքը պետք է լուծի իր հարցերը՝ ուղիղ բանակցելով ադրբեջանցիների հետ, եւ, առհասարակ, մենք չենք կարող 120 հազարի համար 3 միլիոնին «վարի տալ», ինչպես ասում է Գուրգեն Արսենյանը։ Իսկ գուցե պետք է նախկինների թալանի՞ց խոսել կամ դղյակներից, որոնք կարող էին զենք-զինամթերք դառնալ, բայց չեն դարձել։ Կամ՝ Տիգրան Ավինյանի քարոզչությանը լծվել։ Շարքային ՔՊ-ականը շատ անելիքներ ունի, բայց չգիտի՝ այս ամենից որն է առաջնահերթ, եւ ինչն է ավելի շատ կարեւորում կուսառաջնորդը, ում ասածների մեծ մասն անորոշ է, մեսիջները՝ անհասկանալի, ցանկությունները՝ իրարամերժ։ Թարսի պես՝ այս մտքերի արանքում նաեւ կասկածներ են ծագում՝ արժե՞ արդյոք այս խառը թիմի անդամ լինել։