Ես էդ կապիկություններին չեմ մասնակցում, չեմ ուզում ամբախ-զամբախ խոսալով ման գամ

Ես էդ կապիկություններին չեմ մասնակցում, չեմ ուզում ամբախ-զամբախ խոսալով ման գամ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մեր տեղեկություններով, «վիզ է դրել», որ Ծառուկյանն իր թագավորությունում՝ Կոտայքում պարտվի։ Երբեմնի դաշնակիցների միջեւ 2019-ի հայտնի միջադեպից հետո «սեւ կատու» է անցել։ Խոսքը գործարարին պատկանող «Պարտեզ» ռեստորանում փոխհրաձգության մասին է, որի մի կողմում Ծառուկյանի որդին էր, մյուսում՝ Մելոյի հարազատները, եւ արդյունքում նաեւ մարդ զոհվեց։

Մեզ լուրեր էին հասել, որ Մելիք Մանուկյանն իշխանության ցուցումով աշխատում է Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համար, նա 1000-ից ավելի աշխատող ունի, սակայն երեկ Մանուկյանը մեզ վստահեցրեց, որ չի խառնվելու ընտրական գործընթացներին, իսկ անձամբ ինքն աջակցում է իշխանություններին։

- Պարոն Մանուկյան, այս ընտրություններն առանձնահատուկ են, ոչ այնքան քաղաքական պայքար է, որքան, ինչպես ընդդիմադիրներն են ասում՝ հայրենիքի փրկության։ Աջակցում եք ձեր քաղաքական թիմի՞ն, թե՞ այլ ֆավորիտ ունեք հիմա։

- Ո՞րն ա մեր քաղաքական թիմը։

- ԲՀԿ-ից չէի՞ք։

- ԲՀԿ-ն ձերն ա, ես երբեք ԲՀԿ-ի հետ գործ չունեմ։

- Ե՞ս էի անցած խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր։

- Ես եղել եմ, բայց ԲՀԿ-ն երբեք իմը չի եղել․․․ Ձեր քաղաքական թիմի․․․ չէ մի չէ։

- Կա՞ն ուրիշ ուժեր, որոնց աջակցում եք։

- Հանաքը մի կողմ՝ ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ։

- Բայց համաձայն չե՞ք, որ այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ պետության լինել-չլինելու հարցի առաջ ենք կանգնած։

- Էդ ո՞վ ա ասում։

- Դուք համաձայն չե՞ք։

- Դե որ ըտենց ա, ես էդ կապիկություններին չեմ մասնակցում։ Լիքը փրկիչներ կան, յանի եկել են, էլի, կփրկեն։ Ես ոչ մի բանի չեմ խառնվում։

- Իսկ մեզ ասել էին, որ Դուք, Ձեր եղբայրը ձեր աշխատողներին ուղղորդում եք, որ Արամ Սարգսյանի կուսակցությանն ընտրեն։

- Ես ոչ մի բանի չեմ խառնվում, եղբայրս էլ ինչ ուզենա, կանի, ինչով ուզենա, կզբաղվի, դեմոկրատիա ա։ Անձամբ ես հեռու եմ, հավատացեք, հեռու եմ։ Ես հայրենանվեր աշխատանք եմ անում հիմա, ստեղծում եմ շատ աշխատատեղեր, աշխատանք, հարկ եմ վճարում։ Ես զբաղվում եմ երկիր փրկելով, գործ եմ անում, չեմ ուզում ամբախ-զամբախ խոսալով ման գամ։ Գինու-կոնյակի գործարան եմ բացում, բացումը շուտով կանեմ։ Հիմա Դուք Ձեր ընտանիքի անդամներին զոռո՞ւմ եք, որ գնան մեկին ընտրեն։

- Բայց երբ կարծիք են հարցնում, ասում եմ։

- Ըհը, բա որ գիտես, ինչի՞ ես հարցնում։

- Ասում են՝ Ծառուկյանի ինադու խորհուրդ եք տալիս Արամ Սարգսյանին ընտրել։

- Քաք են ուտում։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, իսկ որ ըտենց շատ ես ուզում իմանաս, ես պաշտպանում եմ մեր իշխանությանը։

- Պատերազմից հետո է՞լ եք իշխանությանը պաշտպանում։

- Այո։

- Ձեր մարզից անգամ Սասուն Միքայելյանն է մի կողմ քաշվել, չի ուզում ասոցացվել իշխանության հետ։

- Է, ի՞նչ անենք, Սասուն Միքայելյանը կարա դուրս գա, բայց ես պաշտպանում եմ։

- Իսկ ինչո՞ւ, ո՞ր լավ արարքի համար եք պաշտպանում։

- Լավ եմ անում։

- Էլի՛ լավ արեք, բայց պատերազմից հետո այսքան զոհեր, կորուստներ, ո՞րն է պաշտպանելու Ձեր մոտիվացիան։

- Իմ ականջները երկար չեն, չէ՞, ես էլ էշի տպավորություն չեմ թողնում, չէ՞, որ նման հարցեր եք տալիս, փորփրում։ Իմ գործն ա՝ խի եմ պաշտպանում։

- Իսկ որ իշխանությունը մնա, կհաջողվի՞ ձեզ երկիրը փրկել։

- Դա փաստ է, ես աշխատել եմ եւ աշխատելու եմ, դա է մեր երկրի փրկությունը, քաղաքական իմաստով էլ թող մտածեն քաղաքական գործիչները։ Ես այգի եմ դնում, այգի մշակում, ամբողջ օրն այգում եմ, ընենց այգի ունեմ, մտնես՝ քեֆդ կգա։

- Չե՞ք վախենում, որ անպաշտպան սահմաններ ունենք, եթե այսօր թշնամին Գեղարքունիքի ու Սյունիքի հող է մտել, գրավել, վաղը կարող է ձեր այգի էլ մտնել։

- Ոչ մի բան էլ չեն նվաճում, էդ դուք եք թերթերի մեջ նվաճել տալի։

- Իսկ լսե՞լ եք, որ Գեղարքունիքից շաբաթներ առաջ վեց գերի վերցրին։

- Լավ, ցտեսություն։