Չի բացառվում, որ Վանեցյանի հրաժարականը ինչ-որ պայմանավորվածության արդյունք է. քաղաքագետ

Չի բացառվում, որ Վանեցյանի հրաժարականը ինչ-որ պայմանավորվածության արդյունք է. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեղափոխությունը խժռում է իր զավակերին, թե՞... 

Իշխանության ներկայացուցիչները չեն դադարում մեկնաբանել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աղմկահարույց հրաժարականները... Որքան կարելի է կռահել, իշխանությունները սարսափելի նեղսրտած են պարոն Վանեցյանի հրաժարականի հետ կապված հայտարարությունից և չեն կարողանում այն "մարսել"...  Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Գյումրիում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով երկու ուժայինների հրաժարականը, հայտարարել է."ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել..."... Անդրադառնալով պարոն Վանեցյանի հայտարարությանը` պարոն Միրզոյանը նշել է."Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները վայել չեն ԱԱԾ տնօրենին"... 
Պարոն Միրզոյանի ջղաձիգ այս մեկնաբանությունը ցույց է տալիս, որ իշխանությունները կամ մինչև վերջ փորձում են "խժռել" իրենց զավակներին, կամ էլ ինչ-որ սցենար են մշակել ու փորձում են դա կյանքի կոչել... 

Հետաքրքիր է, պարոն վարչապետն այս վերջին երկու ամսում էր հասկացել, որ իր ուժայինները լավ չէին աշխատում... Ստացվում է, որ ընդամենը հուլիսի 5-ին Փաշինյանի կողմից գեներալի կոչման արժանացած Վանեցյանը և Օսիպյանը հիմա նոր են բացահայտել իրենց "վատ" կողմերը... Բացի այդ, պարոնայք Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներից մոտ մեկ ամիս առաջ արդեն Երևանում լուրեր էին պտտվում, որ երկուսն էլ հրաժարականի դիմումներ են գրել և իրենք չեն ցանկանում աշխատել Փաշինյանի հետ... Որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ մանրամասն ներկայացրել էին, թե որտեղ են բարիշել Փաշինյանն ու Վանեցյանը... Սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, այդ "բարիշելը" շատ կարճ տևեց... Օսիպյանի և հատկապես Վանեցյանի հրաժարականների շուրջ ՀՀ ԱԺ նախագահի ջղաձիգ մեկնաբանությունից երևում է, որ Փաշինյանը փորձում է պատասխանել Վանեցյանին՝ վերջինիս ներկայացնելով ոչ պրոֆեսիոնալ և խղճուկ, որին խղճացել է և չի վռնդել աշխատանքից, այլ դիմում գրել է տվել... 

Չի բացառվում նաև, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը ինչ-որ պայմանավորվածության արդյունք է Փաշինյանի, Վանեցյանի և նրանց սատարողների միջև, որի համաձայն Վանեցյանն "աղմուկով" հեռանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնից և կարճ ժամանակ անց մտնում է ակտիվ քաղաքականություն՝ ձևավորելով սեփական կուսակցությունը և իր շուրջ է համախմբում այն ուժերին և զանգվածին, ովքեր չեն ցանկանում նախկինների վերադարձը, բայց և դժգոհ են Փաշինյանի իշխանությունից... Այս 1,6 տարվա ընթացքում Փաշինյանի "դաբռոյով" հասարակությանը բացարձակ անծանոթ Վանեցյանը դարձավ "աստղ" և իշխանությունների կողմից "ռոբինհուդյան" PR-ի շնորհիվ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը բավականին լավ վարկանիշ ունի հասարակության մեջ և կարող է իր շուրջը թիմ ձևավորել և մտնել ակտիվ քաղաքականություն, հատկապես, երբ հետհեղափոխական Հայաստանում ընդդիմության հարթակում գործող ուժերը բավականին թույլ են... 

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա կարելի է ասել, որ պարոն Փաշինյանը ոչնչով չի տարբերվում նախորդներից, ովքեր ևս սիրում էին իրենց "սեփական" ընդդիմությունն ունենալ ու այդպիսով վերահսկել նոր ընդդիմադիր զանգվածի մի զգալի մասը և մանիպուլյացիաների միջոցով նրա էներգիան ուղղել ցանկալի նպատակներով...»։