․․․ Որ չլսեմ աղետաբեր ձայնը

․․․ Որ չլսեմ աղետաբեր ձայնը

2020 թվականը դառնաղետ տարի էր մեր ժողովրդի համար։ 

Ես այս սեւ տարուց բաժանվելու իմ եղանակն ունեմ, բայց մինչ այդ մասին բարձրաձայնելը հիշեցնեմ հայրենակիցներիս, որ ավանդույթի համաձայն՝ այդ օրը տարեմուտի վերջին ուղերձով հրապարակային հանդես կգա մեկը, ով դեռեւս վարչապետ է։ Որեւէ կասկած չկա, որ նա, որը խելահեղ կերպով սիրում է ուղերձներ հղելու «աստվածահաճո» գործը, այս անգամ էլ իրեն չի զրկի այս տարվա համար վերջինից՝ «պաշտոնականից»։ Բնականաբար, նա  կփորձի հիմա էլ «իր» ժողովրդի հետ լինել, «չլքել» նրան 2020 թվականի նույնիսկ վերջին րոպեներին, որպեսզի վերջիններիս փարիսեցիաբար «Արցախի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ» կոչի (երբ հիմնովին ոչնչացրել է այդ հանրապետությունը), «Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ» կոչի (երբ անդունդի եզրին է հասցրել այդ հանրապետությունը), «Սփյուռքի հպա՜րտ հայություն» կոչի (երբ օտար ափերում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների հոգիները լցրել է արժանապատվության, ազգային իղձերի կորստի ամոթով ու խայտառակությամբ)։ Բայց դա, անշուշտ, վարչապետի աթոռից կառչածի համար հոգ եւ արգելք չէ․ նա կշարունակի նույն փարիսեցիությամբ «սիրել» մեզ բոլորիս, «խոնարհվել» բոլորիս առջեւ։ 
Եվ որպեսզի չըմպեմ նողկանքի այն բաժակից, որ վարչապետական ձեռքը պիտի մատուցի, որպեսզի ունակ լինեմ գալիք տարին դիմավորելու գոնե հույսով, թե նա իմ ժողովրդին վերածնվելու հույսի փոքրիկ մի շող  պիտի պարգեւի, ահավասիկ, որոշել եմ՝ չլսելու համար մեր բոլոր աղետների «թիվ մեկ պատասխանատուի» ձայնն ու չտեսնելու համար նրա դեմքը՝

1) դեկտեմբերի 31-ին ժամը 23։50 րոպեից, երբ հնչած կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, անջատել տան հեռուստացույցը,
2) անջատել Ֆեյսբուքը (համացանցը),
3) անջատել  լույսերը,
4) խավարի եւ լռության մեջ երկու մոմ վառել մեր հազարավոր նահատակների հիշատակի համար։

Եվ այդպես՝ 10 րոպե տեւող խավարում խոկալուց հետո, լսել նոր՝ 2021 թվականի ավետիսը, բայց ո՛չ նրա շուրթերից, ով երբեք մեզ համար ավետաբեր չեղավ՝ եղավ աղետաբեր։

Եվ սա իմ՝ արժանապատ- վությունը, հույսը, լուսե ապագայի ակնկալիքը դեռ չկորցրած ՀՀ քաղաքացու հրաժեշտի «անձնական» ամանորյա միջոցառումն  է 2020 սեւ տարվա համար։