ՀՀ գիտության կոմիտե. ի՞նչ է այն եւ ո՞ւմ է ծառայում

ՀՀ գիտության կոմիտե. ի՞նչ է այն եւ ո՞ւմ է ծառայում

Հարգելի ընթերցող, հարգելի հարկատու, ՀՀ գիտության կոմիտեն, ըստ մեր Սահմանադրության, լուրջ պետական միավոր է, որը նախատեսված է ՀՀ-ում գիտական աշխատանքների կազմակերպման համար, նա է ֆինանսավորում Ազգային ակադեմիայում, բուհերում եւ ինստիտուտներում ընթացող գիտական մշակումները։ Ինչպե՞ս է ընտրում Գիտության կոմիտեն ֆինանսավորվող գիտական թեմաները։

Ըստ Կոմիտեում ընդունված սկզբունքի՝ ֆինանսավորվում են միջազգային գիտական մեծ արժեք ունեցող թեմաները։ Իսկ որպես գիտական արժեքի չափանիշ է դիտվում գիտական թեմայի ղեկավարի՝ միջազգային գիտական բաց մամուլում տպագրված հոդվածների քանակը։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը նպաստում է միջազգային գիտության զարգացմանը։ Կարծես թե այս դրույթներն արդարացի են։

Փորձեմ հերքել Գիտության կոմիտեի գործունեության սկզբունքները։
1․ Մի՞թե մեր փոքր եւ աղքատ հանրապետությունն ուրիշ հոգս չունի, որ նպաստում է միջազգային գիտության զարգացմանը, ինչպես դա պնդում են Կոմիտեի ղեկավարները։ Չէ՞ որ մեզ համար առաջնային է պետական բյուջեի ծախսումը՝ ի շահ ՀՀ պաշտպանության կամ տնտեսության։
2. Ինչպե՞ս է վարվում Գիտության կոմիտեն հայագիտական, հայ գրականության, հայ պատմագրության մասնագիտական թեմաների հետ: Չէ՞ որ այս ուղղությամբ հոդվածները սովորաբար հետաքրքրություն չեն ներկայացնում միջազգային գիտական մամուլում, իսկ նման հոդվածների հեղինակները տարիքով մեծ են եւ չեն տիրապետում անգլերենին: Արդյունքում ազգային կարեւորության այս թեմաները դուրս են մնում ֆինանսավորման պրոցեսից:
3. Տպագրվելով բաց մամուլում՝ շատ հաճախ խախտվում են այդ աշխատանքների հեղինակների հեղինակային իրավունքները: Պահանջվող տպագրությունները բաց մամուլում չեն վերահսկվում ՀՀ ԱԱԾ-ի կողմից: Շատ հաճախ տեխնոլոգիական մեծ արժեքներ ունեցող, մեր երկրի պաշտպանական համակարգին նպաստող, ներկայացնող արդյունքները նման ձեւով մատուցվում են մեր թշնամիներին: Ինչո՞ւ չեն օգտագործվում ոչ վաղ անցյալում կիրառվող գաղտնիության մակարդակը որոշող փորձագիտական հանձնաժողովները:
4. Գիտական թեմաների արդյունք­ները պահանջվում է ներկայացնել մագնիսական կրիչների վրա, եւ դրանք կուտակվում են Գիտությունների պետական կոմիտեի մի սենյակում ու չեն վերահսկվում ԱԱԾ-ի կողմից: Մկնիկի մեկ հարվածով դրանք հեշտությամբ կարող են փոխանցվել թշնամի երկրի համապատասխան օրգաններին․ թշնամին թեկուզ կիմանա, թե ինչով են զբաղված մեր գիտական խմբերը եւ կենտրոնները:
5. Թեմաները ֆինանսավորելիս եւ դրանց արդյունքները գնահատելիս հաշվի չեն առնվում ՀՀ պաշտպանության, էկոնոմիկայի եւ ԲՏԱ նախարարությունների կարծիքները:
6. Եթե ֆինանսավորվող թեմաների արդյունքները գնահատելիս հաշվի է առնվում ընդամենը տպագրված նյութերի առկայությունը միջազգային գիտական մամուլում, որն ընդամենը մեխանիկական աշխատանք է, ի՞նչ կարիք կա պահել Գիտկոմի ներկայիս հսկա ապարատը: Չէ՞ որ նախկինում այս աշխատանքները հեշտությամբ կատարվում էին կրթության եւ գիտության նախարարության 1-2 աշխատակցի օգնությամբ:
Այսպիսի իրավիճակում տեղին է հիշել հայ մեծ բանաստեղծ Ռ. Պատկանյանի ստեղծագործությունը․
Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես.
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։
Միայն քառյակի վերջին տողը պետք է կարդալ հետեւյալ կերպ՝ փոփոխելով միայն մեկ բառ՝
Թըքել ենք քու ալ, ԳԻՏՈՒԹՅԱՆԴ ալ վըրան:
Սակայն ո՞վ է ղեկավարում Գիտության կոմիտեն: Նա Հայոցյան Սարգիսն է:

Տեղյակ պահեմ ընթերցողին, որ իմ որոնումների արդյունքում ճշտեցի, որ մինչեւ 1988-ը այսպիսի ազգանուն Հայաստանում չի եղել: Եվ, ընդհանրապես, հայկական ազգանունները ածական խոսքի մասով չեն լինում: Առաջին անգամ այդ ազգանունն ինձ հանդիպեց Հայոց համազգային շարժման հայտնի գործիչ Վարդգես (Վահագն) Հայոցյանի մոտ, Գիտության կոմիտեի ղեկավարը Վարդգես Հայոցյանի եղբորորդին է: Իսկ ՀՀՇ-ի դերը Հայաստանի քայքայման գործում ակնհայտ է: Նրա եղբորորդին էլ, կարծես, շարունակում է նույն գործը գիտության ասպարեզում:

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր