Կարծում ենք, որ ունենալու ենք խախտում արձանագրող վճիռ․ Ս․ Սահակյան

Կարծում ենք, որ ունենալու ենք խախտում արձանագրող վճիռ․ Ս․ Սահակյան

2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովում 89 կողմ ձայնով ընդունվել էր օրինագիծ, համաձայն որի՝ հունիսի 26-ին դադարեցվել էին ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի (նաև ՍԴ փոխնախագահն էր) լիազորությունները։

Նույն այս օրինագծով դադարցվել էր Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում, և նա մնացել էր ուղղակի ՍԴ դատավոր։

Իրավաբանական հանրույթը, քաղաքական գործիչների զգալի մասն «իմքայլականների» շրջանակների այս քայլը որակել էր ապօրինի, իսկ Թովմասյանը, Նազարյանը, Թոխյանը և Գյուլումյանն ընդհանուր հայցով մի քանի օր անց դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։  

Արդեն երկար ժամանակ է անցել, և «Հրապարակը» ՄԻԵԴ-ում նրանց ներկայացուցիչ, Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, թե այս գործով ի՞նչ զարգացումներ կան։

«Գործը գտնվում է կոմունիկացիայի փուլում: Եվրոպական դատարանը գործի քննությանն առաջնահերթություն է տվել։ Այս պահին ժամկետ է հատկացրել կառավարությանը մինչև ապրիլ, որպեսզի ներկայացնի գանգատի առնչությամբ իր դիրքորոշումը։ Մենք վիճաբանության փուլում ենք, և գործն արդեն իսկ քննարկվում է դատարանի կողմից», - ասաց Սահակյանը։

Դատավորները նաև միջանկյալ միջոց կիրառելու համար էին դիմել, որպեսզի շարունակեին պաշտոնավարել մինչ ՄԻԵԴ վերջնական վճիռը, սակայն դատարանը մերժել էր այն։ «Մենք միջանկյալ միջոցի խնդրով դիմել էինք, որպեսզի դատարանը կասեցներ որոշ պրոցեսներ։ Բայց պահպանողական դիրքերից հանդես գալով՝ մերժել էր միջանկյալ միջոցի կիրառությունը, քանի որ դա մեծամասամբ կիրառում է կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի կոնտեքստում։ Եվ արդար դատաքննության առումով դատարանի պրակտիկան վերափոխվելու, ընդլայնվելու կարիք ունի, այսինքն՝ այս մասով դատարանը միջանկյալ միջոց չէր կիրառել։ Բայց նաև հաշվի առնելով հարցի լրջությունը և հետագայում որոշակի բարդությունները՝ դատարանն առաջնահերթություն էր տվել գործի քննությանը։ Ինչը նշանակում է, որ մենք վճիռ կարող ենք ակնկալել ավելի սեղմ ժամկետներում, քան՝ մնացյալ գործերի դեպքում։ Այսինքն՝ դատարանը կրճատված ժամկետներում է գործը քննարկելու և լուծելու», - նշեց իրավաբանը։ 

- Ի՞նչ հույսեր ունեք վճռի հետ կապված, մոտավորապես ի՞նչ բովանդակությամբ վճիռ կլինի։

- Կարծում ենք, որ մեր կողմից բարձրաձայնված իրավունքի խախտումներով ունենալու ենք խախտում արձանագրող վճիռ։ Իսկ հարցերը բազմազան են՝ սկսած արդար դատաքննության իրավունքից, որովհետև արդարադատության իրավունքը մերժվել է, [իշխանական շրջանակները] միջամտել են [ՍԴ դատավորների] հեղինակությանը և մասնագիտական գործունեությանը։ Նաև այս բոլոր գործընթացներն ունեցել են քաղաքական դրդապատճառներ: Եվ, իհարկե, առնչություն կա խտրականության և սեփականության իրավունքի պաշտպանության հետ։ Մենք վստահություն ունենք, որ մեր բարձրաձայնած խնդիրներով դատարանը խախտում արձանագրող վճիռ է կայացնելու։

- Հնարավո՞ր է, որ իրենք վերականգնվեն իրենց պաշտոններում, իսկ նշանակվածները հեռացվեն։

- Ցանկացած վճռի գոյություն ենթադրում է, վճռի հիման վրա նախկին դրության վերականգնում կլինի։ Այս պարագայում նախկին դրության վերականգնումը նշանակում է, որ պետք է վերականգնվեն դատական պաշտոնում և շարունակեն պաշտոնավարել Սահմանադրական դատարանի դատավոր կամ դատարանի նախագահ։  «Ինչպե՞ս պետությունը կիրականացնի», «ի՞նչ միջոցներ կնախատեսվեն», «ինչպե՞ս [Եվրոպայի խորհրդի] Նախարարների կոմիտեն կվերահսկի», սրանք ապագայի հարցեր են։ Վճիռների կատարման մեխանիզմներ կան, և դրանք ես համարում եմ գործուն։

- Վճիռը նաև ենթադրո՞ւմ է գումարային փոխհատուցում։

-  Այո, նաև մենք կարող ենք վնասների հաշվարկման հատուցում ներառել ապօրինի կերպով պաշտոնավարումը դադարեցրած ժամանակահատվածի կրած վնասների համար՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական։

- Իսկ միջազգային փորձում հանդիպե՞լ եք այսպիսի դեպքի։

- Իհարկե, մենք բազմիցս խոսել ենք «Բական ընդդեմ Հունգարիայի», «Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի» գործերի մասին։ Եվ, իհարկե, դրանք առաջատար գործեր են, բայց Եվրոպական դատարանի պրակտիկայում կան մեկ տասնյակին մոտ գործեր, որոնք համանման խնդիրների են առնչվում։ Եվ մենք նաև Դատարանի դիրքորոշումներն ենք հաշվի առնում գործը հաղթելու շանսերը գնահատելիս։ Դատական պրակտիկան խոսում է դատավորների անկախության պաշտպանվածության օգտին։

- Այսինքն՝ հայցը ներկայացնելիս նաև ա՞յս նախադեպերն եք նշել։

- Բնականաբար, մենք նաև հիշատակել ենք Դատարանի կողմից նախկինում քննված գործերը։