Վատ ղեկավարը

Վատ ղեկավարը

Ամենավատ ղեկավարը սեփական քմահաճույքով, ճաշակով ու ամբիցիաներով կառավարող ղեկավարն է: Երբ հիմնարկի, պետության, հանրության շահը դառնում է անկարեւոր, եւ առաջին պլան են գալիս ղեկավարի էմոցիաները, հին ու նոր նեղացածությունները, հակակրանքն ու համակրանքը, այսինքն` սուբյեկտիվ հանգամանքներ: Երբ ոչ թե աշխատանքն ու արդյունքն են կարեւորվում, այլ իր սիրելի տգետների բարեկեցությունը, մերձավորների անհեթեթ նախաձեռնությունները, իրեն քննադատած անձանց պատժելը: Երբ գործը տապալած ապուշը կարող է պաշտոնի բարձրացում ունենալ, որովհետեւ ստրուկի հոգի ունի եւ շեֆին ծառայելու եռանդ, իսկ ըմբոստ մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են ու փորձառու, գործազուրկ դառնան, որովհետեւ շեֆը նմաններին չի սիրում, այլ սիրում է հնազանդներին ու հավատարիմներին: Հենց այս չափանիշներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը: Կադրային նման դեֆիցիտի պայմաններում ոչ մի օտար անձ, իր գաղափարներն ու հայացքները չկիսող մարդ չի հայտնվում որեւէ օղակում: Որեւէ մեկը, որ երբեւէ քննադատական խոսք է ասել իր իշխանության հասցեին` անգամ փոքր ու միջին մակարդակի պաշտոնի, կարգավիճակի չի կարող հավակնել:

Տոտալ գրաքննության տակ, խոշորացույցով հսկում են պաշտոնյաների, նրանց ազգուտակերի, պետական կառույցների հետ որեւիցե առնչություն ունեցողների վարքն ու բարքը: Երկրի վարչապետն այցելում է իրեն հավատարիմ ՔՊ-ականների համայնքներ, ֆինանսավորում է իր յուրայիններին, խրախուսում է իր հրահանգները կատարողներին: Անգամ եկեղեցի գնալուց առաջնորդվում է իր համակրանք-հակակրանքներով` Հայաստանում եկեղեցի չի գնում, Հայ առաքելական եկեղեցու կարեւոր իրադարձություններին չի մասնակցում, բայց գնում է Տալլին եւ այցելում մի հոգեւորականի, որը հայտնի է իր ՔՊ-ական հայացքներով: