Այսօր տեղի ունեցողը Եռաբլուրում տեղի ունեցածի շարունակությունն է

Այսօր տեղի ունեցողը Եռաբլուրում տեղի ունեցածի շարունակությունն է

«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Նելլի Խերանյանն է:

- Վերջին շրջանում մեզանում շատ բան է, կարծես, փոխվել: Օրինակ` այժմ բոլորը քննարկում են զոհվածի մորը կալանավորելու հարցը: Շատերն այդ կնոջն անգամ հայհոյում ու մեղադրում են…. ինչպիսի՞ իրականության մեջ ենք ապրում այսօր:

- Էլի մենք ենք, երևի մենք միշտ ենք այսպիսին եղել, երևի թե այպիսի իրավիճակներն են քիչ եղել, կամ հիստերիան ու էս խենթանոցն էս վիճակում չի եղել, բայց սա մենք ենք` ուզենք, թե չուզենք: Խենթանոց է սա, չեմ կարողանում անգամ անուն տալ այս ամենին: Սա մի խենթանոց է, որտեղ մարդիկ տառապում են տարբեր հիվանդություններով: Հիվանդություններն ու շեղումները տարբեր են, հիվանդ հասարակություն ենք: Ավելի պառակտված ու բարոյալքված հասարակություն պատկերացնել հնարավոր չէ:

- Ի՞նչ բարոյական գնահատական կտաք զոհվածի ծնողի հետ նման կերպ վարվելուն:

- Այդ մեդալն ունի երկու երես: Խորը չեմ կարող մեկնաբանել, բարոյական կողմից կարող եմ ասել, որ չէր կարելի այդ կնոջը կալանավորել: Կարելի էր գործին իրավական ընթացք տալ, սակայն այդպես վարվել չէր կարելի: Տիկինը ոչ մի տեղ չէր փախչելու, այնպես որ կարող էր մնալ ազատության մեջ: Եռաբլուրում ծնողների հետ այդպես վարվելուց հետո, ոչ մի բանից չեմ զարմանում: Այսօր տեղի ունեցողը Եռաբլուրում տեղի ունեցածի շարունակությունն է: Փսորվել ենք, մեզ հետ ինչ-որ լուրջ բան է կատարվում, կամ գուցե կատարված է եղել, սակայն նոր է ջրի երես բարձրացել: Հատկապես կանանց հետ է ինչ-որ բան է կատարվում: Վստահ եմ, որ իմ հարցազրույցի տակ ինձ հայհոյելու են կանայք` բոլորից ավելի ագրեսիվ ու չարացած: Չեմ հասկանում ինչ ագրեսիա է դա, ինչից է առաջացել: Այդ ինչ անսահման սեր ու ատելություն է հայ կնոջ մեջ ծնվել` իշխանության հանդեպ: Իշխանություններին պետք չէ ոչ սիրել, ոչ էլ ատել, իշխանությունը դրա համար չէ, ամեն իշխանություն գալիս է ժողովրդին ծառայելու: Պետք է միայն պահանջել, պահանջել, որպեսզի լուծվի անվտանգության հարցը:

- Դժվար չէ՞ այս իրականության մեջ ապրել:

- Դժվար չէ, պարզապես չես հասկանում ոնց ես ինքնահոսով գնում: Շոկ է ուղղակի: Կրկեսի ենք վերածվել: Գիտե՞ք դա ինչից է գալիս: Ժողովրդի հետ, ոչ նախկինում, ոչ էլ հիմա ոչ մեկը մարդավարի չխոսեց, չբացատրեց, ոչինչ չարեց: Արդյունքում դարձանք մեծ խենթանոց: Առավոտյան արթնանում եմ, սարսափով փորձում եմ հասկանալ ինչ է կատարվում սահմանում: Քաղաքական կռիվներն արդեն էլ վաղուց հետաքրքիր չեն: Շշերով են իրար ծեծում, չգիտես ինչ են անում, բայց էլ ոչ մեկին ոչ մի բան չի հետաքրքրում` սահմանից բացի:

- Ձեր գործընկեր դերասաններից շատերն ինչո՞ւ են այդքան անտարբեր դարձել: Չե՞ք փորձել այդ հարցի պատասխանը գտնել:

- Անտարբեր չեն, պարզապես չեն բարձրաձայնում: Ներքին խոսակցությունների ժամանակ դու տեսնում ես, որ մարդիկ անտարբեր չեն, ուղղակի չեն խոսում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: