Վարչապետի խորհրդականը 10 փոխնախարարի է ղեկավարելու

Վարչապետի խորհրդականը 10 փոխնախարարի է ղեկավարելու

2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի եւ առեւտրի 2020-2040 թթ․ ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլեւ վիրավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ  խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել եւ համակարգել նրանց աշխատանքը։

Այսօր արդեն պարզ է, որ այս կառավարությունում դա սովորական բան է․ Նիկոլ Փաշինյանն էլ 2021 թ․ հունվարի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծել՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ ՌԴ նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով։

Խմբում ներկայացված են ավելի քան մեկ տասնյակ կառույցների ղեկավարների տեղակալներ, որոնց կառավարելու է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Այս պարագայում եւս գործ ունենք նույն անհեթեթության հետ, որովհետեւ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել։ Այս խմբում ընդգրկված է նաեւ վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնյա, ով 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղվեց Սյունիք, բայց թե ինչու, ինչ արեց կամ ինչ չհասցրեց անել՝ մնաց անհայտ։ Ստացվում է՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբում վարչապետի խորհրդականը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականին, մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ո՞վ է Ռոբերտ Ղուկասյանը։

Մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը աշխատել է Կալավանի, ապա՝ Ճամբարակի համայնքապետարաններում, եղել է համայնքապետի խորհրդական եւ մի մեծ թռիչքով հայտնվել է կառավարությունում՝ «հպարտ» Հայաստանում նշանակվելով վարչապետի խորհրդական։ Ղուկասյանը «ճանաչում» ձեռք բերեց 2020 թ․ դեկտեմբերի 19-ի «Սգո երթից» հետո, երբ տեսանյութերում ճանաչեցին նրան ծեծկռտուքի մասնակիցների մեջ․ Նիկոլ Փաշինյանին մերժող քաղաքացիներից մեկին էին ծեծի ենթարկել։ Թեեւ Ղուկասյանը հետո հերքեց իր մասնակցությունը։ Ինչ վերաբերում է Սյունիքի աշխատանքային խմբին․ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն, վարչապետն իրավասու է կազմակերպելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին։ Ստացվում է՝ Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե օրենքով եւ տրամաբանությամբ, այլ՝ սեփական քմահաճույքով։