«Եվրոպացիները հանուն Արցախի»․ հանրահավաքներ կլինեն

«Եվրոպացիները հանուն Արցախի»․ հանրահավաքներ կլինեն

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը կազմակերպում է միջոցառումների շարք՝ հաջակցություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչությանը։  Միջոցառումներն անցկացվելու են հունվարի 27-ին և 28-ին`եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում:

Միջոցառումները նախատեսված են Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր ակցիաների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝
1. Հստակ և աներկբա կերպով դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ։
2. Սահմանել անհատական թիրախային պատժամիջոցներ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, որը ներգրավված է եղել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-ի հարձակման և Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։
3. Կիրառել բոլոր հասանելի լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին, ռազմագերիներին, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր, ինչպես նաև ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջերին առևանգված Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարներին։ 
4. Նպաստել անվտանգության միջազգային շոշափելի երաշխիքների հաստատմանը` հնարավորություն տալով Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը օգտվելու սեփական հայրենիք վերադառնալու իր անօտարելի իրավունքից, ինչպես նաև տրամադրելով Արցախին/Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ և աջակցելով այդ իրավունքին։
5. Արդյունավետորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած միջոց և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողություն։
6. Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից /Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված հայ բնակչության հոսքը կառավարելու համար:
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք europeansforartsakh.eu կայք։

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական համագործակցային հարթակ/շարժում է, որը միավորում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրներում գործող հայ համայնքի ներկայացուցչական մարմինները։ 
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրամիության ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ բնակչությանն աջակցելու նպատակով։ Նամակը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական ասոցիացիաներ։

Հարթակի առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին՝ աջակցելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հիմնարար իրավունքներին՝ միևնույն ժամանակ բարձրացնելու այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում: