Գիրս մնա հիշատակող

Գիրս մնա հիշատակող

Փաշինյանը որքան էլ խոսի մեր երկրի տնտեսական հաջողությունների մասին (2019թ. տնտեսական տարին գնահատել է «փայլուն», իսկ 2020-ին 8-9 տոկոս աճ է կանխագուշակել), միեւնույն է, անվտանգության առումով Հայաստանի ձախողումներն այնքան շատ են, որ ոչ մի տնտեսական առաջընթաց չի կարող դրանք փոխհատուցել: Նաեւ հարց է, թե որքանով են հավաստի Փաշինյանի արձանագրած տնտեսական հաջողություններն ու այն թվերը, որ նա հրապարակում է Ֆեյսբուքում: Լուրջ մարդիկ կա՛մ խանդավառված չեն այդ թվերով, կա՛մ պարզապես հարկ չեն համարում անիմաստ եւ վտանգավոր բանավեճ սկսել Փաշինյանի հետ:

«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետը եւ հավելել։- Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ Փաշինյանը դիմել է պարզ մանիպուլյացիայի: Եթե անհուսալի պողոս չես դեռ, ապա կհասկանաս, որ «գյուղատնտեսությունը դուրս բերել ռեցեսիոն փուլից» արտահայտությունը նշանակում է մեր տնտեսության առյուծի բաժինը (Հայաստանը, վերջին հաշվով, գյուղատնտեսական երկիր է) փրկել կործանումից կամ, առնվազն, կասեցնել այդ հատվածի ռեցեսիան՝ աստիճանական ետաճը: Այսինքն՝ Փաշինյանն ընդունում է, որ 2019-ին գյուղատնտեսության ոլորտում առկա է եղել ետաճ: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞վ էր «փայլուն» 2019 թվականը:

Երբ իշխանությունների աչքն ես մտցնում տնտեսական անկումների մասին վկայող թվերը, անմիջապես մատնացույց են անում հավաքագրված հարկերը, որոնց ծավալները նկատելիորեն մեծ են նախկինից: Հավաքագրված տրիլիոններից, սակայն, կլորանում են բացառապես պողոսների աչքերը, որովհետեւ մասնագետները գիտեն, որ շատ հարկ հավաքելը դեռեւս տնտեսական աճի ցուցիչ չէ: Ավելին, հարկային բեռի թեթեւացմամբ կարելի է ոչ միայն տնտեսությունը դուրս բերել ռեցեսիայից, այլեւ ապահովել լրացուցիչ ներդրումներ եւ զարգացնել այն: Բերեմ Բաթումի օրինակը, թե ինչպես խորհրդային «ճարտարապետության գոհարների» մեջ կորած այդ քաղաքը մեր աչքի առջեւ երկրորդ շնչառություն ստացավ եւ վերածվեց գերժամանակակից ծովափնյա քաղաքի: Իսկ պատճառն էլ այն էր, որ ներդրողներին 10 տարով ազատեցին հարկերից: Մտադի՞ր է Փաշինյանը մեր գյուղոլորտն ազատել հարկերից, թեթեւացնել ֆերմերների հարկային բեռը, կազմակերպել հողերի ջրարբիացումը, հողից փախչող գյուղացուն կրկին կապել հողի հետ, անտոկոս վարկեր գտնել գյուղատնտեսության համար՝ չմոռանալով, իհարկե, արդյունաբերության խնդիրները:

Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ Փաշինյանն ինչքան ժամանակ է՝ իր ճարտասանական արվեստը զուր տեղը վատնում է տնտեսագիտական թեմաներով գրառումնեի վրա: Ի վերջո, երկրում կան համապատասխան ծառայություններ, որոնք կոչված են ինչպես տնտեսական ցուցանիշներն արձանագրելու, այնպես էլ դրանք վերլուծելու եւ հանրությանը ներկայացնելու: Չգիտեմ, արժե՞ այդ կազմակերպություններից յուրացնել նրանց՝ թերեւս միակ պարտականությունը: Եվ, այնուամենայնիվ, եթե Փաշինյանը որոշել է անձամբ մեզ համոզել, որ Հայաստանում 2018-2019 թվականներին տնտեսական հրաշքներ են տեղի ունեցել, ապա նա պարտավոր է կա՛մ մասնագիտական հաշվարկներ ներկայացնել, կա՛մ էլ կառավարության քահանայից մի թուղթ բերել, որ ինքն ու իր թիմն ասում են ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ ճշմարտությունից բացի:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են Փաշինյանի տնտեսագիտական խիզախումներն ազդում մեր երկրի անվտանգության համակարգի վրա: Թվում է՝ երկրի տնտեսական տխուր վիճակը կլանում է վարչապետի ողջ աշխատաժամանակը, ու նա չի հասցնում ինչպես հարկն է զբաղվել անվտանգության հարցերով: Փառք Աստծո, մենք ունենք նաեւ անվտանգության ծառայություններ, պաշտպանության համակարգեր, որոնք գործում են ինչպես վարչապետի զբաղված, այնպես էլ ազատ ժամերին, բայց դա չի նշանակում, որ վարչապետը պետք է փախչի անվտանգության խնդիրներից: Երբ խոսեցնում ես, Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ նիստն է հիշում… Իսկ հետո՞: Իսկ հետո ՀՀ արտգործնախարարը գնում է Ժնեւ՝ բանակցությունների, եւ հավանություն տալիս հայ եւ ադրբեջանական համակեցության դավադիր ծրագրին, որ ենթադրում է մեկ բան՝ Արցախն ադրբեջանցիներով լցնել, այսինքն՝ վերադարձնել 80-ական թվականներ: 

Բոլոր կողմերից սկսել են քանդել Հայոց բանակը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, երկրի իրավական համակարգը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, նկատի ունենալով Ուկրաինայում ընթացող նմանատիպ գործընթացներն ու այդ երկրի շոումեն ղեկավարի մակարդակը, ասել է, որ Ուկրաինան կմասնատվի: Վարդերի հեղափոխության եւ Մայդանի մասնագետ Սահակաշվիլուն չհավատալու հիմքեր չկան, քանզի հայտնի է, որ պետությունները ոչնչանում են իրենց ողնաշարը կորցնելուց հետո: Հայաստանում մեզ այսօր թիվ են հրամցնում, որ Հայոց բանակին վստահում է բնակչության 89 տոկոսը միայն: Շատ ներողություն՝ իսկ ո՞ւմ է վստահում ՀՀ բնակչության 11 տոկոսը, որի մասին մինչ թավշյա դեպքերը ոչինչ չգիտեինք:
2 օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միայնակ էր մնացել բանակում սպանված զինվորի դին Երեւան բերող ծնողների, հարազատների, համագյուղացիների առաջ: Ինչո՞ւ կրկին բանը հասավ դրան, չէ՞ որ մենք արդեն մեկ անգամ, Սեյրան Օհանյանի ժամանակ, տեսել էինք այդ ցավալի տեսարանը: Բան չի՞ փոխվել բանակում, անցյալից դասեր չե՞նք առնում, չե՞նք հասկանում, որ բանակն այսպես բարոյալքելով՝ բարոյալքում ենք նաեւ ողջ հասարակությունը: Իսկ գուցե բանակը ՀՀ վարչապետի, իսկ տեղն էկած տեղը՝ գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում է այնքանով, որքանո՞վ: Այլապես ինչո՞ւ պետք է պաշտոնական աղբյուրներն ու պաշտպանության նախարարը տրամագծորեն հակառակ «տեսակետ» հայտնեին զինվորի մահվան առնչությամբ: Էլի մի այլանդակություն, ու Դավիթ Տոնոյանը, գուցե, հրաժարական տա: Ո՞ւմ է դա ձեռնտու… Պարզ է, չէ՞, որ մեր գլխին խաղ են խաղում, թուլացնում են մեզ… Իսկ ո՞ւր է վարչապետը…

Վարչապետը տեղում չէ, բայց տարածքում է, այսինքն՝ Ֆեյսբուքում, որտեղ, հավանաբար, իր հերթական գրառման վրա է ճգնում, որը, հաստատապես, այս մասին չի լինելու: Նա կարող է ընդհուպ գրել. «Մեր առջեւ հերթական «փայլուն» տարին է, ու պետք է բոլորով աշխատենք, որ ոչ միայն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը նշանակվի մարզպետարանի գլխավոր քարտուղար, այլեւ մեր աներձագները դառնան քաղաքական գործիչ…»: