Ձեռք բերեք այդ զենքը, դրանո՛վ ենք հաղթելու․․․

 Ձեռք բերեք այդ զենքը, դրանո՛վ ենք հաղթելու․․․

Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ Կապանում հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մի բան կուզեի ասել․ 80-ականների զենքը եղել է Բանակի ոգին։ 80-ականների զենքը եղել է մեր ժողովրդի միասնականությունը։ Դրանից զորեղ զենք աշխարհում չկա։ Ու այն, ինչ ձեռք է բերվել, դրանով պատերազմ ենք հաղթել՝ Բանակի ոգով, միասնականությամբ ու այդ զենքով։ Արցախյան պատերազմ։ Այդ զենքը ոսկու արժեք ունի, ամենաթանկ զենքն է, որ աշխարհում կա, որովհետև այն ձեռք է բերվել մեր ժողովրդի զոհողությամբ։

Ում համար ամոթալի էջ է դա, ում համար ոսկե էջ։ Ինչքան էլ հզոր զենք ձեռք բերվի, ամենամեծ զենքը ոգին է՝  ոգուց ուժեղ զենք չկա։ Արցախյան պատերազմի օրերին ոչ մեկը, թեկուզ նախագահը,  չէր համարձակվի ասել՝ պետությունը, կառավարությունը այս արեց, այն արեց։ Ասում էին՝ ժողովուրդը արեց, ժողովուրդը հաղթեց։

Իսկ հիմա՞․․․ Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը։ Նման բաներ լսելուց մի ողջ հաղթանակ է ստվերվում, մի ողջ ժողովուրդ է ստվերվում ու տեսնում եմ բյուրեղապակու պես փշրված ժողովուրդ՝ սև ու սպիտակ, ու մեկուկես տարվա կառավարություն, որն իր վրա է վերցնում բոլոր նախորդների սպառազինության գծով արված շուքը․․․

Այդ զենքը ոչինչ անել չի կարող, երբ ոգին, թնդանոթը չաշխատեց․․․ Բոլոր կառավարությունների զենքը միասնական ժողովուրդն է, իսկ Հայաստանն այսօր այդ զենքին չի տիրապետում, ձեռք բերեք այդ զենքը, դրանով ենք հաղթելու։