Գրականության ու օնլայն տեքստի սահմանին

Գրականության ու օնլայն տեքստի սահմանին

Արվեստին ու գրականությանը սովորեցնելու, դաստիարակելու գործառույթ տրվել է նախկինում եւ շարունակվում է տրվել նաեւ այսօր: Անվանի արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը Թատերական ինստիտուտում կարդացած իր դասախոսությունների ընթացքում, ինչպես նաեւ գրավոր տեքստերում այս հարցի առնչությամբ հետեւյալ սահմանումն է տվել. «Արվեստի նպատակն ինքնին հենց իր մեջ է, ոչ թե իրենից դուրս: Արվեստն արվեստի համար է, ինչպես կյանքը` կյանքի համար»:  

Արվեստաբանական ու գրականագիտական գեղեցիկ սահմանումներով չմտահոգվող հանրությունը շարունակում է սեփական պատկերացումներն ունենալ գրականության նպատակի մասին: Հայ իրականության մեջ սովորաբար համարվել է, որ գրականությունը պիտի  կրթի, ավելին` արժեքներ քարոզի: Եվ եթե ուզում ենք պարզել, թե երիտասարդ ընթերցողական շրջանակներն ինչ են ուզում ստանալ գրականությունից, պիտի քննենք այն տեքստերը, որոնք տարածում ու կարդում են սոցիալական կայքերում: Շատերը կարող են հիշել բանաստեղծի որեւէ գործ միայն նրա ծննդյան, լավագույն դեպքում` մահվան օրերին, եւ ծանոթ լինել միայն իրենց իսկ առանձնացրած հատվածին: Պարզ է, որ կարող են խորապես ծանոթ չլինել, եթե «copy and paste» են արել:  

Օնլայն հանրության շատ ավելի մեծ շերտ կարդում ու տարածում է գեղեցիկ, ականջահաճո տեքստեր սիրո ու կյանքի իմաստի, մի օր անպայման հաղթելու մասին, որոնք ընդամենը շոյում են մարդու ես-ը: Այդ ոճի տեքստերի հեղինակները հիմնականում բլոգերներ են, ովքեր գիտեն մարկետինգային կանոններ, հաճախ հենց իրենք իրենց գեղեցկահամ տեքստին չեն հավատում, բայց տարածում են, որովհետեւ հանրությանը դա է հաճելի: Սա թվում է բնական ու նորմալ, երբ սահմանափակվում է իր տիրույթում, բայց խնդիրն այն է, որ հանրությունը գեղարվեստական գրականությունից նույնպես սկսել է պահանջել՝ լինել դյուրամարս եւ պարզունակորեն հաճելի: 

Գրականությանը սահմանումներ տալն անիմաստ է ու բարդ, սակայն հստակ է, որ իսկական գրականությունը սովորաբար չի ընդունում օնլայն տեքստերին հատուկ, ընթերցողի միտքը շոյող ու հրամայական նախադասություններ, մոտավորապես այսպես` «դու կարող ես, ապրիր, սիրիր եւ այլն»: Գրականությունը պատմում է, չի սովորեցնում, թե ինչպես ապրել, հաճախ չի հուսադրում, լինում է դառնահամ: Եթե օնլայն իրականությունում շրջանառվող տեքստերում կան իդեալական օրեր, երբ դու վճռես ու սկսես հրաշալի ապրել, ապա գրականությունը, այս դեպքում Ջորջ Օրուելի անունից ասում է. «…կյանքը վայրկյան առ վայրկյան վերածվում է պայքարի՝  սովի կամ ցրտի ու անքնության, ստամոքսի այրոցի կամ ցավող ատամի դեմ»: Եվ եթե իսկական գրականությունը զգացմունքային, գեղեցիկ ու անգամ հրամայական նախադասություններով լի է, լինում է Սարոյանի պես բնական ու իսկական. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը»:

Այս հարցերի մասին մտածելիս հիշեցի Մարկեսի հրաժեշտի կեղծ նամակը, որը շատ երկար ժամանակ համացանցում տարածվում էր ու դեռ շարունակում է տարածվել՝ որպես գրողի վերջին խոսք: Այդ կեղծ նամակը տարածում էին մարդիկ, ովքեր հնարավոր է` երբեք չէին կարդացել նրա վեպերը: Շատերը տարածում էին, որովհետեւ կարծում էին, թե Մարկեսն էր գրել, եւ եթե իմանային, որ հեղինակն իսպանալեզու քիչ հայտնի գրող է, հավանաբար, պատիվ չէին համարի տարածել այն: Հետաքրքիր է, որ այդպիսի բան եղել է հենց Մարկեսի գրած մի նյութի հետ. նավաստու հետ արած մի հարցազրույց գրողը շարադրել է ու հրապարակել նավաստու անունից, բայց նյութը լայնորեն չի տարածվել. «Քսան տարի հետո միայն այն վերահրատարակվեց, եւ մարդիկ բացահայտեցին, որ ես եմ այն գրել: Ոչ մի խմբագիր չէր նկատել, որ այն լավն էր, մինչեւ ես չգրեցի «Հարյուր տարվա մենությունը»»,- հարցազրույցներից մեկում պատմել է գրողը:

Շատ ավելի մեծ խումբ տարածում էր Մարկեսին սխալմամբ վերագրվող սենտիմենտալ տեքստը, քանի որ այն բավականին պարզունակորեն պատմում էր կարեւոր արժեքների մասին. «Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդու իմ սիրո մեջ եւ կապրեի` սիրահարված… սիրուն»: Ինքը՝ Մարկեսը, երբեք ուղիղ տեքստով չի հերքել, որ հեղինակն ինքն է: Ենթադրաբար կարծել է, թե իր գրականությունը ճանաչողները կկարողանան տարբերել իր ոճը: Բնականաբար, Մարկեսը տարբեր ոճերով գրել է սիրո մասին, բայց չի գրել նայիվ եւ մարդկանց ականջներին հաճելի տեքստեր:  

Բարդ է արվեստի ու գրականության նպատակները քննելը, ավելի բարդ է գնահատել նոր վիրտուալ իրականության ազդեցությունը դրանց վրա: Մի բան ակնհայտ է, որ շուկան գրավելու նպատակներով գրված բլոգային տեքստերը, գրառումները պիտի սահմանափակվեն իրենց տիրույթում ու չպիտի ազդեն գեղարվեստական գրականության ու դրա իրական նպատակների վրա, որովհետեւ գրականությունը պիտի մնա իսկական. իրականության ու առեղծվածայինի սահմաններում գլխապտույտ առաջացնող, ինչպես Մարկեսի պարագայում, մութ ու դառը` Օրուելի դեպքում, եւ բնականորեն սիրուն ու լուսավոր` Սարոյանի:

Լիլիթ Երանյան 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ