Պատճառն ու հետեւանքը

Պատճառն ու հետեւանքը

Շատ քիչ մարդիկ են կարողանում երեւույթների պատճառահետեւանքային կապը զգալ եւ վատ հետեւանքի, խոտոր ընթացքի պատճառով չմերժել բուն երեւույթը: Շատ տարիներ առաջ, երբ սկսվեցին մութ ու ցուրտ տարիները, բազում դժվարություններ, սոցիալական խնդիրներ ծառացան մեր ժողովրդի առաջ, մարդիկ համատարած սկսեցին մերժել եւ անգամ ատել անկախությունը՝ դա համարելով իրենց դժբախտությունների պատճառը: Արցախի համար երկարատեւ պայքարը, մեր զոհերն ու կորուստները ոմանց ստիպեցին մերժել ոչ թե ապաշնորհ իշխանություններին, որոնք չկարողացան հարցը լուծել հայի օգտին, այլ՝ բուն Արցախն ու արցախցիներին: 2018-ին իրականացված իշխանափոխության հետեւանքով իշխանության եկածների սխալների պատճառով մեր հանրությունը սկսեց մերժել փողոցային պայքարը եւ իշխանափոխության այդ տեսակը:

Հիմա արդեն աբսուրդի հասնող պնդումներ ենք լսում ամեն օր: Օրինակ, խելացի ու գրագետ մարդը կարող է ասել` մեր տունը հասարակական կազմակերպությունները, բնապահպանները, մայրենի լեզվի համար պայքարողները քանդեցին, դրանց պետք էր արգելել, կազմակերպությունները փակել, ցույց անողներին ջարդել: Կամ` ազատ խո՛սքը բերեց հասցրեց այսօրվան, մեզ Ստալին է պետք, որ գա, բոլոր լրատվամիջոցները փակի, էս դեմոկրատիան վերացնի: Իսկ ընտրական համակարգերի չգործելը, դրանց արդյունքում վատ, ապաշնորհ իշխանությունների ձեւավորումը հասցրին նրան, որ մարդիկ սկսեցին մերժել բուն ընտրությունները` բնակչության 50-60 տոկոսը սկսեց չմասնակցել քվեարկությանը՝ չցանկանալով մաս կազմել վատ իշխանությունների ձեւավորմանը, իսկ հետագայում հիասթափվել եւ մեղքի զգացում ունենալ, որ վատ ընտրություն է կատարել: Ի վերջո, այս նիհիլիզմն ու համընդհանուր մերժման մթնոլորտը հանրային կապերի ու արժեքների քայքայման հանգեցրին: