Սյուզի Բադոյանը կարող է գնալ ԱԺ. դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել

Սյուզի Բադոյանը կարող է գնալ ԱԺ. դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել

Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել` թույլ տալով, որպեսզի լրագրողը գնա ԱԺ եւ լուսաբանի այնտեղի աշխատանքները։ 

Նշենք, որ կայքը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի` հավատարմագրումը վերականգնելու պահանջով։

Լրագրողը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք 4 հայտ էին ներկայացրել Ազգային ժողով, այդ թվում՝ օպերատորների, եւ բացառության էին արել միայն իրեն՝ չհավատարմագրելով․ «Միշտ ուղարկում էին ինչ-որ ստանդարտ պատասխաններ, թե իբր ես բան եմ խախտել, բայց չէին կարողանում ասել՝ ինչ։ Հայկ Սարգսյանի հետ միջադեպից առաջ նախազգուշացում էի ստացել եւ ես կոնկրետ այդ թելերը գիտեմ ում հետ եմ կապում։ Եւ «Շիշ բռնողը» դարձավ շատ հարմար միջոց, իրականում շատ ջանում էր էս ուղղությամբ, իմ կարծիքով, քաղաքական թիմը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմը տարվա սկզբին հրաժարվել էր հավատարմագրել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանի վեցերորդ նստաշրջանի աշխատանքը լուսաբանելու համար։  Yerevan.today-ի խմբագիրը մերժումը կապում էր 2020թ. հունվարի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ: 

Այդ միջադեպից հետո ԱԺ աշխատակազմը նամակով դիմել է Yerevan.today-ի խմբագրություն` պահանջելով Սյուզի Բադոյանին փոխարինել մեկ այլ լրագրողով։ Խմբագրությունը չէր կատարել այդ պահանջը եւ դիմել էր դատարան։