Հայհոյելուց առաջ նախ կարդացեք

Հայհոյելուց առաջ նախ կարդացեք

Այն, թե ինչքան նյարդային են տանում որոշ մարդիկ մեր որոշ հրապարակումներ, գաղտնիք չէ։ Առավոտ լույսը չբացված ձեռքները «Հրապարակ» են առնում, կամ՝ hraparak.am մտնում, որ տեսնեն, թե ինչ ենք գրել, իսկ օրվա մնացած ժամանակը ծախսում են մեզ ու մեր հրապարակումները «հայհոյելու» համար։ Բայց եթե մեր «թիրախ» չինովնիկների ու իշխանությունների պահվածքն այդ առումով նորմալ է՝ մենք բարիկադների տարբեր կողմերում ենք եւ ոչ մի իշխանություն ազատ լրատվամիջոցներին չի սիրում, այս իրողությունը տարօրինակ է հասարակ քաղաքացիների եւ գործընկեր լրատվամիջոցների դեպքում։ 

Իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած, իշխանություններին համակրող մարդկանց մի խավ կա, որն ասում է՝ մենք տեղեկացված լինելու կարիք չունենք, մեզ ոչ մի քննադատություն, ոչ մի բացահայտում չի հետաքրքրում՝ մենք սիրում ենք իշխանություններին (Նիկոլ Փաշինյանին, Տիգրան Ավինյանին, Արսեն Թորոսյանին․․․եւ այլն), նրանց մասին ոչ մի «վատ» բան չենք ուզում կարդալ։ Չեն ուզում՝ չեն ուզում։ Քավ լիցի՝ դա էլ այդ մարդկանց ընտրությունն է եւ իրավունքը։ Բայց դրա ձեւը ոչ թե հայհոյելով լրատվամիջոցների բերանը փակելն է, այլ պարզապես չկարդալը, չհետեւելը։ 
Մի կարդացեք, հարգելի իշխանասերներ, «Հրապարակը»՝ ձեր նյարդերը հանգիստ կլինեն, մյուսների իրավունքներն էլ չեք ոտնահարի։ Ոչ մեր իրավունքները՝ լրատվամիջոցների ու ազատ խոսքի, ոչ էլ քննադատական խոսք լսելու եւ իրական պատկերն իմանալու ցանկություն ունեցող ընթերցողների։ Ի վերջո, դատելով մեր ընթերցողների քանակից՝ նրանք քիչ չեն, գուցե՝ ավելին են, քան դուք։

Հիմա անցնենք այն լրատվամիջոցներին, որոնք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ եթե հերքում ես այլ լրատվամիջոցների գրածը, դրանից դու մեծ հաշվով չես շահում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախ անվստահություն ես սերմանում լրագրողական խոսքի նկատմամբ առհասարակ։ Եւ մարդկանց մեծ մասն օրեր անց անգամ չի էլ հիշում, թե որ լրատվամիջոցն էր գրել այն հրապարակումը, որին հայհոյում էին։ Մարդկանց գիտակցության մեջ մեխվում է․ «սաղ սուտ են գրում» ապուշ թեզը, որը սերմանելու մեծ մասնագետը մշտապես եղել է իշխանությունը։ Այնպես որ լրատվամիջոցների՝ իրար դեմ աշխատելը ոչ միայն գործընկերային չէ, այլեւ սեփական շահերին դեմ է։

Հիմա գամ կոնկրետ այն թեմային, որը ստիպեց այս խոհափիլիսոփայական տեքստով ձեզ ծանրաբեռնել։ Խոսքը «Ֆրանս Արմենի» ամսագրից արտատպված մի հոդվածի մասին է՝ «Ապուրի մեջ ընկած մազ» վերնագրով, որտեղ ֆրանսալեզու պարբերականը ներկայացրել էր Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժիշկների այցը։ Ասվում էր, որ Ֆրանսիայի կառավարությունը տեղեկացված չի եղել այդ այցից եւ 7 բժշիկներից 5-ը երբեւէ չեն առնչվել կովիդի դեմ պայքարին եւ չէին կարող օգտակար լինել հայ բժիշկներին։ Հեղինակը եզրակացրել էր, որ այդ այցը կազմակերպվել է բացառապես Արսեն Թորոսյանի փիառի եւ անկում ապրած հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Մենք ընդամենը վերաշարադրել էինք հոդվածը, ընդ որում՝ ոչ ամբողջությամբ։ Փորձել էինք զրուցել սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ եւ մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից, Սինանյանը չէր պատասխանել զանգերին, ԱԳՆ-ից ասել էին․ «Նո քոմենթ»։

Հոդվածը հրապարակվելուց հետո, պարզվեց, որ այն ոչ միայն Արսեն Թորոսյանին դուր չի եկել, այլեւ ուրիշներին։ 

2 տարի իր գործունեությամբ ոչնչով աչքի չընկած Զարեհ Սինանյանն անմիջապես հայտնվեց եւ «Արմենպրեսին» հարցազրույց տվեց՝ հատուկ շեշտելով «Հրապարակի» անունը, չնայած մենք չէինք հոդվածի հեղինակը․

«Ֆրանսիայում հրատարակվող «France Armenie» ամսագրում լույս տեսած եւ հայաստանյան «Հրապարակ» թերթի կողմից տարածված մի անհեթեթ եւ ստահոդ հոդված պատճառ դարձավ, որ ողջ օրը մեր աշխատակիցներից մեկը զբաղվի հոդվածի հիմք հանդիսացող ցնորքը հերքելով։ Հեղինակներին եւ տարածողներին հաջողվեց նման ժամանակի վատնում պարտադրել նաեւ մի քանի այլ գերատեսչությունների։ Արդյունքում ստացվեց մի շատ էժան եւ կարճատեւ սաբոտաժի «հաջողված» ակտ»։ 

Ահա այսպիսի տեքստ է արտաբերել Զարեհ Սինանյանը պետական լրատվամիջոցի հետ զրույցում։ Կարդացողներն, ի դեպ, շատ էին զվարճացել՝ մեզ ուղարկել էին այս տեքստը եւ առաջարկում էին հարցնել, թե ինչո՞վ են զբաղված Սփյուռքի հանձնակատարի ուռճացված գրասենյակի կադրերը, այդ ի՞նչ մեծամեծ աշխատանք են կատարում, որից մենք՝ «սաբոտաժնիկներս» կտրել ենք նրանց։ Գուցե ֆեյսբուքում քոմենթներ գրելու եւ ուրիշների ստատուսները կարդալու «թանկ» ժամանա՞կն ենք խլել, իսկ գուցե՝ սուրճ խմելու րոպենե՞րն են կրճատվել։ Խոստանում ենք այսուհետ շատ ուշադիր լինել այս գրասենյակի նկատմամբ եւ աչալրջորեն հետեւել նրանց աշխատանքին եւ ամենակարեւորը՝ այդ աշխատանքի արդյունքին։ 

Վերջապես հարց է ծագում՝ բա եթե հոդվածն այդքան «ստահոդ էր ու անհեթեթ», ինչո՞ւ էիք այդքան զբաղվում հերքելով։ Օրական մեր մամուլում հազարավոր նման հոդվածներ են հրապարակվում, որոնք չեն արժանանում ձեր «բարձր» ուշադրությանը։ Ինչո՞վ էր այդ 2500 նիշ պարունակող հոդվածն այդքան ուշագրավ ու կարեւոր։

Բայց ամենահետաքրքիրը մեր հարգելի գործընկերների՝ «Հետքի» արձագանքն էր, որը, որպես կանոն, օպերատիվ չի արձագանքում այլ հրապարակումներին, բայց այս պարագայում բացառություն է արել եւ փորձել հերքել ֆրանսիական ամսագրի հրապարակումը, սակայն կրկին հղում անելով մեր արտատպությանը։ 

Ուշագրավ է, որ օֆշորներում բազմաքայլ եւ բարդ հետաքննություններ անող, նախկին իշխանությունների բանկային հաշիվներն ու սեփականությունը հմտորեն բացահայտող լրատվամիջոցը չէր կարողացել գտնել հոդվածի բնօրինակը եւ գրել էր․ 

«Հոդվածի մասին հայ հանրությունը տեղեկացավ hraparak.am-ից, որը ֆրանսերենից թարգմանաբար վերապատմել էր հոդվածը, սակայն ամսագրի ինտերնետային կայքում այն հասանելի չէ ընթերցողին, թերեւս՝ միայն բաժանորդներին։ Եվ քանի որ հոդվածի բնօրինակը չունենք, հիմք ենք ընդունել «Հրապարակի» վերաշարադրանքը եւ փորձել ճշտել իսկությունը»։

Եւ այդ հրապարակումը հերքելու համար առնվազն 4-5 ատյանի դիմած ու հարցումներ արած «Հետքը» ոչ միայն չէր գտել էլեկտրոնային եղանակով տպագրվող եւ հազարավոր բաժանորդներ ունեցող ամսագրի խնդրո առարկա հոդվածը, այլեւ զլացել էր զանգահարել «Հրապարակի» խմբագրություն։ Եթե զանգահարեին, մենք սիրով կտրամադրեինք հոդվածն էլ, սկզբնաղբյուրն էլ։ Ի դեպ, հոդվածի հեղինակը ամսագրի խմբագիրն է՝ Հարություն Մարտիրոսյանը, իսկ ամսագիրը ունի մոտ 2500 տպաքանակ եւ դրանից մոտ 3 անգամ ավելի հետեւորդ համացանցում։