Վրաստանի մասնակցությունը «3+3» ֆորմատին սխալ քայլ կլիներ․ վրացի փորձագետ

Վրաստանի մասնակցությունը «3+3» ֆորմատին սխալ քայլ կլիներ․ վրացի փորձագետ

Ինչպես հայտնի է, Վրաստանը դեռ նոյեմբերի 19-ին, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի մակարդակով հայտարարել էր, որ մտադրություն չունի միանալու Հարավային Կովկասի համար նախատեսված «3+3» ֆորմատին, որում ներգրավված են լինելու ամենայն հավանականությամբ, նաեւ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։

Կովկասի իսլամական հետազոտությունների վրացական կենտրոնի ղեկավար Շոթա Ապխաիձեն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի մասնակցությունը այդ ֆորմատին սխալ կլիներ։

«Սկզբի համար պետք է հստակ հասկանալ, որ Վրաստանը մասամբ ինքնուրույն որոշումներ չի կայացնում կապված արտաքին քաղաքականության հետ, քանի որ կա մեծ ճնշում արեւմտյան գործընկերների կողմից։ Երբ Վրաստանի իշխանությունները ցանկություն էին հայտնել մասնակցել «3+3» ֆորմատին, ԱՄՆ դեսպանի, որոշ կոնգրեսականների եւ սենատորների հայտարարությունները իրենց սպասեցնել չտվեցին։ Նրանք հստակ արձանագրեցին, որ Վրաստանը կտրուկ կերպով չի կարող մասնակցել այնպիսի ֆորմատի, որտեղ մասնակիցներից մեկը օկուպանտ երկիր համարվող Ռուսաստանն է։ Այս մասին հայտարարելով, նրանք դրդում են, որպեսզի Վրաստանը հրաժարվի այդ հարթակին մասնակցությունից»,- ասել է Շոթա Ապխաիձեն։

Նա հավելել է, որ արեւմտյան հասարակությունն ու վրացական լիբերալ հանրությունն ի դեմս տարբեր տեսակի ոչ կառավարական կազմակերպությունների, սկզբի համար առաջարկում են Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեօկուպացիա, եւ ապա միայն դիտարկել Վրաստանի մասնակցությունը տարբեր ֆորմատներին։ Նա նաեւ ասել է, որ Վրաստանը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ, եւ կարգավորվի եղած հակամարտությունը, որպեսզի այլ հակամարտություններ չառաջանան։

 

«Հիմա Վրաստանի իշխանությունները փորձում են որքան հնարավոր է փափուկ կերպով այս կարգի հարցերը շրջանցել, որպեսզի մեղադրված չլինեն Ռուսաստանի հետ համագործակցության մեջ, քանի որ Թբիլիսիում որոշակի լարվածություն կա Սահակաշվիլու եւ նրա կողմնակիցների պատճառով։ Հնարավոր է, որ մասնակցությունը Վրաստանին օգուտներ բերի տարբեր ոլորտներում»։