Առեղծվածային «լիկվիդացիաներ» Թալինում՝ ՏԻՄ ընտրություններից առաջ

Առեղծվածային «լիկվիդացիաներ» Թալինում՝ ՏԻՄ ընտրություններից առաջ

Մի «անտեսանելի» ուժ, բթացնելով ոստիկանության, դատախազության, ԱԱԾ-ի ու ամենատես ՔՊ-ի զգոնությունը, շարքից հանում է Թալինում ընտրության մասնակցության հայտ ներկայացրած «Կայունություն» կուսակցության ցուցակի ավագանու թեկնածուներին։ Անհայտ նշանառուի գնդակից առաջինն ընկավ Արագածի փեշերին ծվարած Իրինդի ներկայացուցիչը։ Հաջորդ զոհը Ախուրյանի ձախ ափին գտնվող Արագածավանից էր։ Այսօր՝ ընտրական ցուցակից «ինքնակամ» դուրս եկավ Գետափի եզդիական համայնքի կին ներկայացուցիչը։ Անվրեպ նշանառության ևս մեկ զոհ և ընտրական մրցավազքից դուրս կմնա Թաթուլի երկարամյա գյուղապետ Ալբերտ Հարոյանը՝ Թալինի շրջանում ճանաչված, իր հողին ամուր կանգնած աշխատավոր մի մարդ։

Մի խոսքով, կատարելապես անհարմար մրցակից ՔՊ-ացած ՀԱԿ-ական Տավրոս Սափեյանի համար։ Հարոյանի առաջադրման պահից սկիզբ առավ ավագանու նրա առաջադրած թեկնածուների «լիկվիդացիան»։ Առհասարակ բոլոր տեղերում ոչ իշխանականների դեմ աշխատում են նույն սխեմայով։ Նախ, գործի են դրվում վարչական լծակները՝ մարզպետարան, համայնքապետարան, գյուղապետեր, ոստիկանություն, ԱԱԾ և այլն։ Եթե արդյունքի չեն հասնում, դիմում են քստմնելի եղանակների՝ անձնական ճնշումների։ Մարդկանց տներ են այցելում պաշտոնյա ազգականները, ընկերները, տեղական քրեական հեղինակությունները։
Վերջին «վարիանտ» քննչական ու դատախազական մարմիններն են գործի դրվում։ Ոչնչի առջեւ չեն կանգնում հանուն իշխանության։

Նույն վիճակն է Թալինում։ Հարոյանի ցուցակից ավագանու 3 թեկնածու առեղծվածային հանգամանքներում դուրս է եկել՝ դիմում գրելով ու հրաժարվելով իր թեկնածությունն առաջադրելուց։ Շրջանում բոլորը գիտեն, թե որտեղից են ցցվում ականջները։ Շրջանում նաև գիտեն, թե ով կարող է անպատիժ կերպով մարդկանց բերման ենթարկել ընտրական հանձնաժողով և հրաժարական գրել։ Ի վերջո, գաղտնիք չէ, թե ում է ձեռնտու անցանկալի մրցակցին չեզոքացնելը։ Իհարկե, գործող իշխանությանը։

Ի դեպ, Հարոյան Ալբերտը Թաթուլ Կրպեյանի քեռու որդին է, որին Ազգային հերոսի բարձր կոչումը շնորհել է Լեւոն Տեր Պետրոսյանը։ 2018-ին հաստատված իշխանության ձախողումների ու հանցագործությունների համար առաջին նախագահին շատ մեղադրանքներ են ուղղվում՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի ՀՀՇ-ՀԱԿ-ական գաղափարաքաղաքական ընդհանրությունը։ 44-օրյա պատերազմում պարտությունը այրեց համագործակցության վերջին կամուրջները և Լ.Տեր Պետրոսյանի ճամբարից հնչեց «ազգակործան պատուհաս» գնահատականը։ Ի՞նչ գնահատական կստանա Տավրոս Սափեյանը ՀՀ առաջին նախագահի կողմից, եթե պարզվի նրա առնչակցությունը տեղական մասշտաբի այս զոռբայություններին։ Վստահաբար, այն կլինի դաժան, որովհետեւ Թալինում ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ում երկրորդ կարգի հոգեզավակն է Տավրոսը։

Թալինում կատարվողը ահազանգ պետք է լինի բոլոր քաղաքական, հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Իրավակարգը մեզանում հոգեվարքի մեջ է։ Ժողովրդավարությունը դարձել է բաժակաճառերի մրցույթ։ ԱԱԾ-ն, փաստորեն, միայն քաղաքական պատվերով է ընտրակեղծարարներ բացահայտում։ Դա է պատճառը, որ շրջանի գյուղերում անարգել շարունակվում է անցանկալիների մարդաորսը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մշտադիտարկման կոչված տեղական և միջազգային դիտորդները, կառույցները չպետք է գործեն «լայն փակած աչքերով»։ Չէ՛ որ մեր նկարագրածը ցույց է տալիս, որ ընտրությունը կեղծվում է ի վերուստ և' դրա արդյունքը կանխորոշվում է մինչև ընտրապայքարի սկիզբը։