Ալիևը Բլինքենի հետ զրույցում մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Գրել էինք, որ կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Ըստ հաղորդագրության, Բլինքենը, գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման առումով ձեռք բերված արդյունքները, ընդգծել է ԱՄՆ-ի վճռականությունը՝ շարունակելու աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և կողմերին կոչ է արել մոտ ժամանակներս կնքել խաղաղության պայմանագիր:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Ալիևի մամուլի ծառայությանը հղումով, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «տարածաշրջանում խաղաղություն է ապահովվել, իսկ խաղաղության պայմանագրի և դրա տեքստի հիմքում ընկած սկզբունքների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է»:
Ալիևն ընդգծել է, որ երկկողմ հիմունքներով կարգավորման գործընթացն ու խաղաղության օրակարգն առաջ մղելու ջանքերը շարունակվում են։
Բարձր գնահատելով խաղաղության օրակարգին նպաստելու ԱՄՆ վճռականությունը՝ նա նշել է «ՀՀ Սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին իրավա-նորմատիվ ակտերի մեջ ներառված՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը՝ խաղաղության օրակարգի խթանման տեսանկյունից»։
Ալիևը հավելել է, որ վաղուց եկել է ժամանակը պաշտոնապես դադարեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից բոլոր կառույցների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի հակամարտության էջը, որն արդեն անցյալի մասունք է դարձել։
Կարծիքներ