Հարցազրույցը

Հարցազրույցը

Դեռ ոչինչ չասած՝ դուք արդեն հասկացաք, թե որ հարցազրույցի մասին է խոսքը: Դե ուրեմն նաեւ պետք է ընդունել, որ դա կարեւոր հարցազրույց էր, որ դա լուրջ հարցազրույց էր, որ այդ հարցազրույցը մեր ու մեր վաղվա օրվա մասին էր: Այլապես այն այսչափ չէր տպավորվի մեր մեջ: Եղան նաեւ ֆեյսբուքյան զառանցանքներ եւ հիվանդագին ջղաձգումներ այդ հարցազրույցի կապակցությամբ, բայց դրանք արդեն իշխանությունը կորցնողի բնական զառանցանքներ ու ջղաձգումներ էին, որոնք որեւէ կերպ չէին կարող ստվեր նետել ՀՀ երկրորդ նախագահի՝ «Պոզդներ» հաղորդաշարին տված հարցազրույցի եւ բացահայտված ճանապարհային քարտեզի վրա:

Մի անսպասելի հարց տամ՝ դուք ի՞նչ զգացիք, երբ այդ հարցազրույցի հաջորդ օրը Քոչարյանի վրայից հանվեց 300.1 հոդվածով մեղադրանքը… այդ զգացումը մի բառով կոչվում է շոկ: Դուք այդ պահին կորցրիք ձեր առօրյա, ես կասեի՝ կենցաղային գիտակցությունն ու ենթագիտակցորեն հասկացաք, որ Հայաստանում իշխանափոխությունն արդեն սկսված է: Ու դա էր նաեւ պատճառը, որ ստյոպասաֆարյանների եւ սորոսական մնացած սբրոդի ֆեյսբուքյան զառանցանքներն ու հիվանդագին ջղաձգումները ձեր վրա այլեւս չեն ազդում:

Արժե՞, արդյոք, երկար-բարակ վերաշարադրել այդ հարցազրույցը: Կարծում եմ՝ իմաստ չունի: Այն մեր մասին էր՝ մեր ամոթի (ներառյալ իր), մեր ձգտումների (ներառյալ իր), մեր մեջ մարմրող ներքին կրակի, այդ կրակը բորբոքելու, ոտքի կանգնելու եւ Հայաստանը տարածաշրջանի ազդեցիկ երկրների շարք վերադարձնելու մասին: Այդ հարցազրույցն այս հարատեւող պարտությունն ու մայրամուտը կասեցնելու մասին էր, որից հետո միայն կկարողանանք ուշքի գալ, առաջ նայել ու առաջ գնալ:

Սողունների դասից մեկը, անունը չտամ, հայտարարել էր, որ եթե Քոչարյանը վերադառնա, ինքը կարտագաղթի: Կարելի է, իհարկե, նրան հարցնել՝ «խի՞, արա, Քոչարյանը աչքդ հանե՞լ է», բայց ամենեւին ցանկություն չունեմ: Թող գնա, եթե այդպես է որոշել, նույնիսկ ավելի լավ, մի սողուն կպակասի երկրից, մի հաչող բերան, որ երեք տարի շարունակ մեզ այսպես պառակտեց ու մատնեց պարտության: Եվ, այնուամենայնիվ, Քոչարյանին ռեւանշ պետք չէ, վենդետա պետք չէ:

Նա գիտի, որ դրա ժամանակը չունի: Ասենք՝ նա առիթ չի տվել մտածելու, որ քինախնդիր է ու ռեւանշիստ: Այդ հատկանիշները բնորոշ են քաղաքական անհաջողակներին, իսկ նա երբեք անհաջողակ չի եղել: Սա կարեւոր հանգամանք է: Տասը տարի շարունակ (2008-2018) Քոչարյանից քշվածները խոսեցին նրա մասին, նրան «մեղադրեցին» ամեն ինչի մեջ՝ հոկտեմբերի 27, մարտի 1, 4 միլիարդի թալան… Եվ այդ ընթացքում մեր հասարակության մեջ առաջացավ մի խավ, որ մինչ օրս էլ գտնվում է այդ վայ-քարոզչության ազդեցության տակ: Այդ խավն ապացույցներ չուներ, բայց շարունակում էր հավատալ լսածին, մինչեւ որ եկավ 2018 թվականը, մինչեւ որ իր աչքով տեսավ իսկական քաղաքական վենդետան, իսկական քինախնդրությունն ու օրենքով ամրագրված թալանը: Մի օր էլ այդ խավը հաստատ հիշելու է, որ սոված զկռտում էր, ու ձեռքը բերանին հասավ Քոչարյանի իշխանության տարիներին:

Կգտնվե՞ր Հայաստանում մի մարդ, որ Քոչարյանի նախագահության տարիներին մտքով անցկացներ, որ մի օր Արցախ ենք հանձնելու… Ալիեւն ո՞ւմ շունն էր, որ հազարավոր հայ երեխեքի մորթեր ու մեզնից Քարվաճառ, Շուշի, Հադրութ տաներ: Մեր կորուստների մասին էր այդ հարցազրույցը, եւ Պոզների այն հարցից հետո, թե իշխանության գալուց հետո փորձելո՞ւ եք ռեւանշի հասնել, բոլորը Քոչարյանի դեմքին կարդացին նրա ապրումները… Պատրաստ էր սեղանը շուռ տալ Պոզների գլխին, բայց ուժերի գերմարդկային լարումով զսպեց իրեն: Զսպեց, որովհետեւ պատերազմից հետո արդեն հինգուկես ամիս անդադար զսպել է իրեն՝ տեղի ունեցածի մեջ մեղքի իր բաժինը որոնելով:

Այդ հարցազրույցից հետո ինչո՞ւ որեւէ մեկը չփորձեց Ռոբերտ Քոչարյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ: Ռուս աղջիկները նման դեպքերում ասում են… Չէ, չեմ կրկնի, դրա տեղն ու ժամանակը չէ: Ինձ հետաքրքրում է բոլորովին այլ հարց: Ինչպե՞ս կարող էր Ռոբերտ Քոչարյանը համաձայնել մասնակցել Փաշինյանի, այսպես ասեմ, կազմակերպած ընտրություններին: Տասը տարի երկիրը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը չգիտի՞, թե ինչ պետք է անել դավաճանին, հողատուին, կապիտուլյանտին, բանակը քանդողին, սեփական ժողովրդին խայտառակ պարտություն պարտադրողին: Կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանն այս հարցին պատասխաներ հիմա, պատասխաներ մինչեւ այն պահը, քանի դեռ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջից չի հեռացրել հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին գրառումը: