Բաց նամակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Բաց նամակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեծարգո նախագահ

Ներողություն խնդրելով՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի տգեղ երեևույթի վրա, որ անմիջական կապ ունի Ձեզ հետ: Սկսեմ սակայն Երևանում արած Ձեր այն հայտարարությունից, որ մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը՝ 2016թ. Ստեփանակերտի անպաշտպան երկնքի մասին հայտարարությանն է վերաբերում: Այդ կապակցությամբ Ձեզ հստակ ու սպառիչ պատասխան տրվել է, որին ավելացնելու ոչինչ չունեմ: Ինձ անհանգստացնող խնդիրն այլ է: Փաստորեն դա առաջին դեպքն էր, որ ԱՀ նախագահը կանգնեց Երևանի կենտրոնում ու, այսպես ասած, «քննադատեց» ՀՀ նախորդ իշխանություններին: Ակամա հիշեցի Շուշիում տեղի ունեցած Ձեր պաշտոնակալության արարողությունը, որտեղ այլևս չէիք իմանում գովեստի ինչպիսի խոսքեր ուղղել Ձեր նախորդի՝ Բակո Սահակյանի հասցեին, որ զարգացրել ու ամրապնդել էր Արցախի պաշտպանությունը ՀՀ նախկին իշխանությունների օրոք: Կարո՞ղ եք ասել, թե ինչու Շուշիում չխոսեցիք այն մասին, որ Արցախի երկինքը բաց է եղել 2016 թվականին… Դուք Արցախի նախագահ եք դարձել 2020 թվականին: Կարո՞ղ եք, արդյոք, ասել, թե 2 տարում Արցախի համար այդ ինչ է արել 2018-ին Հայաստանում իշխանության եկած քայլարածների խմբակը, որ հանկարծ սկսել եք Ձեզ պաշտպանված զգալ օդից, ցամաքից ու ջրից: Իսկ գուցե Երևանում արած հայտարարությամբ Դուք ուզում էիք հավատարմության երդո՞ւմ տալ Նիկոլ Փաշինյանին, նրա հանգույն քննադատել նախկինների՞ն: Արցախի Հանրապետության նախագահի հանգամանք ունեցող մարդու պարագայում դա զավեշտ է պարոն նախագահ:

Իսկ հիմա տեղեկացնեմ Ձեզ, որ Ձեր տված տգեղ օրինակին այսօր հետևում են ղարաբաղցի մի քանի գրագետներ, որոնք բաց չեն թողնում ՀՀ գործող իշխանություններին հետույք մտնելու ամենաաննշան առիթն անգամ: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, պարոն Հարությունյան, որ այդ «գրագետները» ներկայացնում են Ձեր մերձքաղաքական ձիանոցը: Ամեն անգամ երբ նրանք բերանները բացում են հայաստանյան մամուլում կամ իրենց ֆեյսբուքյան էջերում, Ձեր պատկերն է գալիս իմ առջև: Ինձ՝ ՀՀ քաղաքացուս համար վիրավորական է, երբ, շատ ներողություն, մի ախմախ ղարաբաղցի հայաստանյան թերթում հոդված է հրապարակում այն մասին, որ ես պետք է երկրպագեմ Նիկոլին, հպարտանամ Նիկոլի վարած արտաքին քաղաքականությամբ և այլն: Ախմախ գրագետներն Հայաստանում էլ քիչ չեն, բայց ղարաբաղցու ախմախից Աստված հեռու պահի: Նրանցից ոմանք հոդվածներ են գրում այն մասին, թե չի կարելի Արցախի ստատուս-քվոյի հետ կապված ներկա իրավիճակը հաղթական համարել: «Այդ ի՞նչ հաղթական վիճակ է, որ ստիպված ենք պաշտպանել անընդհատ՝ հույսներս միայն մեզ վրա դրած»,- գրում է ղարաբաղցի մի գրագետ, իսկ մյուսը, որ ստվերի պես հետևում է նրան, անմիջապես ձայնակցում է՝ հա, Շմավոն ջան, ճիշտ ես ասում, պետք է զիջումներ լինեն, այսպես չենք կարող: Ու էս Շմավոնը, պարոն Հարությունյան, Ձեր ձիանոցի ներկայացուցիչ է, աշխատել է Ձեր նախընտրական շտաբում: ԼՏՊ-ի վաստակներն իբր քիչ էին, հիմա էլ ձերոնք են հայտնվել նրանց շարքում, ԼՏՊ-ի քարոզ են անում, մեզ այստեղ դրդում են զիջումների: Սա ի՞նչ նոր բան է, պարոն Հարությունյան:

Իսկ հիմա ինձ բացատրեք, խնդրեմ, թե ինչու է Ձեր Շմավոնը հայաստանյան մամուլում անընդհատ քննադատում հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին՝ մտնելով ՀՀ իշխանությունների, շատ ներողություն, քամակը: Պատկերացրեք մի պահ, որ ես, որպես հայաստանցի, առավոտից երեկո մի հանգի ոգևորեմ Արցախի ընդդիմությանն ու լարեմ Արցախի իշխանությունների դեմ: Գիտեմ, հաստատ կասեք՝ սիրուն չէ: Բայց ես նման բան չեմ անում, որովհետև հասկանում եմ՝ Արցախին պետք է կայունություն, համախմբվածություն և համախոհություն: Եվ հիմա ես նույնը պահանջում եմ Ձեզնից և ձեր Շմավոնից: Մենք ձեզնից հաստատ ավելի լավ գիտենք, թե ինչ են անում ՀՀ իշխանություններն ու ինչ է ուզում մեր ընդդիմությունը:

Այդ նույն կայունությունն ու համախմբումը, համերաշխությունն ու փոխըմբռնումը պետք են նաև Հայաստանին: Մենք ձեզնից հաստատ ավելի լավ գիտենք, թե ուր է հասցրել երկիրն այս իշխանությունը, ինչու է բռնել բռնաճնշումների ուղին, ինչու են հետապնդվում իրենց այլակարծության մասին բարձրաձայնող գործիչներն ու լրագրողները: Դուք բարոյական իրավունք չունեք խանգարելու Հայաստանում քաղաքական մթնոլորտի կայունացմանն ու հայաստանյան հասարակության համախմբմանը:

Հետևաբար, պարոն նախագահ, Ձեր հանդեպ ունեցած մեծագույն հարգանքով խնդրում եմ՝ քաշեք ղարաբաղցի Շմավոնների գյամերը: Թող հանգիստ վեր ընկնեն տեղները, այլապես շմավոն առ շմավոն նրանց ի ցույց կդնեմ Արցախի ողջ հասարակությանը, կկախեմ ազատագրված Շուշիի պարիսպներից: Իսկ դրա հետևանքները, պարոն Հարությունյան, ինչքան էլ չուզենաք, կկրեք Դուք:
Առողջ եղեք:

Կորոնավիրուսն Արցախում տեղ չունի: