Մխտռել ամենուրեք եւ ամեն ինչ

Մխտռել ամենուրեք եւ ամեն ինչ

Հայկ Մարությանը սուրբ չէր, երբ քաղաքապետ էր: Չնայած «սուրբ» բառն օգտագործելուն՝ նկատի չունեմ հենց քրիստոնեական սրբերին: Նրանք, ինչպես գիտենք, կյանքի մի պահից հետեւել են Հիսուս Քրիստոսի ուսմունքին ու այնուհետեւ սրբացվել են: Կամ ինչ-որ քայլ են կատարել՝ թեկուզ կյանքի վերջին, որ թույլ է տվել եկեղեցուն սրբացնել նրանց: Իսկ Մարությանը կինոյի կատակերգակ դերասան էր, որ շատերիս պես հավատաց Նիկոլին եւ նրա հեղափոխությանը: Եվ ինչ-ինչ հանգամանքների շնորհիվ, որպես բոնուս, պաշտոն ստացավ:

Մի այնպիսի պաշտոն, որ շատերը կնախանձեին: Հա՛մ իշխանության մաս է, հա՛մ էլ բավականին անկախ դրանից: Իր «կալվածքում» կշարժվի այնպես, ինչես քեֆը կուզի: Ավելի ճիշտ՝ ինչպես կինը կուզի: Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին էին, չէ՞, ասում, որ ինքը երկիր է կառավարում, կինը՝ իրեն: Նույն երեւույթն առկա է նաեւ մեզանում՝ վերեւից ներքեւ կամ հակառակ ուղղվածությամբ: Իհարկե, առկա են երջանիկ բացառություններ, բայց հենց բացառություններով է հատկանշվում հասարակագիտական կանոնը: 

Մի խոսքով, որպես քաղաքապետ, Մարությանը վայելում էր իր պաշտոնը՝ ճիշտ այնպես, ինչպես մնացած՝ թե՛ նախկին եւ թե՛ նոր իշխանավորները: Եվ կարծես թե որեւէ խնդիր չկար հասարակությանը սեւի ու սպիտակի բաժանման հեղինակի եւ մերօրյա «փրկչի» միջեւ: Ոչ միայն վարքագծի ու գործունեության, այլեւ անգործության առումով: Հիշենք անցյալ տարվա գարնանը, համավարակի սկզբին քաղաքապետի՝ աշխատասենյակում փակվելու եւ ոչ մեկի հետ չշփվելու փուլը: Հասկանալի էր՝ մարդը վախենում էր վարակվել, իսկ գուցեեւ՝ մեռնել կորոնավիրուսից: Նորմալ, բնական ռեակցիա է՝ ուղղակի ոչ միլիոնանոց քաղաքապետի դեպքում:

Հիշենք նույն շրջանում Թբիլիսիի քաղաքապետի ակտիվությունը: Այնուհետեւ (հիմա իմացանք, որ պատերազմից հետո) սեւ կատու անցավ «սպիտակ» Մարությանի ու մնացած «սպիտակների» միջեւ: Ու խզվեց նրանց կապող հեղափոխականությունը: Երեւանցիներին ուղղված ուղերձում Մարությանը խոսում էր հեղափոխական արժեքներից: Մեղադրում էր իշխող կուսակցության վերնախավին, որ բոլորը՝ մեկ մարդու նման, դավաճանել են հեղափոխականի իրենց կոչմանը: Ու, բնականաբար, վերածվել են նախկինների. երեւի ուզում էր ասել՝ սեւերի, բայց «հեղափոխական դուխը» չբավարարեց: 

Բայց այն, ինչ շարադրեց նախկին դերասան, նախկին «հրաշալի քաղաքական գործիչ» եւ արդեն նախկին քաղաքապետ Մարությանը, ավելին էր, քան սեւը: Այո, ավելին, քան սեւը. դա անթափանց խավարն է, երբ մարդը չի տեսնում ինքն իրեն, ուր մնաց, թե իրենից դուրս սեւը տարբերակեր սպիտակից: Ոմանց այս համեմատությունը չափազանցություն կթվա, բայց վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո շատերի աչքերը կբացվեն: Ու դրանից հետո կգիտակցեն, թե ում են հավատացել 2018-ին ու շարունակել վստահել 2021-ին: Վստահ եմ, որ «Հրապարակի» ընթերցողներն արդեն լսել են Մարությանի 20 րոպեանոց հրաժեշտի ուղերձը:

Կարող եմ ստորագրել այդ ուղերձի յուրաքանչյուր նախադասության ներքո: Դա ես եմ ասում՝ մի մարդ, որ երեք տարի, դեպքից դեպք, Ֆեյսբուքում ձեռք էր առնում Մարությանին: Բայց, իհարկե, հեղափոխական կոչված իշխանությունների ողջ պատկերը չէ, որ արտացոլված է նշված ուղերձում: Ուղղակի Մարությանն առնչվել է հենց իր նկարագրած երեւույթներին ու մի օր հասկացել, որ ինքը պետք է տարանջատվի այդ շրջապատից: Ինչը բավական համարձակ քայլ է, քանի որ նման ուղերձ բարձրաձայնող որեւէ մեկը չի կարող չդառնալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի անձնական թշնամին: Իսկ դա ենթադրում է, որ շուտով Մարությանին բնակարան հյուր կգնան նրանք, որոնց երբեք չեն սպասում, եւ որոնց գալուստը երբեք ուրախություն չի պարգեւում: 

Ի դեպ, ես չգիտեի, որ Մարությանը դեկտեմբերի 18-ին դարձել է 45 տարեկան: Այս մի քանի օրը ես հարց էի տալիս ինձ, թե ինչու Երեւանի ավագանու «Իմ քայլը»  խմբակցությունում հենց հիմա հիշեցին, որ մեկ տարի առաջ ինքը դուրս է եկել կուսակցությունից: Ու այլեւս իրավունք չունի ներկայացնելու խմբակցությունը եւ մնալու իր պաշտոնին: Չնայած բազմաթիվ են այն անձինք, ովքեր կուսակցական չեն, բայց շարունակում են մնալ խմբակցությունում: Ենթադրում էի, որ դա Փաշինյան Նիկոլի ամանորյա «նվերն» է իր նախկին համախոհին: Պարզվում է, որ ոչ միայն ամանորյա, այլեւ 45-ամյակի կապակցությամբ է մատուցվել այդ  «նվերը»: Այ, սա, կարող եմ ասել, իսկապես սուպեր «հեղափոխական» վարքագիծ է, որ բնորոշ է մերօրյա «փրկչին»:

Մխտռել ամենուրեք եւ ամեն ինչ: Սա եղել է, կա եւ կշարունակի մնալ բոլոր ժամանակների ու բոլոր երկրների հեղափոխականների վարքագիծը: Ի դժբախտություն մեզ՝ մենք չխուսափեցինք դրանից երեքուկես տարի առաջ ու մինչեւ այսօր «վայելում» ենք դրա ողջ ողբերգականությունը: Հենց «վայելում», քանի որ համարյա ազգովի փողոց դուրս գալն ու Սերժ մերժելը, իսկ այնուհետեւ Նիկոլին վարչապետ կարգելը մեզնից յուրաքանչյուրի անձնական որոշումն էր: Մնում է, որ մի օր հրաշք պատահի ու մեզ ազատի հայաստանյան հեղափոխականների ներկայությունից: