Քոլեջի դասախոսները տնօրենին մեղադրում են ապօրինությունների մեջ

Քոլեջի դասախոսները տնօրենին մեղադրում են ապօրինությունների մեջ

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոսները բաց դամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

«Տեղյակ ե՞ք, որ 2018-ի քարոզարշավին հարգարժան տնօրենը ավտոբուսներով առաջին կուրսեցիներին Դաշնակցության հանրահավաքներին էր տանում, իսկ ինքը ամեն օր ծաղրում հեղափոխությունն ու մեզ և ասում՝ դեռ կտեսնեք: Կարող եք այս ամենում համոզվել՝ դիտելով տեսակադրերը: Մինչ օրս էլ աշխատանքի ժամին մասնակցում է դաշնակցական հանդիպումներին, այո, իր իրավունքն է, եթե չպարտադրի ու չստիպի մեզ էլ ցուցակագրվել, թե չէ կզրկվենք ժամերից ու հետո՝ գործից»,- ասվում է բաց նամակում։ 

«Հրապարակի» հետ զրույցում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը թեպետ չհերքեց իր՝ կուսակցական լինելը, սակայն չհամաձայնեց նաև մեր դիտարկումների հետ։

«Ուղղակի հերյուրանքներ են։ Տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը։ Զրպարտություն է սա, ուրիշ ոչինչ։ Բացարձակ սուտ, նման բան չկա։ Ափսոս ուղղակի, որ նամակը անանուն է, չգիտեմ՝ ովքեր են գրողները։ Հակառակ դեպքում ես անպայման դիմելու էի դատարան»,- նշեց տնօրենը։

Մեր այն հարցին, թե փորձելու՞ է պարզել՝ ովքեր են նամակի հեղինակները, Արթուր Ղազարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ բացարձակ դրա կարիքը չկա, որովհետև չեմ ուզում այդքան էժանանալ»։