Դանդաղ գործող ռումբ

Դանդաղ գործող ռումբ

Իհարկե, հասկանալի են զոհվածների հարազատների, արցախցիների, հատկապես Հադրութից ու Շուշիից բռնագաղթածների զգացմունքները։ Նրանց վերքերը դեռ երկար չեն սպիանա, եւ նրանք երկար չեն կարողանա հաշտ ապրել երեւանյան սրճարաններում օր մթնեցնող մարդկանց հետ։ Մենք հայտնվել ենք բարիկադների տարբեր կողմերում․ նրանք՝ իրենց հոգս ու ցավի հետ, մենք՝ մեր անվրդով առօրեական կյանքով ու մանր-մունր հոգսերով։ 2018-ից սկսված հանրային պառակտումը նորանոր սահմանագծեր է նվաճում։ Առաջ նախկիններն ու ներկաներն էին, հետո այդ պառակտումը հասավ մինչեւ քաղաքացիներ-գյուղացիներ, ունեւորներ-չքավորներ, արցախցիներ-հայաստանցիներ, սահմանամերձ տարածքի բնակիչներ-սահմանից հեռու բնակվողներ։ Եվ այս բոլոր սեգմենտներում առկա 2 ճամբարները՝ Նիկոլին սիրողների եւ Նիկոլին ատողների։

Նրանք, ովքեր սիրում են՝ սիրում են անվերապահորեն ու խելակորույս, ոչ մի բան հաշվի չառնելով։ Նրանք, ովքեր ատում են՝ ատում են մինչեւ վերջին բջիջը եւ կուրորեն։ Երկու բանակն էլ ունակ չէ մեկ միլիմետր զիջելու իր դիրքերը եւ որեւէ կոմպրոմիսի գնալու։ Առաջին խումբը երազում է, որ Նիկոլն ամեն գնով մնա՝ անգամ մեր պետությունը կործանելու եւ Հայաստանը թշնամուն հանձնելու պարագայում։ Երկրորդ խումբը պատրաստ է ոչնչացնել իշխող թիմին՝ մինչեւ վերջին մայր ու մանուկ։

Հենց այս ատելությունը, միմյանց ոչնչացնելու կիրքն է կործանելու մեզ եւ մեր պետությունը։ Դա մի անտեսանելի չարիք է, պետության հիմքում դրված ական, որը դանդաղ կամ արագ աշխատելու է եւ բոլորիս՝ ե՛ւ սիրողներին, ե՛ւ ատողներին, ե՛ւ ատելության ու սիրո օբյեկտներին, ե՛ւ մեր երկրից մնացած այս մի բուռ տարածքն ու մարդկանց վերացնելու է երկրագնդի երեսից։ Ոչ ոք այս ատելության պատերազմում ողջ չի մնալու, եւ ոչինչ չի փրկվելու։