Քոչարյանի աջակիցները նիստին չեն ներկայացել․ դատախազն առարկել է նրանց ազատելու դեմ

Քոչարյանի աջակիցները նիստին չեն ներկայացել․ դատախազն առարկել է նրանց ազատելու դեմ

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանին կալանավորման դեմ բերած բողոքի քննությունը։ Սակայն դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել մեկ այլ օր։

Կալանավորված անձանց պաշտպան Վահե Եփրիկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվել է․ «Մենք խնդրեցինք, որ սեղմ ժամկետում նշանակեն դատական նիստ, որովհետեւ, ըստ էության, մոտենում է կալանավորման հնարավոր երկարացման ժամանակը եւ մարդիկ չեն կարողանում վիճարկել իրենց կալանավորման իրավաչափության խնդիրը։ Դրա համար դատարանը նշանակեց վաղը»։

Պաշտպանի խոսքով՝ իրենք երեկ ներկայացրել են իրենց բողոքը, դատախազը համապատասխան առարկություններով է հանդես եկել, դատախազին միացել է նաեւ քննիչը․«Քննիչը Նարեկ Մութաֆյանի հետ կապված միացել է դատախազի դիրքորոշմանը, իսկ Սարգիս Օհանջանյանի հետ կապված քննության ժամանակ դատարանը քննիչի խոսքը թողեց հաջորդ նիստին։ Դատախազն, ըստ էության, կրկնում էր այն, ինչ հայտնել էին միջնորդության ներկայացման ժամանակ, ուղղակի կարող եմ ասել, որ հիմնավորում, փաստարկ չկա։ Կալանքն անթույլատրելի է»։

Ըստ պաշտպանի՝ կարելի է ասել, որ նախաքննությունը գրեթե ավարտական փուլում է․ «Իմ պրակտկայից երբ նայում եմ, էս գործում քննիչն այլեւս որեւէ բան չունի։ Կարող ա ֆորմալ մի երկու բան անի, բայց կոնկրետ գործողություններ, կարծում եմ՝ չունի անելու»։

Մութաֆյանն ու Օհանջանյանը դատարան չեն ներկայացել․ պաշտպանը դա պատճառաբանեց նրանով, որ իրենց կատարած արարքը ուղիղ եթերով հեռարձակվել է, իրենք իրենց դիրքորոշումներն արտահայտել են։

Հարցին՝ առերեսում եղե՞լ է կալանավորված անձանց եւ դատավոր Աննա Դանիբեկյանի միջեւ, պաշտպանը չպատասխանեց՝ հիշեցնելով նախաքննական գաղտնիքի մասին։

Իսկ թե այդ հարցը համարվո՞ւմ է նախաքննական գաղտնիք, պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում թավշյա արդարադատություն  է, որ դատախազը կարա քրեական օրենսգրքի հոդվածը կարդա ու  մի հատ «չ» ավելացնի արանքում, այդ ամբողջ տրամաբանությունից ելնելով, հիմա ուղղակի չեմ ուզում որեւէ բան ասել։ Բայց ամեն դեպքում, հրապարակային է լինելու»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: