Շատ ներողություն, Վանաձորում էս ուրբաթ փրայմըրիզ չե՞ք անելու

ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ-ի քարոզչական ոգի, 21-րդ դարի ակնառու քաղտեխնոլոգ Ալեն Սիմոնյանն այսպիսի կարծիք է հայտնել. «Եթե ուրբաթ օրը լինեն ընտրություններ, ՔՊ-ն 50+1 տոկոսով կհաղթի»: Ու քանի որ սա ասել է Ալեն Սիմոնյանը, այլեւս կասկած չկա, որ ՔՊ-ն ուրբաթ օրը հաստատ կհաղթի: Ցավոք սրտի, լրագրողները նրանից չեն հետաքրքրվել, թե ինչ կանի ՔՊ-ն, եթե ընտրությունները տեղի ունենան ոչ թե ուրբաթ, այլ սովորականի նման՝ կիրակի: Բանն այն է, որ 21 թվականից այս կողմ կիրակի օրերին տեղի ունեցած վերջին շատ թե քիչ կարեւոր ընտրություններում ՔՊ-ն պարտվել է եւ ամեն անգամ՝ ավելի ու ավելի խայտառակ ձեւով… Երեւան, Փարաքար, Գյումրի… Կիրակին ՔՊ-ի համար մի տեսակ անիծված օր է դարձել: Չարչարվում են, իրենց պատեպատ են տալիս, դռնեդուռ են ընկնում` է՛լ պետական լծակ, է՛լ վարչապետով քարոզարշավ, է՛լ Աննայով կրթել, է՛լ հեծանվավազք, է՛լ ընտրողի առաջ սողալ, է՛լ փող մսխել… Ահագին ձայն են հավաքում, բայց հաղթել այդպես էլ չեն կարողանում: Ասում են՝ Երեւանի քաղաքապետը մերն ա… Ստի՞… Բա որ ձերն ա, ինչո՞ւ է Արամ Սարգսյանի եւ Դոգի մոտ քաղաքապետ աշխատում: Գյումրիում էլ հույս ունեին 50+1-ով հաղթել: Հաղթեցին, բա չէ՞… Վարդան Ղուկասյանն այնպիսի Գյումրվա տրնգի չչալեց սրանց համար. ամսից ավելի է՝ ուշքի չեն գալիս: Այսուհանդերձ, մեծ-մեծ խոսում են առանց որեւէ երկմտանքի, թե բա՝ ուրբաթ ընտրություն լինի, նաղդ կրող ենք:
Կարծում եք՝ Ալեն Սիմոնյանը լեզվի սայթաքո՞ւմ է թույլ տվել՝ ասելով ուրբաթ: Միամիտ չլինեք: Ուրբաթն աշխատանքային օր է, ինչպես երկուշաբթին, երեքշաբթին, չորեքշաբթին եւ հինգշաբթին: Այդ օրը ՔՊ-շնիկությունը ողջ կազմով իր տեղում է՝ ամեն մեկի ձեռքին մի լծակ, կաբինետների առաջ Պողոսների հերթեր… Ամեն Պողոս մի փորացավով դիմի, մի պոպուլիստական ժպիտի արժանանա, բավական է` կգնա, ՔՊ-ին ձայն կտա: Մինչդեռ կիրակին խառը օր է այդ առումով: Շաբաթ օրվա կերուխումից կիրակի կեսօրին զարթնած Պողոսը դեռ պիտի մի 100 գրամ «քցի», ուշքի գա… որ տնից դուրս գալիս էլ մի ընդդիմադիր ծանոթի հանդիպեց՝ էլ վերջ: Ռուս կանայք մի լավ խոսք ունեն, ասում են՝ աքլորդ «զաբոռից» թռավ փողոց, այլեւս քոնը չէ: Պողոսը ճիշտ այդ աքլորի պես է՝ աշխատանքային օրերին իշխանությունների դռներին է, շաբաթ-կիրակի՝ իր քեֆին: Ահա թե ինչու է Ալեն Սիմոնյանը «պահանջում» կամ ակնարկում, որ ընտրություններն ուրբաթ տեղի ունենան:
«Հրապարակը» գրել էր, որ Վանաձորում արտահերթ ընտրություններ են սպասվում, եւ դրանք տեղի կունենան աշնանը, եթե համապետական կարգի կատաստրոֆաներ եւ ֆորսմաժորներ չլինեն: Ասել է թե՝ ՔՊ-ն դեմ չէ մի հատ էլ ուժերը փորձել եւ թոթափել Գյումրիում կրած պարտության ամոթը: Թերթը գրել էր, որ ՔՊ-ն հետաքրքիր բան է մտածել՝ այդ ընտրություններում հանդես գալ 2 թեկնածուով․ մեկը՝ այսօրվա քաղաքապետի ԺՊ-ն, մյուսը՝ գործող մարզպետը: Հաղթողի ուրիշ «բոլե-մենեե» հավանական թեկնածու էլ, կարծես, չկա: Ո՛չ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր գլուխը կդնի ցավի տակ, ո՛չ էլ, երեւի, Մամիկոն Ասլանյանը, որ իր վերջին քաղաքապետության «սրոկը» բանտում անցկացրեց: Եվ ի՞նչ, ՔՊ-ի հաղթանակը Վանաձորում ապահովվա՞ծ է: Ես չէի ասի: Իսկ Էդմոն Մարուքյանը կամ նրա եղբայրը չե՞ն ուզում առաջադրվել: Էս ամեն ինչը նրանց սարքած ճաշն է, չէ՞: Վանաձորցիները նրանց փայտով են ման գալիս, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, Էդմոնն այսօր ընդդիմադիր է, նույնիսկ վարչապետի ամենաընդունելի թեկնածուն իմպիչմենտի հաջողության դեպքում: Այսինքն, որ եղբորն առաջ տվեց, մեկ էլ տեսար՝ Նիկոլն իր «հոգնած ձիերին» թողած՝ շուռ գա նրա կողմը եւ այդկերպ 50+1 հավաքի: Իսկ եթե ընտրություններն էլ ուրբաթ անեն, ՔՊ-ն ընդհանրապես խնդիր չի ունենա:
Եվ ի՞նչ, Վանաձորի պես գյոզալ քաղաքը պիտի թողնենք ՔՊ-ի ճիրաններո՞ւմ: Առաջարկում եմ հավարը դնել ընդդիմությանը: Նախ՝ ընտրություններն ամեն գնով տեղափոխել կիրակի, ապա՝ առաջադրել միասնական թեկնածու: Թող անհամեստ չհնչի, մեկը ես՝ պատրաստ եմ, վստահ, որ կգնամ ու կհաղթեմ: Ես շատ լավ գիտեմ վանաձորցու պրոբլեմը՝ դա ՔՊ-ն է եւ քաղաքացիական այն պոռնոգրաֆիան, որ տիրում է Վանաձորում արդեն քանի տարի: ԽՍՀՄ վերջին տարիներին արդյունաբերությամբ Անդրկովկասի 5-6-րդ քաղաքի կաշին ու ոսկորն է մնացել, 120-140 հազարանոց քաղաքը դարձել է մեռնող գյուղ, աշխատանք չկա, ապագա չկա, կյանք չկա… Ինչի՞ են վերածվել կանաչ քաղաքի առողջարաններն ու «տուրբազաները», մեկ հատիկ շենք չի կառուցվել Նիկոլ չեղածի իշխանության օրոք: Մենակ լեզուներին են տալիս, ինչի մասին էլ խոսում են, ապառնի ժամանակով են խոսում: Ու քանի էշ է մնացել Վանաձորում, որ դեռ հավատում է սրանց: Մյուս կողմից էլ՝ քանի նորմալ մարդ կա Վանաձորում, որ ինձնից շատ ավելի լավ է պատկերացնում քաղաքի խնդիրները: Ես Երեւանում եմ ապրում, իրենք՝ Վանաձորում… Չե՞ն ուզում ոտքի կանգնել: Թե բա՝ փրայմըրիզ, թե բա՝ ուրբաթ, թե բա՝ 50+1… Առը հա՝ ձեր բախտից: Գնացեք Գյումրիում ձեր գլխին եկածը լացեք: Հերթը Վանաձորինն է, եւ ընդդիմության համար Վանաձորը պետք է դառնա որձաքար՝ ուժի, պատվի ու արժանապատվության հարց:
Կարծիքներ