Ով է աչք դրել Արմավիր-Երեւան երթուղու վրա

Ով է աչք դրել Արմավիր-Երեւան երթուղու վրա

Երեւանում սովորող ու աշխատող արմավիրցիները կանգնել են գնալ-գալու խնդրի առաջ։ Երկրորդ տարին է՝ Արմավիր-Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող կանոնավոր տրանսպորտ չկա։ Գիծ են դուրս գալիս 7 տեղանոց մեքենաներ, որոնք չեն վերահսկվում, չունեն կանոնավոր գրաֆիկ՝ երթեւեկում են, երբ կամենան, շատ հաճախ՝ 7-ի փոխարեն 8 ուղեւորով։

Անահիտ Մանուկյանի 2 թոռներն ուսանողներ են։ Տրանսպորտի պատճառով ամեն առավոտ սթրեսի են ենթարկվում, նեղվում, որ գրեթե ամեն օր առաջին ժամից բացակայում են՝ ոչ իրենց մեղքով։ Տատիկը կարծում է, որ խախտվում է Երեւանում սովորող եւ աշխատող քաղաքացիների տեղաշարժի, սովորելու եւ աշխատելու իրավունքը։ «Զանգել եմ ՄԻՊ գրասենյակ, ներկայացրել խնդիրը։ Փառանձեմ անունով աշխատակիցը պնդում էր, որ 205 համարի միկրոավտոբուսները կանոնավոր գործում են։ Երբ «լուսավորեցի», որ Արմավիր-Երեւանը 207-ն է, ոչ թե 205-ը, խոստացավ ՏԿԵՆ-ից պարզել խնդիրը։ Հետո փոխանցեց նախարարության պատասխանը՝ մոտ օրերս կլուծվի»,- պատմեց Մանուկյանը։

Արմավիր-Երեւան երթուղին ավելի քան 15 տարի սպասարկել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, որը 2021-ին մասնակցել է երթուղին սպասարկելու համար հայտարարված մրցույթին ու չի հաղթել։ Չի հաղթել նաեւ նույն երթուղու համար պայքարող «Ընկերներ» ՍՊԸ-ն։ Ըստ մեր տեղեկությունների՝ հենց նրա «դաբրոյով» են գիծ մտնում 7 տեղանոց մեքենաները։ «Խնդիրը ոչ թե ուղեվարձն է, որովհետեւ 7 տեղանոց մենքնաներն էլ են նախկին միկրոավտոբուսների գնով՝ 500 դրամով տեղափոխում, այլ տարերայնությունն ու անորոշությունը։ Նախ՝ այդ մեքենաներն ավտոկայան չեն մտնում, «Գալակտիկան» թույլ չի տալիս։ Իրենց գտնելու համար պետք է հասնենք ավտոկայանի հարեւանությամբ ինչ-որ տարածք, սպասենք այնքան, մինչեւ Երեւանից հետ գան, ապա իրար քաշքշելով` փորձենք ներս խցկվել ու նորից սպասել, մինչեւ բոլոր նստելատեղերը լրանան, որ շարժվի։ Շարժվելն էլ վարորդի քմահաճույքով է՝ ո՛չ գրաֆիկ ունի, ո՛չ պատասխանատվություն։ Մինչեւ տեղ է հասնում, մարդիկ դասից ու աշխատանքից ուշանում են։ Օրեր են լինում, որ ուղեւորներին իրար գիրկ նստած է տանում։ Խցկված ու կծկված տեղ են հասնում, սովորելու տրամադրություն էլ չի մնում։ Իսկ սեպտեմբերի 1-ից, երբ տաքսիներին հարկելը պարտադիր դարձավ, շատերը վախեցան երթուղի դուրս գալ։ Ստացվում է՝ շարժը շատացավ, մեքենաները՝ քչացան»,- ներկայացրեց տիկին Անահիտը։ 

Իսկ ՏԿԵ նախարարության՝ «խնդիրը մոտ օրերս կլուծվի» պատասխանը, փաստորեն, վերաբերում է նոր մրցույթին։ Պետք է նոր մրցույթ հայտարարվի, քանի որ նախորդ՝ 2021-ի մրցույթում հաղթող չի եղել։ Բայց 3 տարի է անցել, նոր մրցույթ դեռ չի հայտարարվել։ Ըստ արմավիրցիների՝ երթուղու վրա աչք ունի ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի եղբայրը։ Բայց սպասում են, որ պատգամավորն ավտոբուսներ ներկրի Հայաստան, որ մրցույթը հայտարարեն։

Արեգ Մարգարյան