Զավեշտալի է, երբ ԱԱԾ-ն ակնկալում է հանրության աջակցությունը

Զավեշտալի է, երբ ԱԱԾ-ն ակնկալում է հանրության աջակցությունը

Այսօր ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող հերթական հաղորդագրությունը տարածեց, որն ավելի շատ կուսակցության տարածած հայտարարություն էր հիշեցնում, քան թե իրավապահ մարմնի՝ մամուլի հաղորդագրություն։ Բանն այն է, որ ԱԱԾ հայտարարության մեջ տեղ էին գտել միանշանակ ձևակերպումներ, գնահատականներ ու ենթադրություններ, օրինակ, որ «անկողմնակալ դիտորդի» մոտ չի կարող կասկած առաջանալ, որ Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք է բաժանել և այլն։ ԱԱԾ-ն նաև այս անգամ մոռացել էր նույնիսկ տեղադրել այն շաբլոն դարձած արտահայտությունը, ըստ որի՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրդատ օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով։ Իրավաբան Վահե Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի հայտարարությամբ չի խախտվել անմեղության կանխավարկածը, պատասխանեց․

«Անդրադառնալով ԱԱԾ`թե՛ նախկինում, թե՛ ներկայումս տարածած հաղորդագրություններին, միանշանակ պետք է արձանագրենք, որ գործ ունենք ոչ միայն անմեղության կանխավարկածի, այլև պատգամավորական անձեռնմխելիության խախտման հետ: Յուրաքանչյուր իրավաբան կարող է փնտրել և գտնել ՄԻԵԴ որոշումները (Էքլենն ընդդեմ Գերմանիայի, Այչենկոն ընդդեմ ՌԴ-ի) և տեսնել, որ եթե անձի անունը ուղղակիորեն մատնանշվում է քրեական գործի մեջ, ապա այդ պահից նա համարվում է մեղադրյալ: Մինչդեռ անձեռնմխելիությունից օգտվող անձանց դեպքում անձը կարող է լինել մեղադրյալ բացառապես քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը հավանություն տալու դեպքում. փաստորեն, սույն գործով մենք ունենք ընթացակարգային կոպիտ խախտում, ինչը ցանկացած դեպքում ազդելու է վերջնական դատական ակտի վրա:

Միաժամանակ, պետք է նաև նշել, որ ԱԱԾ-ն իրավասու չէ լինել տվյալ քրեական գործով նախաքննական մարմին, քանզի Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն տվյալ հանցագործության դեպքում նախաքննական մարմինը ՀՔԾ-ն է. հենց այս հիմքով էլ բոլոր ապացույցները, եթե անգամ վերաբերելի են, դառնում են անթույլատրելի:

Նշեմ նաև, որ ԱԱԾ հայտարարության մեջ ներկայացված ձևակերպումները անտեսել են ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի պահանջը`այսինքն խախտել են անմեղության կանխավարկածը, քանզի ըստ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումների`անձը իբր թե միանշանակ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք: Բայց ամենազարմանալին այն է, որ ԱԱԾ հայտարարության մեջ ակնկալվում է հանրության աջակցությունը. այսինքն հանրությունը ի՞նչ անի,  գնա և ցուցմունք տա, որ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք և դրա համար ենթարկվի պատասխանատվությա՞ն: Կներեք, բայց Ես այն իրավագետներից եմ, ով կողմ է խելամտության կանխավարկածին»,- ասաց Գրիգորյանը։