Անկախացավ նաև ֆիզիկապես

Անկախացավ նաև ֆիզիկապես

«Լուսավորից» անկախացած Արման Բաբաջանյանը երեկ իր գործընկերներից անկախացավ նաեւ ֆիզիկապես։ Բաբաջանյանը, որ մինչ այդ նստում էր Մանե Թանդիլյանի եւ Հրանտ Այվազյանի մեջտեղում, դահլիճում երեկ փոխեց իր տեղն ու տեղափոխվեց կողքի շարք՝ հանգրվանելով իմքայլական Վահե Ղալումյանի կողքը։ Ի դեպ, տեղն արդեն շատ խոսուն է՝ իշխանությանը մերձենալու առումով։ Բաբաջանյանի տեղափոխությունը երեկ միայն պատահաբար քվեարկության ժամանակ նկատեցին պատգամավորները, ԱԺ նախագահն էլ հաստատեց փաստը․ «Այո, Բաբաջանյան Արմանը տեղափոխվել է»։

Այս հատվածում, բացի «Իմ քայլի» պատգամավորներից, նստում են նաեւ ԲՀԿ պատգամավորները։ Այս շարքը Բաբաջանյանի համար խորհրդանշական է նրանով, որ նա՝ որպես անկախ պատգամավոր, հայտնվելով պատգամավորների հենց այս հատվածում, ոչ իշխանական «Իմ քայլի» հետ կասոցացվի, այլեւս չի դիտարկվի որպես թունդ ընդդիմադիր։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանն ու ԼՀԿ-ն Արման Բաբաջանյանից պահանջել էին հետ տալ իրենց շնորհիվ ստացած մանդատը, բայց Բաբաջանյանը հրապարակավ հայտարարեց, որ նման մտադրություն չունի, ու հիմա կարծես նորովի է փորձում դիրքավորվել՝ որպես անկախ իշխանամերձ ուժ։