2020 թ. մարտի 3-ին «Հրապարակը» գրեց, 2021 թ. հունիսին՝ հաստատվեց

2020 թ. մարտի 3-ին «Հրապարակը» գրեց, 2021 թ. հունիսին՝ հաստատվեց

Մենք՝ լրագրողներս, հետեւողական չենք մեր աշխատանքի մեջ։ Երբ մեր գրած տեղեկատվությունը փրփրաբերան հերքում են՝ մեզ վարկաբեկելով ու ֆեյք-նյուզ անվանելով, հետո անցնում է որոշ ժամանակ, եւ տեղեկատվությունը հաստատվում է, այդ հերքողներից հաշիվ չենք պահանջում եւ նրանց կեղծ բարեպաշտ դիմակները չենք պատռում, որպեսզի հասարակությունը ճանաչի նրանց։ Այսօր որոշել ենք բացառություն անել եւ մի լուրի ոդիսականը ներկայացնել ձեզ։

2020 թվականի մարտի 3-ին «Հրապարակ» օրաթերթում մի փոքրիկ լուր տպագրվեց․ «Երեկ, ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, սակայն ուշ ժամի պատճառով չկարողացանք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Որոշման հիմքում քաղաքական, գուցե նաեւ իրավական հիմնավորումներ են դրված։ Գրավոր հարցում ենք ուղարկել, տեղեկությունը ստանալուն պես կհրապարակենք»։

Այս լուրն իսկական փոթորիկ առաջացրեց խաղաղ ծովում։ Այն լայնորեն տարածվեց, եւ ով չալարեց, հերքեց ու դատապարտեց մեզ՝ «կեղծ լուր տարածելու» համար, չնայած հաջորդ օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ մեր հարցմանն ի պատասխան, հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, ինչը եւս վկայում էր դրա ճշմարտացի լինելու մասին։

Եվ քանի որ 2020թ․ մարտի 31-ին նախատեսված էին Արցախի նախագահի ընտրությունները, եւ նշված երկու անձինք հավակնում էին ԱՀ նախագահի պաշտոնին, աղմուկը մեծ էր, բայց ճշմարտությունը հերքելու իմաստը չկար, քանի որ վաղ թե ուշ ամեն ինչ բացահայտվում է՝ հաստատվելու էր նաեւ մեր լուրը։ Բայց ստախոսներն այլ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ այս պահին հերքենք, հետո, երբ պարզվի, որ հերքումը կեղծ է՝ մի մասը կիմանա, մյուսները՝ ոչ։

Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հաջորդ օրը եւեթ՝ մարտի 4-ին, «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությանն ասել էր․ «Ռուսաստան իմ մուտքի արգելքի մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է»։ Իսկ լրատվական գործակալությունն իր կողմից հավելել էր․ «Իսկ հիմա փորձենք անել սեփական եզրակացությունները` hամառոտ: «Նոր Հայաստանի» դեմ աշխատող «Հրապարակն» ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում՝ ի շահ «անցյալի թեկնածու» Արայիկ Հարությունյանի։ Եվ, ուշադրություն` հօգուտ Ադրբեջանի։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում հարեւան երկրի ԶԼՄ-ներում ուրախ էմոցիաների պոռթկումը՝ կապված Մայիլյանի եւ Բաբայանի՝ Ռուսաստան այցերն արգելելու «նորության» հետ։ Մնացած եզրահանգումները թողնում ենք արցախցի ընտրողներին»։

Սամվել Բաբայանն ավելի ազնիվ գտնվեց այդ օրերին՝ նրա գրասենյակը հաղորդագրություն տարածեց․ «Արցախի նախագահի թեկնածու Սամվել Բաբայանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է իր մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում»։

Իսկ մեր հրապարակած լուրը շարունակում էր ձնագնդի էֆեկտով ծավալվել՝ տելեգրամյան ալիքներում հայտնվեց մուտքի արգելքի մասին վկայող մի փաստաթղթի սքրին-շոթ, ենթադրաբար՝ սահմանային անցակետից, որտեղ նշում կար՝ անձին ՌԴ չթողնելու։ Բայց դա էլ չդիտվեց որպես միանշանակ ապացույց։ Եվ միայն 2020-ի հոկտեմբերին՝ պատերազմի թեժ օրերին Մոսկվա մեկնած Մասիս Մայիլյանին երբ չթույլատրեցին դուրս գալ օդանավակայանից, եւ դրա մասին փաստացի ապացույց հրապարակվեց, խոսակցությունները, որ մեր հրապարակած լուրը կեղծ էր, լռեցին։
Իսկ 2 օր առաջ արդեն Սամվել Բաբայանը մի վրդովված տեքստ-մեկնաբանություն տարածեց, որտեղ անդրադարձավ Ռուսաստանի հետ իր հարաբերություններին եւ նույնպես հաստատեց մարտի 3-ի մեր լուրը․

«Արցախյան ընտրություններից առաջ ինձ է դիմել հենց այդ 5-րդ շարասյունը, որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին․․․ Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միեւնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում՝ նաեւ քոչարյանա-սերժական շահերը: Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը եւ գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից:

Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաեւ զրկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից․․․ ինտրիգներով եւ ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը»:

Ահա եւ «Հրապարակի» կեղծ լուրի ոդիսականը։ Բայց այս հրապարակումը թերի կլիներ, եթե չներկայացնեինք մեր լուրը հերքողներից եւս մեկի գրառումը։ Մարդ, ով առաջին հայացքից ոչ մի կապ չուներ ո՛չ Մասիս Մայիլյանի, ո՛չ Սամվել Բաբայանի հետ, բայց ամենից շատ էր վրդովվել այդ լուրից եւ մարտի 23-ին մի ծավալուն գրառում էր արել՝ ««Հրապարակը» լրատվամիջո՞ց է, թե՞ հանցագործներին սատարելու օրգան» վերնագրով։ Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան։ 

Ի՞նչ էր գրել Հանրային խորհրդի նախկին նախագահն իր զազրելի տեքստում․

«Ինչպես հիշում եք՝ ս․թ․ մարտի 3-ին «Հրապարակ» թերթը կեսգիշերին մոտ չճշտված «էքսկլյուզիվ լուր» տպեց, թե «երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, սակայն ուշ ժամի պատճառով չկարողացանք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ։

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել»։ Ինչպես նկատում ենք՝ թերթը գրել էր, թե «փորձել է» կեսգիշերին հարցում անել լուրի իսկությունը հավաստելու համար, սակայն «չսպասելով» մինչեւ առավոտ, «էքսկլյուզիվ» տպագրել էր այն։ Հետագայում պարզվեց, որ նման արգելք ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ Մասիս Մայիլյանի համար գոյություն չունի։ Թերթը հրապարակավ ներողություն չխնդրեց ո՛չ հայ հանրությունից, ո՛չ էլ նշված անձանցից ապատեղեկատվության ու զրպարտության համար, մանավանդ, որ քոչարյանական լրատվամիջոցներն այն լայնորեն շրջանառել էին որպես իրականություն․․․ Գուգլ որոնման համակարգով փնտրեք ու կտեսնեք, թե որ լրատվամիջոցներն են դրանք տարածել՝ գերազանցապես նախկին իշխանությանը սատարողները․․․»։

Ապա անդրադարձել էր մեկ այլ հրապարակման, որի հեղինակ Սյուզան Սիմոնյանը զանգահարել է իրեն եւ ինչ-որ հարցեր տվել, բայց չծանրաբեռնենք ընթերցողին երկրորդ թեմայով, որը Սաֆարյանին է վերաբերում։ Ուշագրավ է գրառման, որն ինքը հետաքննություն է կոչում, ավարտը․

«․․․Պարոնայք Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի իրավասության ներքո է՝ որոշումներ կայացնել այս կայքի պատասխանատվության մասով։ Իսկ իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում, թե ինչ կեղտոտ ու անբարո գործունեությամբ է զբաղված սույն թերթոնը՝ խոսքի ազատության անվան տակ․․․

Պարզապես մի բան գիտեմ․ նման անմաքուր գործունեությունից հետո ցանկացած խմբագիր ու լրագրող (Սյուզան Սիմոնյանին նկատի ունի՝ Ա․ Օ․) գետնի մեջ համապատասխան ճեղք կփնտրեին՝ այնտեղ մտնելու ու այլեւս դուրս չգալու համար․․․ Ինձ համար դուք գոյություն չունեք որպես լրագրող ու խմբագիր։ Ու սա առաջին դեպքը չէ, որ զայրանամ կամ զարմանամ։ Եթե մի բան կա, որ ինձ դուր է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծում, ապա դա ձեր նման թերթերին ու լրագրողներին իրենց տեղը ցույց տալն է։ Ու ես դա միշտ անելու եմ սիրով եւ մշտապես։
Ու իմ բաց նամակ-հոդվածն էլ ավարտում եմ հարցով՝ արդյո՞ք լրագրություն է այն, ինչը մատուցում է «Հրապարակը», թե՞ հանցագործության հովանավորչություն․․․»։

Այս բարբաջանքից մեկ տարի անց մենք իրավունք ունե՞նք ասելու՝ Ստյոպա Սաֆարյան, արժեր, որ «մի ճեղք գտնեիր եւ մտնեիր այնտեղ ու այլեւս դուրս չգայիր», որովհետեւ կյանքը՝ թեկուզ մեկ տարի անց, ապացուցում է մեր հրապարակումների ճշմարտացիությունը եւ մեր ծառայությունը՝ ազատ խոսքին։ Իսկ թե դու ում եւ ինչին ես ծառայում, մեր բարոյականությունը եւ ընթերցողի հանդեպ հարգանքը թույլ չեն տալիս ասել։