«Ընդդեմ» դաշինքը սովորաբար ձախողվում է

«Ընդդեմ» դաշինքը սովորաբար ձախողվում է

Ֆեյսբուքում «գրվում եմ» նախագահի թեկնածու Մասիս Մայիկյանի երդվյալ աջակիցներից մեկի հետ: Հարցնում եմ. «Ի՞նչն է միավորում Սամվել Բաբայանին եւ Մասիս Մայիլյանին»:

Պատասխանում է. «Շատ բան: Ընդհանուր անցյալ, ընդդիմադիր գործունեություն, նույն նպատակներ»: Փորձում եմ կոնկրետացնել. «Ընդհանուր անցյալը ո՞րն է»: Սիրահոժար պարզաբանում է. «Պատերազմի տարիներին եւ դրանից հետո համատեղ աշխատել են, Մայիլյանը նրա քաղաքական հարցերով խորհրդականն էր»:

Մայիլյանի պաշտոնական կենսագրականում այդ մասին ակնարկ իսկ չկա: Եթե նա, լինելով ԱԳՆ պաշտոնյա, միաժամանակ հանդիսացել է նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի քաղաքական հարցերով խորհրդական, ապա դրանում անբնական ոչինչ չկա: Այն տարիներին Սամվել Բաբայանը բավական ակտիվ շփումներ էր ունենում միջնորդների  հետ եւ շատ հնարավոր է, որ իշխանությունները, նկատի ունենալով  պաշտոնի առանձնահատկությունը, նպատակահարմար են գտել, որպեսզի ԱԳՆ աշխատակիցը որոշ խորհրդատվական ծառայություններ մատուցի նրան: Բայց  Մայիլյանն ինչու՞ իր կենսագրության այդ կարեւոր դրվագը մոռացության է մատնել: 2000թ. մարտի 22-ից հետո  չի՞ ցանկացել, որ իր անունը կապվի Սամվել Բաբայանի հետ, թե  քաղաքական խորհրդական է եղել անձնակա՞ն նախաձեռնությամբ, այսպես ասած՝ ինկոգնիտո՞:

ՊԲ հրամանատարի պաշտոնում Սամվել Բաբայանը նաեւ այլ՝ տնտեսական, գաղափարական, տեղեկատվա-քարոզչական հարցերով ոչ պաշտոնական խորհրդականներ է ունեցել, որոնք այդ մասին նույնպես գերադասում են լռել: Համենայն դեպս՝ առ այսօր: Բայց դա հարցի մի, ոչ այնքան էական, կողմն է: Առավել կարեւոր է, որ այսօր Սամվել Բաբայանն Արցախի նախագահի պաշտոնում առաջ է մղում քաղաքական հարցերով իր խորհրդականին: Ստացվում է, որ  ընտրել Մայիլյանին, նշանակում է փաստացի իշխանության բերել Սամվել  Բաբայանին: Ինչու՞: Զրուցակիցս հակիրճ ձեւակերպում է. «Ընդդեմ Արայիկի»: Այսինքն՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դեմ են միավորվել Սամվել Բաբայանը եւ քաղաքական հարցերով նրա խորհրդականը: Բայց քաղաքականությունից շատ, թե քիչ հասկացող յուրաքանչյուր ոք գիտի, որ «ընդդեմ դաշինքը» սովորաբար  ձախողվում է:

Հ. Գ. Ընդդիմախոսներս հաստատ աղմկելու են, թե ֆեյսբուքյան «երկխոսությունը» հնարածին է, Մայիլյանի թիմում օպորտունիստներ չկան եւ այլն եւ այլն: Կարող էի այստեղ տեղադրել մեր գրագրության սքրինշոտը, բայց հարգում եմ զրուցակցիս անկեղծությունը եւ չեմ ուզում նրան մատնել  ինկվիզիցիայի: