Իսրայելում ներքաղաքական ծայրահեղ իրավիճակ է, իսկ հայ համայնքն ակտիվացել է․ Չերնամորյան

Իսրայելում ներքաղաքական ծայրահեղ իրավիճակ է, իսկ հայ համայնքն ակտիվացել է․ Չերնամորյան

Իսրայելի ընդդիմությունը հայտարարել է հակակառավարական ցույցերի  «կաթվածահարության» շաբաթի մասին՝ ընդդեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության դատաիրավական բարեփոխումների։ Երկրի տարբեր շրջաններում մի քանի շաբաթ է, ինչ փողոց են դուրս գալիս հարյուր հազարավոր իսրայելցիներ։ Դա, բնականաբար, լուրջ զարգացումներ է ենթադրում հրեական պետության ներքաղաքական կյանքում։

Ի՞նչ է տեղի ունենում Իսրայելում և ինչպիսի՞ն է այնտեղ ապրող հայերի վերաբերմունքն այդ ամենին․ «Հրապարակ»-ի հարցերին պատասխանել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

- Իսրայելում դժգոհության մեծ ալիք է բարձրացել դատաիրավական բարեփոխումների դեմ․ հարյուր հազարավոր մարդիկ բողոքում են կառավարության այդ նախաձեռնության դեմ, տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, հայտարարվել է «կաթվածահարության» շաբաթի մասին։ Ի՞նչ է, իրականում տեղի ունենում, որքանո՞վ հանրային ընդվզումը կարող է վերաճել ներքաղաքական լուրջ առճակատման։

Ա․Չ․ - Արդեն իսկ իրավիճակը ծայրաստիճան լարված է Իսրայելում։ Ըստ կազմակերպիչների, միայն մարտի 25-ին բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 630 հազար մարդ։ Բացի այդ ամեն շաբաթ օրական ռեկորդներ են գրանցվում ցույցերի մասնակիցների թվի հետ կապված։ Իրականում վիճակն առավել քան լուրջ է․ այդ իմաստով, Իսրայելի հրեական բնակչությունը կիսվել է երկու մասի, այսինքն՝ կարծիքները բաժանվել են երկու մասի։

- Իսկ ինչպիսի՞ն է Իսրայելում ապրող մեր հայրենակիցների վերաբերմունքն խնդրո առարկային․ միգուցե հայկական համայնքը ևս բողոքի իր ձայնն է արտահայտում։

Ա․Չ․ - Իսրայելում ապրող մեր հայրենակիցների մեծ մասի հայացքները ձախակողմյան են և, բնականաբար, աջակցում են տեղի ունեցող բողոքի ցույցերին, սակայն հայկական համայնքներն ու կազմակերպությունները որևէ կերպ ուղիղ մասնակցություն չեն ցուցաբերում զանգվածային ակցիաներին։ Երուսաղեմի հայ համայնքը, ավանդաբար, նման հարցերում չեզոք է մնում և չի խառնվում քաղաքական իրադարձություններին, չի մասնակցում ցույցերին։ Ինչ վերաբերում է երկրի կենտրոնում, հյուսիսում գտնվող հայկական կազմակերպություններին և միություններին, ապա որպես Իսրայելի քաղաքացիներ՝ մենք կողմ ենք, սատարում ենք անհնազանդության այդպիսի ակցիաներին և դեմ ենք երկրում բռնապետական ռեժիմի հաստատմանը։

- Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմումից հետո, նոր համազգային նախաձեռնությամբ եք հանդես եկել․ Պետախ Տիկվայի համայնքների այգին այս տարվա ապրիլի 2-ին կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով։ Հայաստանի ոչ բարեկամ երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից համարվող Իսրայելում դժվար չէ՞ նման գործողություններ իրականացնել․ այդ ամենը կյանքի կոչելու համար ձեզնից, հավանավար, առհելի ջանքեր են պահանջվում։

Ա․ Չ․ - Իհարկե, դժվար է։ Բայց իսրայելական հողի վրա 2020 թ․ Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանի տեղադրումից հետո գործընթացները, կարծես թե, ավելի են հեշտացել։ Անցյալ տարի Պետախ Տիկվայի հայկական միությունները հանդիպումներ ունեցան քաղաքապետի և ավագանու անդամների հետ։ Հնարավորություն եղավ՝ ներկայացնելու մեր ծրագրերը, և վստահաբար կարող եմ ասել, որ դրանց առյուծի բաժինը, որոնք քաղաքապետարանը կարող էր սատարել, աջակցություն ստացավ։ Ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրի հետ կապված նախաձեռնությանը, մենք քաղաքապետարանին բացատրական նամակ ենք ուղարկել և նկարագրել, թե ով է Ազնավուրը և թե ինչու՞ ենք հատկապես իր անունով ցանկանում կոչել համայնքների այգին։  Տեղեկացրել ենք նաև, որ Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ հայրը և մայրը Ֆրանսիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ոչ միայն աջակցել է Միսակ Մանուշյանի պարտիզանական խմբին, այլև շատ հրեաների են իրենց մոտ թաքցրել, փրկել են բազմաթիվ հրեաների կյանքեր։ Եվ քանի որ Շառլ Ազնավուրը խորհրդանշում է հայ-հրեական բարեկամությունը, քաղաքապետարանում այգու անվանակոչման հետ կապված ոչ մի հարց չառաջացավ։

Հիշեցնեմ նաև, որ օրերս Հայֆայում, քաղաքապետարանի համաձայնությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ցուցատախտակի բացման, կից հրապարակի՝ Հայոց ցեղասպանության անվամբ կոչելու հանդիսավոր արարողությունը։ Փաստն այն է, որ անկախ քաղաքական ու արտաքին ճնշումներից, Թուրքիայի դեսպանի գրած նամակներից, ԱԳՆ-ի՝ երկրի քաղաքապետարաններին ճնշելու փորձերից, քաղաքապետն ընտրովի է, համայնքային անդամներն ու ավագանին ընտրովի են, և նրանց վրա նման քաղաքական որոշումները կարող են ազդեցություն չունենալ։ Սրանով է պայմանավորված, որ, օրինակ, Պետախ Տիկվայի քաղաքապետը իշխող՝ Լիկուդ կուսակցությունից է, բայց անտեսելով Թուրքիայի և ադրբեջանական լոբբինգի ջանքերին, զանգերին, դիմումներին, համաձայնեց թույլտվություն տալ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցմանը։

Զրուցեց՝ Արա Ալոյանը