Արցախում Սահմանադրությունը շարունակո՞ւմ է գործել

Արցախում Սահմանադրությունը շարունակո՞ւմ է գործել

Արցախում իշխանամերձ շրջանակները վտանգավոր հայտարարություններ են անում եւ վտանգավոր ազդակներ տարածում։ Իշխանամետ քաղաքական գործիչները, խոսելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն Արցախում եւս ծավալելու հավանականության մասին, փորձում են Արցախի ներքաղաքական զարգացումները կապել, այսպես ասած, արտաքին մարտահրավերների հետ՝ շեշտելով, որ Արցախում քաղաքական գործընթացներ իրականացնելն անհնարին է արտաքին մարտահրավերների ներկայիս պայմաններում, ինչպես նաեւ շեշտում են ռազմական դրության պայմանները։

Ընդհանրապես, վերջին շրջանում Արցախում ամեն ինչ, ցանկացած գործընթաց կապում են արտաքին մարտահրավերների հետ, ինչն Արցախի իշխանությունների համար յուրօրինակ փրկօղակ է դարձել։ Իհարկե, ներկայիս իրավիճակում պետք է հաշվի առնել արտաքին մարտահրավերները, սակայն դա չպետք է դառնա քաղաքացիների իրավունքների ոտնահարման, չարաշահումների եւ, որ առավել կարեւոր է՝ Արցախի պետականության վտանգման պատճառ: Արցախի իշխանությունները պետք է նաեւ հասկանան, որ Արցախում բնակվում են մարդիկ, որոնք ունեն իրավունքներ, ու այդ իրավունքների իրագործման համար անհրաժեշտ պայմաններ պետք է ապահովվեն:

Գիտակցաբար են անում, թե ոչ, բայց նման գործելակերպն ուղիղ հարվածում է Արցախի պետականությանը։ Այսինքն՝ ներքաղաքական գործընթացները կամ հնարավոր ընտրությունների կազմակերպումը փորձելով դիտարկել արտաքին ուժերի կամ առավել եւս թշնամական պետությունների գործողությունների համատեքստում՝ ուղիղ կերպով կասկածի տակ է դրվում Արցախի պետականությունը ու ասվում է, որ Արցախում պետականությունը կախված է արտաքին միջավայրից։ Սրանով նաեւ կասկածի տակ է դրվում Արցախի ինքնիշխանությունը` սուվերենությունը: Սա ոչ այլ ինչ է, քան, այսպես ասած՝ «նշաձողի» հերթական իջեցում։

Վերջին պատերազմից հետո միակ բանը, որ մենք կարողացել ենք պահպանել Արցախում, կայացած պետական համակարգ ունեցող պետականությունն է կամ դե ֆակտո պետությունը, որը չի վիճարկվել որեւէ արտաքին ուժի կողմից։ Արցախում պետականության գոյությունը կասկածի տակ է դնում միայն ադրբեջանաթուրքական տանդեմը։ Ու այս համատեքստում իշխանական շրջանակների՝ սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տարված փորձերը, որոնք «պետականություն» հասկացությունը կասկածի տակ են դնում, անթույլատրելի են ու դատապարտելի։