ԲԴԽ-ի որոշումները պետք է բողոքարկվեն եւ վերանայվեն

ԲԴԽ-ի որոշումները պետք է բողոքարկվեն եւ վերանայվեն

Երեկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը: Նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ «Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նիստին մասնակցելու եւ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների նախատեսմանը եւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ E-draft.am-ի արդիականացմանն ուղղված թվայնացման աշխատանքներին եւ այլն: Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նիստի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման մեխանիզմների մշակման եւ կենսագործման վերաբերյալ»:

Նկատենք, որ արդարադատության նախարարությունը Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների մշակման գործընթացը սկսեց այն բանից հետո, երբ 2022-ի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ կայացրեց` արձանագրելով, որ հայաստանյան պետական մարմինները խախտել են դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։ Թեեւ ինքը՝ Մնացականյանը, այլեւ չի իմանա այս հաղթանակի մասին, որովհետեւ 2021 թվականին մահացել է։

Սակայն ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է 4 հազար 900 եվրո վճարել հանգուցյալ դատավորի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ իրավական կարեւոր որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ դատավոր Մնացականյանին 2011-ին աշխատանքից ազատել էին այն պատճառաբանությամբ, որ նա պատշաճ չի հիմնավորել գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակելու որոշումը։ Մինչդեռ կալանքը գրավով փոխարինելու որոշմանը համաձայնել էր նաեւ գործով մեղադրողը։ Դատավորը չէր կարողացել բողոքարկել այս որոշումը հայաստանյան դատարաններում, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ որոշել է, որ խախտվել է անձի` ներպետական դատական համակարգ դիմելու, Հայաստանի ներսում իր ոտնահարված իրավունքները վերականգնելու իրավունքը:

ՄԻԵԴ-ում Մնացականյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ո՛չ նախկին, ո՛չ էլ օրվա իշխանությունները չեն ցանկանում կատարել ՄԻԵԴ պահանջը՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմները կյանքի կոչել։

«Նրանք իրենց գործողություններով բազմիցս ապացուցել են, որ չեն ցանկանում բողոքարկման մեխանիզմները կյանքի կոչել: Դա գալիս է դեռ 2005 թվականից: Հիմնական սկզբունքը, որ առաջարկել է Եվրոպական խորհուրդը` որպես եվրոպական մոդել, այն է, որ ԲԴԽ-ի որոշումները պետք է լինեն բողոքարկման ենթակա, օրինակ՝ Վճռաբեկ դատարանում կամ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում, սակայն թե՛ նախկին, թե՛ օրվա իշխանությունները համառորեն չեն ուզում կատարել այս առաջարկություն-պահանջը: Այս կոմպրոմիսային տարբերակի մասին նշել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը, այն է՝ ԲԴԽ-ի ներսում ստեղծել երկու պալատ, ինչպես Եվրոպական դատարանում է: Այսինքն` պետք է լինի որոշում կայացնող մարմին եւ նույն կառույցում պետք է լինի բողոքարկման մարմին: Չեմ կարող ասել, թե արդարադատության նախարարությունում ՀԿ-ների հետ ինչ են քննարկել, սակայն, հավանաբար, ԲԴԽ-ի որոշումները բողոքարկելուն է այն վերաբերում: Այլ քննարկելու բան թերեւս չկա»,- նշեց իրավաբանը:

Հարցին, թե ինչու իշխանությունները շահագրգռված չեն ԲԴԽ որոշումները բողոքարկելու մեխանիզմը կյանքի կոչելու խնդրով, Արա Ղազարյանն ասաց. «Փաստն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում, որ դատավորները ԲԴԽ-ի որոշումները բողոքարկեն դատարանում: Եվրոպական դատարանում երկու գործ եմ շահել: Եվրոպական դատարանը նշել է, որ դատավորները գործը բողոքարկելու հնարավորություն պետք է ունենան»:

Վերջին գործընթացների լույսի ներքո, երբ ԲԴԽ-ն առանց որեւէ լուրջ հիմնավորման դատավորների լիազորություններ է դադարեցնում՝ ուղղակի հին, փորձառու դատավորների կոտորած անելով, առավել ակտուալ է դարձնում ԲԴԽ օրապակաս որոշումների բողոքարկման եւ վերանայման հարցը։ Ճիշտ է՝ շատ քիչ հույս կա, որ նույն ԲԴԽ կազմում ձեւավորվող բողոքարկման հանձնաժողովը կարող է անաչառ լինել, քանի որ իշխանությունը հաջողացրեց ձեւավորել իրեն կամակատար Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ երկու անձ՝ Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը, թեւ-թեւի տված, իրականացնում են Նիկոլ Փաշինյանի կազմած ծրագիրը, բայց, ամեն դեպքում, դա կարող է լինել առաջին քայլը։ Հակառակ դեպքում ոտնահարված իրավունքներով դատավորներն իրենց իրավունքների վերականգնում կարող են տեսնել հետմահու, ինչպես Սամվել Մնացականյանի դեպքում եղավ։