Ո՛չ «սև» եմ, ո՛չ՝ «սպիտակ», ես դիտորդ եմ

Ո՛չ «սև» եմ, ո՛չ՝ «սպիտակ», ես դիտորդ եմ

Հենց այսպես կարելի է նկարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի պահվածքը: Նա իրեն պահում է Հայաստան ժամանած զբոսաշրջիկի պես՝ ոչ մի բանի չի խառնվում: Ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում երկրի ղեկավարը տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին, որովհետեւ նա լռում է, իսկ նրա, այսպես ասեմ՝ ցնցված թիմը, փախսահարված հոտի պես դեսուդեն է ընկել եւ ունեցած, իսկ ավելի ստույգ՝ չունեցած ինֆորմացիայի շրջանակում փորձում է հետ մղել սոցկայքերում ու առանձին լրատվամիջոցներում «սեւերի» սկսած գրոհները: Ասել, որ Փաշինյանի թիմը լռելյայն էր դիմագրավում «հարձակումը», այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ այդ թիմի առանձին «խիզախ» ներկայացուցիչներ, ֆեյքերին ու զոմբիներին չհաշված, այնուամենայնիվ, փորձեցին «պաշտպանական» գիծ ձեւավորել: Այս տեսանկյունից ամենաակտիվը թերեւս Հանրային խորհրդին «օրենքի ուժով» պարտադրված Ստյոպա Սաֆարյանն ու Դանիել Իոաննիսյանն էին, որոնց ֆեյսբուքյան գրառումներն ընդհուպ հոգեխանգարմունքի եզրին հասցրին անգամ երկաթյա նյարդեր ունեցող մարդկանց: Ստյոպան հայտարարություն արեց հանցագործության մասին՝ չմոռանալով նշել, որ ինքը նախապես իմացել է Արթուր Վանեցյանին սպառնացող վտանգների մասին, բայց վերջին պահին «սեւերը փոխեցին թիրախը» եւ սպանեցին Կուտոյանին: Սաֆարյանի «վարկածը», բնականաբար, բանի տեղ դնող չէր լինի, եթե չլիներ Հանրային խորհրդում նրա ունեցած հանգամանքը:

Բայց որքան մեծ էր Սաֆարյանի գրառման կապակցությամբ հանրային արձագանքը, նույնքան էլ անսահման էր հայրենի իրավապահների անտարբերությունն այն «ապացույցների» հանդեպ, որոնք Սաֆարյանը «կարող էր» տրամադրել՝ տեղի ունեցածն արագ եւ տաք հետքով բացահայտելու նպատակով: Սաֆարյանն ու Իոաննիսյանը, որը, ի դեպ, նույնպես համոզված է, որ սա «սեւերի» ձեռքի գործն է, դեռ չեն հարցաքննվել այս գործով:

Այս օրերին զարմանալիորեն պասիվ չէր աղմկահարույց գործեր տվող Արման Բաբաջանյանը, որի քարոզչամիջոցներն անգամ բավարարվեցին «Ինչո՞ւ սպանվեց Գեորգի Կուտոյանը», «Ո՞րն էր Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը» հարցական վերնագրերի ներքո մի քանի հրապարակումներով, որոնցում, բնականաբար, չկային իրենց իսկ հնչեցրած հարցերի պատասխանները: Բայց մենք շատ լավ ենք հիշում Բաբաջանյանի այն հայտարարությունները, որ Վանեցյանի հեռացումով ԱԱԾ-ի հարցը չի լուծվել, որ այդ կառույցում դեռ կան բազմաթիվ «վանեցյաններ»… Բաբաջանյանն էլ սովորական մահկանացու չէ, ինչպես գիտենք, եւ նրա այս հայտարարությունն էլ, կարծում ենք, համապատասխան շրջանակներում պետք է որոշակի հետաքրքրություն ներկայացնի ոչ միայն Կուտոյանի գործով, այլեւ ԱԱԾ-ն իսպառ փլուզելու սպառնալիքի տեսանկյունից:

Բավականին հետաքրքիր էր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը․ «Կուտոյանի հետ տեղի ունեցածն անցյալի արձագանքներից է: Այդ անցյալը մեզ հետ գալիս է մեր իրականությանը զուգահեռ հարթությունով, որի վրա մենք ազդեցություն չունենք, որի հետ մենք կապ չունենք»։ Այսպիսի մի բան էր ասել նա: ԱԺ փոխխոսնակն էլ, «փաստորեն», խոստովանում է, որ ՀՀ իշխանություններն ի զորու չեն ազդելու որոշակի պրոցեսների վրա, որոնք ընթանում են մեր իրականությանը զուգահեռ հարթությունում: Ահա եւ մենք իմացանք, որ նոր Հայաստանը, ըստ էության, միակ երկիրն է աշխարհում, որտեղ իրականությունը չի սահմանափակվում եռաչափ տարածության մեջ, եւ կա նաեւ մեկ այլ՝ 4-րդ հարթություն, որ գոյություն ունի մեր ընկալումներից դուրս: Փաստորեն, Նիկոլը ճիշտ էր՝ սատանա, այնուամենայնիվ կա, եւ նա զուգահեռ հարթությունից շարունակում է միջամտել մեր գործերին ու խոչընդոտել իշխանությունների աշխատանքը:

Ընդամենը մեկ հարց պարոն Սիմոնյանին՝ ի՞նչ եք կարծում, գոնե եռաչափ տարածության մեջ ՀՀ իշխանությունները կկարողանա՞ն ապահովել երկրի անվտանգությունը, թե՞ հակառակորդը կարող է «վրա տալ» 4-րդ հարթությունից ու մեզ կոտորել հավի ճտերի պես:

Շատ չերկարացնեմ: Փաշինյանի լռությունն այս իրավիճակում իսկապես ոսկի է: Ավելի լավ է չխոսի, չգրի, հանրային վայրերում էլ շատ չերեւա: Նույնը վերաբերում է նրա ընտանիքի անդամներին: Իսկապես բարեբախտություն էր, որ Մարիամիկը որեւէ գրառում չարեց այս օրերին: Փաշինյանն իր լռությամբ, կարծում եմ, ժամանակ շահեց: Նա թողեց, որ «սեւերն» ու «սպիտակները» նախ մի լավ սրախողխող անեն միմյանց, որպեսզի հետո, երբ ինքը խոսի, այն ընկալվի որպես «արբիտրի» խոսք: Փաշինյանի լռությունն իսկապես ոսկի էր այս առումով, բայց նույնը չի կարելի ասել նրա պահվածքի մյուս բաղադրիչների մասին՝ պաշտոնապես չցավակցել, հոգեհանգստին պսակ չուղարկել, Կուտոյանի կնոջ հետ անձամբ չտեսակցել, չփորձել, այսպես ասած՝ «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի առեղծվածային մահվան հանգամանքների մասին: Փաշինյանն իրեն իներտ է պահում, որ շատ զարմանալի է: Նա չէ՞ր կառավարության նիստին հայտարարում, որ Հայաստանում, քանի դեռ ինքն է ղեկավարը, որեւէ տեսակի բռնություն չպետք է լինի։ Իսկ ի՞նչ են նշանակում այն հայտարարությունները, որ ՀՀ իշխանություններն այս օրերին անընդհատ լսեցնում են. «Կուտոյանը որեւէ գործով ներգրավված չէր»: Այսինքն՝ ի՞նչ են ուզում ասել դրանով, մի՞թե, որ՝ «ներգրավված լինելը» շատ լավ պատճառ է սպանության, ինքնասպանության, հոգին ավանդելու համար:

Քյոհնա ֆեյսբուքիստները կասեին՝ մի հատ հավաքեք ձեզ: Հասկացանք, տեղի ունեցածից դուք էլ եք ցնցված, սիրելի իշխանություններ, բայց պետք է ուշքի գալ, որովհետեւ կյանքը շարունակվում է՝ անկախ ամեն ինչից: