Միլիոնների թերակատարում, պատմական մինիմում. «Լույսը»  «բռնել» է քաղաքապետարանի թերացումները

Միլիոնների թերակատարում, պատմական մինիմում. «Լույսը»  «բռնել» է քաղաքապետարանի թերացումները

Մարտի 19-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստը, որտեղ քննարկվելու է Երեւանի 2019-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Մինչ նիստը, խմբակցություններն այս օրերին զբաղված են դրա խորը ուսումնասիրությամբ: Մշտադիտարկման արդյունքում մի շարք թերություններ է հայտնաբերել ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը: «Լույս»-ի ղեկավար Դավիթ Խաժակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ թերություններ է գտել. «Ծախսերի մասով կատարողական շատ ցածր ցուցանիշներ են արձանագրվել, ինչը նշանակում է, որ եղել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք չեն կատարվել»:

-Օրինակ կբերե՞ք:

-Օրինակ՝ մենք համայնքում ունենք մանկապարտեզների բարեկարգման լուրջ խնդիր, այսինքն՝ մեր մանկապարտեզները բավականին անմխիթար վիճակում են գտնվում: 2019 թվականին Երեւանի ավագանին նախատեսել էր 1 միլիարդից ավելի գումար ծախսել մանկապարտեզների բարեկարգման վրա, նախատեսված գումարից քաղաքապետարանը ծախսել է 10 տոկոսը, եւ ստացվում է, որ մենք ունենք 90 տոկոսի թերակատարում, ավագանին նախատեսել էր 1 միլիարդ 400 միլիոն, աշխատանք է արվել 125 միլիոնի: Սա` մանկապարտեզների մասով: Զբոսաշրջության մասով մենք պլանավորել էինք, որ 138 միլիոն դրամի պետք է  իրականացվի, որ կարողանանք տարբեր զբոսաշրջային գրավչության ծրագրեր իրականացնել, քաղաքապետարանը ծախսել է նախատեսված գումարի ընդամենը 15 տոկոսը, ինչը նշանակում  է, որ մենք 85 տոկոսի թերակատարում ենք ունեցել: Հաջորդը. մենք գիտենք, որ մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության վերաբերյալ խնդիրներ կան, դրա համար նախատեսվել էր 100 միլիոն դրամ՝ թեքահարթակների կառուցում: Քաղաքապետարանն արել է նախատեսված աշխատանքի ընդամենը 27 տոկոսը, փաստորեն, մենք ունենք 73 տոկոսի թերակատարում: Էսպես կարող եմ շատ շարունակել:

-Մնացած գումարն ի՞նչ է եղել:

-Մնացած գումարները կուտակվել են, մնացել են որպես չծախսված միջոցներ, եւ այս աշխատանքն այնքանով է մնում չկատարված, որ քաղաքապետարանը որոշել է այդ գումարները դնել որպես հեշտ գնում՝ միանգամից ձեռք բերելով 500 վերելակ, ուստի մենք պետք  է բոլորս իմանանք, որ էն 500 վերելակները, որոնք խոստացել է քաղաքապետարանը, ոչ թե լրացուցիչ կամ խնայված միջոցների հաշվին է, այլ մանկապարտեզների, թեքահարթակների, ոռոգման ցանցի, սիզամարգերի ստեղծման, բազմաթիվ էսպիսի ծախսերի հաշվին է: Մոտավոր նույնն է, որ մարդը կարող է 1 ամիս նորմալ չսնվի, միայն բրինձ ուտի, ջուր խմի, վերջում էլ գնա, մի օր ռեստորանում ճոխ հաց ուտի:

-Այստեղ կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն:

-Կոռուպցիայի բան էստեղ, որպես էդպիսին, չկա, այդ գումարը չի ծախսվել, փողը մնացել է, հիմա պետք է վերելակ գնեն: Ընդամենը անարդյունավետ ծախս է:

-Նախորդ տարվա կատարողականի հետ եթե համեմատություն անեք, պատկերը խիստ տարբե՞ր է:

-Նախորդ տարի, ուրեմն, եղել է անցումային շրջան: Ունեցել ենք վատ ցուցանիշ, որը համարել ենք ընդունելի, այս տարվա ցուցանիշն ավելի վատն է, քան 2018-ինը: Սրանով մենք արձանագրում ենք կատարողականի պատմական մինիմում:

-Տարոն Մարգարյանի ժամանակ նման թերակատարում չի՞ եղել:

-Նման ցուցանիշ չի եղել, ըստ նախատեսվածի` իրականացվել են: Տեսեք, սիզամարգերի մասով միշտ ասվել է , որ կոռուպցիոն ռիսկեր կան գնումների մեջ, հիմա մենք ակնկալում ենք, որ պետք է ոչ կոռուպցիոն ձեւով արդյունավետ իրականացվեն: Սիզամարգերի մասով ավագանին նախատեսել է շուրջ 270 միլիոն դրամ, հիմա էս մասով ունեցել ենք 40 տոկոսի թերակատարում, 40 տոկոս ծախս չի կատարվել: Հիմա մենք հիշում ենք, որ 2019 թվականին քաղաքն անգույն վիճակում էր, ստացվում է, որ մենք  համեմատում ենք կոռուպցիոն կառավարումը անարդյունավետ կառավարման հետ ու տեսնում ենք, որ երկուսն էլ հավասարապես շատ վատ են:

-Դա կապվո՞ւմ է քաղաքապետի ոչ արդյունավետ կառավարման հետ:

-Էս ամենին հետեւողը, համակարգողը մեկ հոգի է, եւ դա քաղաքապետն է: Օրինակ՝ եկամուտների մասով ծախսերը նորմալ կատարվել են, դրա պատասխանատուն եղել է մեկ վարչություն, ըստ պատշաճի` վարչության պետն իր աշխատանքը կատարել է: Մնացած բոլոր գնումները, որոնք ես թվարկեցի, տարբեր վարչությունների մեջ են բաշխված, եւ էս բոլորի վարչությունների աշխատանքը համակարգում է մեկ մարդ՝ քաղաքապետը: Տեսնում ենք՝ ինչ վիճակում է հայտնվել: