Տապալում՝ տապալման հետեւից

Տապալում՝ տապալման հետեւից

Եթե նույնիսկ վերացարկվենք «արցախյան բեռից» ազատվելու տխմար գաղափարից, ապա 29800 քառ/կմ տարածքը «ժողովրդավարության բաստիոն» կամ «ժողովրդավարությունների էլիտար ակումբի անդամ» դարձնելու՝ Փաշինյան Նիկոլի գործը կարող ենք համարել տապալված: Տապալված է նաեւ ՀՀ բուն տարածքի անվտանգությունն ապահովելու նիկոլական խոստումը: Հատկապես անվտանգային առումով մեր երկիրն անկախության 30 տարում չի ունեցել այն տխուր պատկերը, որում գտնվում է փողոցային առաջնորդ Նիկոլի «թավշյա» հեղաշրջումից այս կողմ:
Միակ երեւույթը, որ կարող է դիտարկվել որպես կատարման ընթացքում գտնվող, այն էլ՝ խիստ թերի, նախկինների ձեռքից անօրինական գույք առգրավելու իրավական գործընթացն է:

Իսկ հաջողության դեպքում էլ ստացվելիք մի քանի տասնյակ միլիոն դոլարի գումարը կարող է ծառայել միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի փիառվելուն: Որովհետեւ այն մեծ գումար չէ նույնիսկ հայաստանյան մասշտաբով պետական բյուջեի (այսօրվա փոխարժեքով՝ 5 մլրդ դոլար) տեսակետից: Եվ նույնիսկ տնտեսական աճ ապահովելու նպատակով ներդրումներ անելու առումով էլ լուրջ գումար չէ: Իզուր չէր, որ 2018-ին վարչապետ կարգվելով՝ Փաշինյան Նիկոլն արեւմտյան երկրներից լուրջ գումարներ էր պահանջում՝ գլուխ գովելով, թե մի քանի տասնյակ միլիոն դոլար ինքը կունենա՝ ընդամենը թափահարելով նախկինների գրպանները:

Տապալված է նաեւ գիտելիքահեն եւ ապամոնոպոլիզացված տնտեսություն ստեղծելու գաղափարը: Էն, որ անունը դրել էր տնտեսական հեղափոխություն: Ոնց հասկանում եմ՝ բանանի ներկրումից բացի, որի մենաշնորհը վերացնելը դարձել էր նրա համար խիստ անձնական բնույթի հարց, մյուս ոլորտները փոփոխություն չեն կրել: Այլ ոլորտների մենաշնորհային ներկրողները կամ տեղականները նախկիններից վերափոխվել են նորերի: Ու լավ էլ գոյատեւում են գործող իշխանության թեւի տակ: Ինչ վերաբերում է գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գաղափարին, ապա, որքան տեղյակ եմ, մեկ-երկու ավտոմատացված կամ, այսպես կոչված, խելացի գոմ ստեղծելուց այն կողմ գործը չի գնացել: Էլ չեմ խոսում ավելի լուրջ նախագծերի մասին: Հա, մեկ էլ սեփական արբանյակ ունենալը (ինչը, ըստ լրագրող Ն. Հոխիկյանի, Նիկոլը տապալել է՝ չհասկանալով դրա նշանակությունը) վերափոխվել է վարձակալական հիմունքներով այն տնօրինելուն: Եվ կրկին օգտագործվել է Փաշինյանի փիառվելու համար: Պատկերացնում եք՝ որպես վարչապետ մերժել սեփականն ունենալու գաղափարը, իսկ երբ կյանքը, այնուամենայնիվ, ստիպեց ընդունել դրա անհրաժեշտությունը, վարձակալել օտարինը եւ դա դարձնել փիառվելու հիմք:

Տապալված է արժանիների կամ խելացիների իշխանություն (մերիտոկրատիա) ձեւավորելու փաշինյանական խոստումը: Իշխանության այս տեսակը նրա կողմից ներկայացվում էր որպես նախկինների օրոք երկրում առաջացած ու հաստատված բոլոր բացասական երեւույթները բուժելու համադարման: Այն իսկապես կարող էր դառնալ այդպիսին, եթե կյանքի կոչվեր, ինչի համար անհրաժեշտ էր քաղաքական կամք եւ կառավարելու ունակություն ունեցող համապատասխան թիմ:

Բայց չկար ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ մյուսը: Խոստացված մերիտոկրատիայի փոխարեն Հայաստանում ներդրվեց արեւմտյան շղարշով գավառական-ասիական (կասեի նույնիսկ՝ գեղցիական) տիպի կառավարում: Պետական համակարգի բոլոր ոլորտներում եւ մակարդակներում: Տեղական ինքնակառավարման մարմիններում (ավագանի) այն վաղուց գոյություն ուներ, եւ քառակուսի անիվներով հեծանիվ հայտնագործելու կարիք չեղավ: Եթե պատմության ուսուցիչը վերածվում է պատերազմի մեջ գտնվող պետության պաշտպանության նախարարի՝ դրանից այն կողմ իշխանությունը հակամերիտոկրատական լինել չի կարող: Այլ օրինակներ բերելն այդ դեպքում չունի որեւէ իմաստ:

Ի դեպ, նախկինների եւ հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ում համարյա ազգովի մերժեցինք եւ պետք էր ազգովի ներողություն խնդրեինք (անձամբ դա արել եմ), օրոք դանդաղորեն պետական համակարգը համալրվում էր գոնե խելացի մասնագետներով: Հաջորդ փուլում հերթը կհասներ արժանիներին՝ ընդհանրապես, այդպիսին է պատմական զարգացման տրամաբանությունը: Սակայն արեւմտյան օժանդակությամբ 2018 թվականի «թավշյա» հեղաշրջումից հետո այդ ընթացքը կտրուկ խզվեց: Եվ հաջորդ փուլի արժանիների փոխարեն ստացանք, ինչպես ասվեց, արեւմտյան շղարշով գեղցիական եւ ասիական (վատ իմաստով) կառավարման՝ արդեն չորսուկես տարի տեւող փուլ:

ՀԳ. Միակ բանը, որ նրա մոտ լավ է ստացվում, ինքն իրեն ու իր իշխանությունը փիառելն է՝ բանավոր խոսքի կամ միջոցառումների տեսքով: Այն էլ՝ հասարակության կիսագրագետ հատվածի շրջանում: