Իշխան Զաքարյանը կարո՞ղ է լքել «Պատիվ ունեմ» խմբակցությունը

Իշխան Զաքարյանը կարո՞ղ է լքել «Պատիվ ունեմ» խմբակցությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր Hraparak.tv-ի հյուրն էր։ Նրա հետ զրուցել ենք ինչպես Գորիս-Կապան մայրուղում ստեղծված իրավիճակի թեմայով, այնպես էլ ներքաղաքական հարցերի շուրջ, այդ թվում՝ այն լուրերի, որ հնարավոր է՝ իրենց խմբակցությունը ճաքեր տա։ Մասնավորապես, խոսքը մամուլում հայտնված այն տեղեկությունների մասին է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը սերտ շփումների մեջ է ՔՊ-ից ընտրված օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, նրանց հաճախ են տեսնում միասին ռեստորաններում ընթրելիս։ Եվ խոսում են, որ նրա մի ոտքն արդեն խմբակցությունից դուրս է։ 

Ուստի հարցրինք Տիգրան Աբրահամյանին՝ խոսե՞լ է այս ընթացքում նրա հետ այս հարցով, կա՞ ռիսկ, որ դուրս կգա ֆրակցիայից։

«Իր հետ այս թեմայով չեմ խոսել, մեկ բան կարող եմ ասել՝ ինչպես իր, այնպես էլ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ կապված նմանատիպ հրապարակումներ եղել են, հիմնական պարզաբանումը եղել է այն, որ եղել են ժամանակից եկող որոշակի հարաբերություններ, որոնք չեն կարող մինչև վերջ սառեցվել։

Քաղաքական հարթությունում, բնականաբար, սա լրիվ այլ իրականություն է, զուտ մարդկային հարաբերություններում լրիվ այլ հարթություն է։ Բայց ես հուսով եմ, որ մարդկային հարաբերություններով, որոնք այս կամ այն մարդու հետ նույնիսկ նվազագույն ձևով ապահովված են, քաղաքական հարթության մեջ որևէ որոշից դերակատարություն չեն ունենա»,-ասաց պարոն Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը դրված է ոչ միայն քաղաքական, այլև բարոյական հարթության վրա, և ինքը կարծում է, որ յուրաքանչյուր ոք, ով կցանկանա շեղվել իրականությունից, կունենա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական պատասխանատվության խնդիր։

«Այնպես որ ես այս պարագայում Իշխան Զաքարյանի և մնացած ընդդիմադիր գործիչների մասով այլ մեկնաբանություններ չեմ կարող անել»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: