Տնվորը դու՛ ես եղել, ոչ թե Հայաստանը

Տնվորը դու՛ ես եղել, ոչ թե Հայաստանը

Նման բան ասող մարդը, ղեկավար չեմ ասում, հոգեբանորեն ողջ կյանքում ապրել է տնվորի կարգավիճակում։ Նա իրեն ՀՀ քաղաքացի չի համարել, իր երկրի հազարամյա պատմությամբ չի հպարտացել, եղել է անտեսված, նախանձել է տան տերերին, որոնք շքեղ դղյակներ են ունեցել ու նախանձը, չարությունը, ատելությունը կրծել է նրա հոգին։ Տեսեք ինչ է ասում․  

«Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե էն, ինչ ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը....»։

Այս մարդն այնքան չար է ու եսակենտրոն, այնքան պրիմիտիվ, որ Հայաստանը համարում է 30-ամյա պատմություն ունեցող, որովհետև ինքը երեսուն տարի է, ինչ կյանք է մտել ու Հայաստանի գոյությունը չափում է իր գիտակցական տարիների թվով։ Փաստորեն Հայաստան չի եղել և երեսուն տարի է, ինչ գոյություն ունի։ Մարդը ինչքան սևեռված պիտի լինի նախկինների վրա, ինչքան պիտի ատի հայ ժողովրդի հաղթանակները, որ երեսուն տարուց այն կողմ բան չտեսնի։ 

Նա իր տանն էլ իրեն տնվոր է զգացել, այլապես նման բան չէր ասի։ Բայց փորձիր այդ տնվորին ասել՝ տունը քոնը չէ, որովհետև երկիրդ կադաստրի վկայական չունի, նա պատեպատ կխփի իրեն, բոլորին կխառնի իրեն ու ապացուցի, որ ինքը սեփականատեր է, որ դա իր սեփականությունն է։ Բայց առանց վարանելու ուրիշներին դուրս է հանում իրենց տներից, երկրից ու ասում՝ այս տունը քոնը չէ, դու երեսուն տարի ապրել ես ուրիշի տանը։ Իր տան համար գլուխ է կոտրում, ասում է՝ իմն է, բայց Հայաստան աշխարհի համար ասում է, որ կադաստրի վկայական չունի։ Ադրբեջա՞նը պիտի Հայաստանի կադաստրի վկայականը տա․․․ Ո՞վ ես դու քո երեսունամյա կարճ հիշողությամբ, ի՞նչ լեգիտիմություն կամ մանդատ ունես, որ  Արցախը հանձնում ու Հայաստանը ծվատում ես։ Ադրբեջանը կադաստրի վկայական ունի՞։ Նույն կերպ Ադրբեջանն է։ Ինչու՞ Ալիևը նման բան չի հայտարարում։ Ինչու՞ նա իր օդի մեջ ստեղծված պետությունը հազարամյա է համարում, իսկ դու քո հինավուրց երկիրը երեսուն տարվա պատմություն ունեցող ես համարում։ Ինչու՞ Հայաստան աշխարհին, ով հազարավոր տարիներ իր երկրի տերն է եղել տնվոր ես ասում։ Տնվորը դու՛ ես եղել, ոչ թե Հայաստանը։ Տնվոր լինելը, ինչպես աղքատ լինելը մարդու գիտակցության մեջ է։ Ողջ կյանքում, նույնիսկ ամենաբարձր պաշտոնը ստանալուց հետո, տնվոր ես մնացել։ Տնվորության հոտը հավիտենական խարանվել է քո մեջ։ Ամենավերջին ձևով մեզ նսեմացրել ես, հիմա էլ անցել ես մեր պահած, շահած, փայփայա՞ծ երկրին․․․