Քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են, պետք է քննարկել․ Ջանջուղազյանը՝ «առողջության հարկի» մասին

Քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են, պետք է քննարկել․ Ջանջուղազյանը՝ «առողջության հարկի» մասին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ առողջության ապահովագրության գաղափարին և դրա շրջանակներում քաղաքացիներից 6 տոկոս «առողջության հարկ» գանձելու հայեցակարգին, որ առաջ է քաշել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ ինքը դրա վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի և տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք: 
Ջանջուղազյանը նշեց, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի, բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: 

«Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց Ջանջուղազյանը։

Ըստ ֆինանսների նախարարի, եթե նույն վարձու աշխատողը դրա փոխարեն խնայողություններ գեներացներ, կկարողանար ներդրումներ կատարել, օրինակ, նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման միջոցառումները հաջողությամբ իրականացնելու հարցում: Մինչդեռ առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում, ըստ նրա, կստացվի, որ մարդը դրա փոխարեն ներդրում է կատարում առողջապահության համակարգում: 

«Դրա համար կարծում ենք, որ դեռ վաղ է խոսել այդպիսի սցենարների մասին`որպես կայացված որոշում: Կարծում ենք, որ հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նաև նկատեց, որ կա հարցի մյուս կողմը, որ առողջապահության համակարգում այսօր գնահատվում է, որ պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի մոտ 2 այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից: 

«Բայց եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին»,-ասաց նախարարը: