Վրաստանի վարչապետն առաջինը մտադիր է այցելել Բրյուսել, հետո՝ Բաքու

Վրաստանի վարչապետն առաջինը մտադիր է այցելել Բրյուսել, հետո՝ Բաքու

Հարևան Վրաստանի Հանրապետությունում փետրվարի 22-ից վարչապետի պաշտոնում հաստատված Իրակլի Ղարիբաշվիլին իր նոր պաշտոնում առաջին այցելությունը կկատարի Եվրոպական Միության կենտրոն՝ Բրյուսել, իսկ մյուս այցելությունը նախատեսված է դեպի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ 

Ղարիբաշվիլին երկրորդ անգամ է վարչապետի պաշտոնը զբաղեցնում, նախորդ անգամ պաշտոնավարել է 2013-15 թվականներին։ Իսկ երկրորդ պաշտոնավորումից առաջ զբաղեցնում էր երկրի Պաշտպանության նախարարի պաշտոնը (2019-21)։  Երեկ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության կազմին կողմ էր քվեարկել ՎՀ խորհրդարանի «Վրացական երազանքի» 89 պատգամավոր, դեմ՝ «Քաղաքացիներ» կուսակցության 2 անդամ, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորը ձեռնպահ էր մնացել: 

Մարտ ամսին Բրյուսել այցելելու մտադրության մասին Վրաստանի նորընծա վարչապետը հայտարարել էր երեկ, խորհրդարանում։ «Մարտի 15-ից 17-ը նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Վրաստանի և Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ Բրյուսելում, ուր ես կայցելեմ արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ», - ասել էր Ղարիբաշվիլին:

Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասն է 2014-ին ստորագրված Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրել էր նույն Ղարիաբաշվիլին, երբ վարչապետն էր:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել էր, որ առաջին այցելություններից մեկը կլինի Ադրբեջան։ «Ադրբեջանը մեր մտերիմ բարեկամն ու գործընկերն է, որը կառավարում է իմաստուն ղեկավար՝ պարոն Ալիևը, ում հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ, և առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մեզ նման հնարավորություն տա», - նշել էր քաղաքական գործիչը։

Վրաստանն Ադրբեջանի հետ ունի ընդհանուր 440 կիլոմետր երկարությամբ պետական ​​սահման, որի մեկ երրորդը դեռևս սահմանազատված չէ: Վիճելի վայրերից մեկում է մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հարավ-արևելք՝ Կախեթի մարզում տեղակայված Դավիթ Գարեջայի վանական համալիրը (6-րդ դար), որի մի մասին հավակնում է ադրբեջանական կողմը։ Վանական համալիրը 1991 թվականից ի վեր՝ ԽՍՀՄ-ից անկախացումից ի վեր, հակամարտության առարկա է Վրաստանի և Ադրբեջանի միջև: Անցյալ տարի Վրաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Վրաստանի տարածքի մի մասը օտարերկրյա պետությանը փոխանցելու» հոդվածով։ 

Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում նաև հայտարարել էր, որ երկխոսություն կլինի Ադրբեջանի հետ այս հարցով։ «Եվ ես հավատում եմ, որ պարոն Ալիևը և ադրբեջանական մեզ բարեկամական կողմը ողջամիտ որոշում կկայացնեն, և մենք կարող ենք ընդհանուր լեզու գտնել և համաձայնության գալ», - ընդգծել էր Վրաստանի վարչապետը:

Ամենայն հավանականությամբ, վրացական կողմը տարածքային փոխանակում կառաջարկի Ադրբեջանին, ինչպես նախկինում արել էր։ Չնայած ադրբեջանական կողմը նախկինում բացառել էր տարածքային փոխանակումը։