Ճիշտ ուղղությամբ գնալը

Ճիշտ ուղղությամբ գնալը

Բազմիցս եմ անդրադարձել Արոյին, որ Նիկոլի մոտ այսօր արտաքին գործերի նախարար է աշխատում: Նրան չեմ հարգել՝ երբ ոչ թե ինքը պաշտպանեց իր իրավունքները, այլ ես. երբ շուրջ 10 տարի առաջ համալսարանից հեռացրին ուսումնական ինչ-որ համարձակ (զարմանալիորեն) քայլի համար: Նրան չեմ հարգել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայրենասեր զանգվածը բողոքի ելավ ու ինքը բունկերում թաքնված Նիկոլի թեթև ձեռքով վերածվեց քավության նոխազի: Որպես Ազգային ժողովի նախագահ ինքը կարող էր ոչ թե ծեծվել, այլ առաջնորդել մարդկանց: Ինչը չարվեց, քանի որ չուներ դրա համարձակությունը, ու որպես բոնուս Նիկոլից ստացավ ԱԳ նախարարի պաշտոնը: Ասեմ, որ կառավարման համակարգում ֆորմալ առումով (նաև աշխատավարձերի հաշվարկման՝ պաշտոնային գործակիցների չափերով՝ 18 և 12, առաջնորդվելու պարագայում) ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր է, քան նախարարինը: Եվ առաջին հայացքից կարող է թվալ, թե դա պաշտոնի իջեցում էր: Ինչը հենց այդպես էլ կլիներ, եթե Արոն նշանակվեր ոչ թե արտաքին գործերի, այլ, ասենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար: Խոսքը  նիկոլական և ոչ թե նորմալ կառավարման համակարգի մասին է:

Ինչևէ, 2020 թվականի նոյեմբերյան այդ գիշերն Արոն ոչ միայն չառաջնորդեց բողոքավոր զանգվածին, այլև ընդհանրապես ձայն-ծպտուն չհանեց ծեծից հետո՝ կարծես Նիկոլը չէր գցել նրան մարդկանց ճանկը: Բացատրեմ՝ եթե չցանկանար Արոյի ծեծվելը, ապա նրան կզգուշացներ, ու վերջինս կթաքնվեր ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ Նիկոլը: Ինչպես, ի վերջո, ոչ բարով-խերով ողջ հայաստանյան իշխանությունը: Այնպես որ, կարող ենք վստահորեն արձանագրել՝ Նիկոլի գծած սցենարով Արոն պետք է ծեծվեր, որպեսզի հետո՝ երբ իրադրությունը խաղաղվեր, այդ ծեծն օգտագործվեր առավել արմատական հայրենասերներին իրավապահների ձեռքը հանձնելու և դա փիառելու նպատակով: Ինչը հենց հաստատում է այդ ժամանակ ԱԺ նախագահ Արոյին, որպես քավության նոխազ օգտագործելու, հանգամանքը: Ի դեպ, դա գիտակցվելու էր ոչ անմիջապես, այլ այն բանից հետո, երբ պարզ դարձավ գործող իշխանության՝ հակահայրենասիրական և հակահայաստանյան բնույթը:         

Իսկ այժմ անդրադառնամ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արարատի մամուլի ասուլիսից մի հատվածի: Արարատը, մանավորապես, հայտարարել է. «Ե՛վ քաղաքական երկխոսության առումով, և՛ անվտանգային առումով և՛ տնտեսական փոխկապակցվածության, այդ թվում և էներգետիկ փոխկապակցվածության առումով, և՛ ընդհանրապես արժեքների առումով Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնելու իր կապերը ԵՄ անդամ երկրների, Գերմանիայի հետ»: Փորձենք մեկ-մեկ վերլուծել մեջբերված հատվածում նշված ոլորտները (խնդիրները):

Առաջինը քաղաքական երկխոսության բնագավառն է: Թե ինչ է տալիս Հայաստանին այդ հարցում ԵՄ անդամ երկրների կամ առանձին Գերմանիայի հետ կապերի խորացումը՝ գիտեն երևի Նիկոլն ու Արոն: Համենայն դեպս, ես, որպես ամենօրյա կտրվածքով հայաստանյան մամուլը դիտարկող անձ, որևէ դրական բան չեմ տեսնում, բացի հայտարարություններից: Իհարկե, դրանք կարող են ասել, որ սկզբում հայտարարություններ են, իսկ հետո կլինեն գործնական քայլեր: Դեմ չեմ, կարող է և լինեն, բայց Նիկոլն ու Արոն պետք է խնդրեն Իլհամին, որպեսզի վերջինս չնախաձեռնի հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի, այլ մի քիչ սպասի, որպեսզի եվրոպացիների խոսքն ի վերջո վերածվի գործի: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է Հայաստանի անվտանգային խնդիրներին: Ինչ մնում է տնտեսական և հատկապես էներգետիկ փոխկապակցվածությանը, ապա ընդամենը հիշենք շատերիս ծանոթ ներկայացումից հանրահայտ խոսքը՝ «Где Кура, где мой дом...»: Քանի որ դեռ շատ ջրեր պետք է հոսեն, ու ՀՀ գործող իշխանությունն էլ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որպեսզի հայաստանյան արտադրանքը Ռուսաստանի փոխարեն արտահանվի եվրոպական երկրներ: 

Վերջում անդրադառնամ  արժեքների առումով Հայաստանի և եվրոպական երկրների առնչություններին: Նախքան ռուս-ուկրաինական պատերազմը ես կարծում էի, որ նիկոլական ու իրական (միջազգային կամ եվրոպական) ժողովրդավարությունները չունեն հատման որևէ կետ: Ինչը նորմալ էր, քանի որ նիկոլականը կեղծ էր և շարունակում է մնալ այդպիսին: Ինչը չէր կարող ասվել եվրոպականի առումով: Սակայն ուկրաինական պատերազմի համատեքստում բացահայտվեց, որ նույնքան կեղծ էր նաև  եվրոպական ժողովրդավարությունը: Դրա օրինակները բազմաթիվ են՝ արևմտյան ԶԼՄ-ների կեղծ տեղեկատվությունը, ռուսատյաց ուկրաինական վարչակարգի (դեռ նախքան պատերազմը) պաշտպանությունը, պետական դրոշի ներքո ռուս մարզիկներին արգելելու, իսկ հրեաներին թույլատրելու՝ երկակի չափանիշների օգտագործումը, հրեական, սակայն ոչ ռուսներով բնակեցված տարածքների ինքնապաշտպանության իրավունքը և այլն, և այլն: Այնպես որ, արդեն կարող եմ արձանագրել, որ նիկոլական կեղծ ժողովրդավարությունն Արևմուտքում կլինի՝ ինչպես հարազատ միջավայրում: Այնպես որ, Արոենք ու Նիկոլենք իսկապես գնում են ճիշտ ուղղությամբ: