Ինչքան տաս, այնքան ուզելու է․․․

Ինչքան տաս, այնքան ուզելու է․․․

Բազմիցս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ չի եղել և պատրաստ չէ փոխզիջումային հենքի վրա Ղարաբաղի հարցի կարգավորման և ամեն անգամ, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում որևէ փոխզիջման, այսինքն՝ իր դրած նշաձողը թեկուզ մի փոքր իջեցնում է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, նոր պայմաններ: Նման հարցազրույցներ շատ է տվել, կոնկրետ հնդկական WION հեռուստաընկերության տված հարցազրույցից եմ հատված ներկայացնում։ 

Իսկ ի՞նչ է անում նա դրա համար։ Արցախը հանձնում է, որ կարողանա Հայաստանը պահի, գիտակցելով, որ Ադրբեջանը առաջ է քաշելու նոր պահանջներ, նոր պայմաններ։ Այսինքն նա գիտակցված ձևով մտնում է մեր երկրի տարածքները միակողմանի թշնամուն հանձնելու խաղի մեջ։ Սա ես չեմ ասում, իր ասածն է։ Եվ ըստ Փաշինյանի ասածի, երբ մի բան տալիս ես, Ադրբեջանը մյուս բանն  է ուզում, մի  բան է հուշում՝ Փաշինյանը տարածքները հանձնելու մեղքը նաև Ադրբեջանի վրա է բարդում։ Դե նա ուզու՜մ է, ցանկությունը մեծ է, իսկ ինքը փորձում է բավարարել Ադրբեջանին կամ միգուցե  բավարարման բանավոր խոստում է տվել հակառակորդին։ «Մյուս բաներն էլ է տալիս»՝ այս անգամ Հայաստանից, մեր աչքի դեմն է, թե ինչեր է հանձնել ու շարունակում  հանձնել։ Պարտադիր չէ Վարդան Օսկանյան կամ փորձառու դիվանագետ լինել, որպեսզի կարողանանք  բանակցության գործընթացի ծովում  խորանալ, բայց ափամերձ, թույլատրելի սահմաններում կարող ենք հանգիստ նավարկել ու հասկանալ, թե Փաշինյանը  մեզ ուր է տանում։ Կա բանակցության գործընթացի վերաբերյալ այսպիսի մի խոսք․ «Բանակցությունների ժամանակ պահանջելով անհնարինը՝ մենք ստանում ենք ամենալավը հնարավորից»:

Տեղյակ չէ՞ Փաշինյանն  այդ պարզ այբուբենին։ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ պահանջում է անհնարինը և ստանում հնարավորը։ Ստանում է մաս- մաս։ Եվ եթե ժողովուրդն ասում է՝ ինչքան տաս, այնքան ուզելու է և դու չես կարողանալու բավարարել նրան, չի սխալվում։ Կարևորն այն է, որ նա քեզ իրենով անի, հետո կամացի մեջ «հարցերդ կլուծի»։ Չեմ կարծում, որ այդքանը Փաշինյանը չի հասկանում և եթե տալը նրա համար նպատակ չէ, նախորոք մշակված ծրագիր չէ, կարող է կանգ առնել ու ասել՝ ով չի տալիս, թող նա գա, ես տվող եմ։ Բայց նա ատամներով կառչել է աթոռից ու ասում է, որ ինձ ժողովուրդը բերել է, որ տամ։ Էդ ե՞րբ ես մինչև գալդ խոսել տալու մասին, որ մի հատ էլ քեզ դրա համար բերած լինեն։ Ժողովուրդը ո՞նց կարող է կողմ լինել իր Տունը հանձնելուն։