Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել. Սարգսյան

Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել. Սարգսյան

«Նրանք դժոխքի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է», այսօր այս մասին Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, 15 գերու վերադարձին անդրադառնալով՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Նա նշեց՝ ինչ իմացել են, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է:

«Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47: Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները. նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»:

«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի:

«Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել»,-ասաց նա և նկատեց, որ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները: