Ալիեւի COP-ը՝ առանց համաշխարհային առաջնորդների
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին այդքան ջանասիրաբար պատրաստված Բաքվին հիասթափություն է սպասվում։ COP29-ը կանցնի առանց համաշխարհային առաջնորդների։ Ռուսաստանի նախագահ Պուտինը, Իրանի նախագահ Փեզեշքիանն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեն մեկնի Բաքում։
Չնայած նրան, որ Պուտինն Ալիեւից հրավեր է ստացել, Մոսկվան կներկայացնի վարչապետ Միշուստինը։ «Ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում»,-ասել է Պուտինը։ Օլաֆ Շոլցը չեղարկել է այցը Բաքու` իր երկրում քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թեեւ հայտարարվել էր, որ իրանական պատվիրակությունը կղեկավարի նախագահը, բայց նախօրեին հայտնի դարձավ՝ Մասուդ Փեզեշքիանն էլ է հետաձգել այցն Ադրբեջան։ «Մոտենում է սիոնիստների դեմ գործողությունը...»,- իրանական աղբյուրներն այս պատճառաբանությունն են նշում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքու չեն մեկնի նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Թե ինչ մակարդակով կմասնակցի ԱՄՆ-ը, հայտնի չէ։
Բաքվի «Խաղաղության COP»-ը, առնվազն ներկայացուցչականության տեսանկյունից, ձախողված է։ Հենց այսպես էր Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն անվանել՝ Արցախում էթնիկ զտման, 44-օրյա պատերազմի ու Հայաստանից չդադարող պահանջների ու նախապայմանների ֆոնին։ Կասկածից վեր է, որ COP 29-ով Ադրբեջանն ակնկալում է աշխարհին ներկայացնել 44-օրյա պատերազմում իր հաղթանակը, Արցախի խնդիրը իր պատկերացումներով «լուծելու» եւ Հայաստանի հետ իբրեւ թե խաղաղություն կառուցելու օրակարգը։ Ու համաշխարհային առաջնորդների բացակայությունն այս համատեքստում կարեւոր դրվագ է՝ անկախ նրանից, որ առաջնորդներից յուրաքանչյուրը Բաքու չմեկնելու իր պատճառներն ունի։
COP 29-ը նոյեմբերի 11-22-ին է կայանալու։ Հայաստանը, որը Բաքվի օգտին հրաժարվել էր իր թեկնածությունից, եւս հրավիրված է։ Իշխանությունը դեռ չի գաղտնազերծում իր մասնակցել-չմասնակցելը։ Հավանական է, որ Բաքու մեկնի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թեեւ դա նրանք պայմանավորում էին գերիների ինչ որ խմբի վերադարձով, իսկ մինչ օրս նման լուր չկա։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Հրապարակ»,-ին հիշեցնում է՝ Բաքուն նույնիսկ խոսում էր, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն այդ համաժողովի շրջանակում ստորագրելու հավանականության մասին, ինչը եւս մի ցուցիչ է առ այն, որ Ալիեւն այդ միջոցառմանը մեծ նշանակություն է տալիս, բայց առաջատար երկրների՝ առաջին դեմքերի մակարդակով չմասնակցելը, նրա համար ձախողում է։
«Դա նշանակում է, որ COP 29-ը հերթական, շարքային կլիմայական գագաթնաժողովն է, որին աշխարհը չտվեց այն նշանակությունը, ինչի հուսյն ուներ Ալիեւը, որը ներքին լսարանին դա փորձում էր ներկայացնել՝ որպես իր հաղթարշավ եւ արտաքին լուրջ ձեռքբերում։ Տարածաշրջանի երկրներից առնվազն երկուսը՝ ՌԴ-ն եւ Իրանը առաջին դեմքով չեն մասնակցում այս միջոցառմանը, ինչը նշանակում է, որ այդ երկրները որոշակի հարցեր ունեն Ադրբեջանին, որոնց Ալիեւը դեռ պետք է անդրադառնա»,-բացատրում է միջազգայնագետը։
Բալասանյանը չի կարծում, թե Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն անամպ են, ինչպես դա փորձում է ներկայացնել Ադրբեջանի նախագահը, որովհետեւ, Միշուստինի մակարդակով մասնակցությունը մեկ բան է նշանակում՝ Ռուսաստանն ունի աշխատանքային շահագրգռություն եւ ամենեւին մտադիր չէ այդ հարթակում աշխարհաքաղաքական հարցեր քննարկել ու հայտարարություններ անել։
«Ռուսաստանի կողմից միայն վարչապետին ուղարկելը նաեւ նշանակում է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղալ Ալիեւի խաղը եւ իրենց ներկայությամբ այդ խորհրդաժողովը դարձնել դարակազմիկ կամ Ալիեւին դա անելու հնարավորություն տալ։ Նույնը կարելի է ասել Իրանի պարագայում։ Իհարկե, Իրանի պարագայում Իսրայելի հետ հարաբերությունները նշվեցին, բայց ես կարծում եմ, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը եւս դեռ չի թոթափվել»,-կարծիք է հայտնում Գրիգոր Բալասանյանը։
Ինչ վերաբերում Հայաստանի մասնակցությանը, ըստ քաղաքագետի, այն եւս չի լինի առաջին դեմքի մակարդակով։ COP-ի շրջանակում գերիների վերադարձը, ինչ մասին խոսակցություններ կան, միջազգայնագետը հնարավոր է համարում՝ Ալիեւը դա կարող է անել դեմքը փրկելու համար, բայց վերադարձողների թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի լինի։ Մեր զրուցակցի խոսքով, իդեալական տարբերակ կլիներ, եթե Հայաստանը փորձեր օգտվել իրավիճակից եւ Ադրբեջանին պահանջներ ներկայացներ:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրին, Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ Մոսկվայից չշտապելու մեսիջ եկավ, իսկ տարածաշրջանային պետություններ Ռուսաստանի եւ Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ մեկ բան է նշանակում է, որ անգամ ստորագրման դեպքում, այդ փաստաթղթին նրանք ունենալու են նույն վերաբերմունքը։
«Գալիս ենք այն եզրահանգման, եթե այդ ստորագրվող պայմանագիրը չընդունվեց Ռուսաստանի եւ Իրանի կողմից, ապա դրա իրականացումն անհնար է լինելու։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է օգտվի այս ամենից, բայց ցավոք հակված չեմ, որ Հայաստանը կկարողանա օգտվել իրավիճակից»,-կարծիք է հայտնում միջազգայնագետը։ Բալասանյանը հնարավոր է համարում, որ կլիմայական գագաթնաժողովից հետո Ալիեւը կարող է սրել իրավիճակը՝ հատկապես այս պայմաններում, երբ համաշխարհային առաջնորդներն առաջին դեմքերով չեն մեկնում Բաքու։ «Ալիեւը՝ նմանվելով վիրավոր գազանի, փորձելու է իր վրեժը լուծել՝ միջազգային հանրությանը փաստի առաջ կանգնեցնելու ու փորձելով նոր տարածքներ վերցնել Հայաստանից։ Մենք այս շրջանում պետք է զգոն լինենք եւ փորձենք մեր քայլերով ամրապնդել անվտանգությունը, որովհետեւ, եթե անգամ ԱԳ նախարարի մակարդակով է հայտարարվում, որ համաձայնագրի ստորագրումը դեռ չի նշանակում ամվտանգություն ու COP–29-ից հետո Ադրբեջանը կարող է հարձակվել, նշանակում է՝ այդ հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել»․-ասում է նա։
Կարծիքներ