Արցախում պասիվ պատերազմ է

Արցախում պասիվ պատերազմ է

«Այսօր բնապահպանների անվան տակ, իբրև բնապահպանության մասին մտահոգ մի խումբ ազերիներ իրականացնում են հերթական սադրանքը», - այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը: Նրա խոսքով` այսօր Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է անվանել պասիվ պատերազմ.

«Սա անգամ կարելի է պասիվ պատերազմ անվանել: Այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները որպես եռակողմ հայտարարության կողմ կոշտ հայտարարությամբ պետք է դիմեն Ռուսաստանի դաշնությանը` որպես 44-օրյա պատերազմի կասեցման և նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրում իր կարևոր դերն ունեցող կողմ: Որոշ պատգամավորների հայտարարություններ փաստում են, որ հարցը կարող է կարգավորվել ռուս խաղաղապահների կողմից, խաղապահներն ունեն եռակողմ հայտարարության այսպես ասած մանդատը, սակայն հարցը կանոնակարգողը սահմանել են այն երեք պետությունները, որոնք ստորագրել են փաստաթղթի տակ: Ճիշտ չէ, երբ նման իրավիճակում առանձին պատգամավորներն են խոսում Ռուսաստանին դիմելու անհրաժեշտության մասին, ունենք երկրի ղեկավար և նա պարտավոր է բարձրաձայնել խնդիրը»- նշեց նա: Հարցին, թե Դուք խնդրի լուծումը տեսնում եք միայն Ռուսաստանի՞ միջնորդությամբ, Թարվերդյանն ասաց. «Արևմուտքն արել է անատամ բազում հայտարարություններ և ես չեմ կարծում, որ նման հարցերն Արևմուտքը կարող է կանոնակարգել: 44-օրյա պատերազմի ընթացքը մեզ պարտավորեցնում է հիշել, որ արյունահեղությունը դադարեց Ռուսաստանի միջնորդությամբ» - խոսքը եզրափակեց Երվանդ Թարվերդյանը: