Վարչապետն ի վիճակի չէ կառավարել երկիրն ընդհանրապես․ Է․ Ղազարյան
Փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարություն տարածեց, որով կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Իմքայլական վարչապետը հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ», Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդագիր էր ներկայացրել Հանրապետության նախագահին ու հանրահավաք հրավիրել՝ ավելի խորացնելով քաղաքական ճգնաժամը։
Ստեղծված իրավիճակին նույն օրը հայտարարություններով անդրադարձել էին Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, իսկ հաջորդ օրը՝ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի համազեկուցողները։
«Մենք դա համարում ենք բացառապես ներքին գործը Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և սերտ դաշնակցի։ [...] Մոսկվան բոլորին հանդարտության կոչ է անում. իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում», - նշել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որ ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ «Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին», - նշվել էր ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել էր, որ «Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խստորեն պահպանեն խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները: Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ Զինված ուժերը «պետք է չեզոքություն պահեն քաղաքական հարցերում և գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո»: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները», - նշվել էր հայտարարության մեջ։ Հունվարի 26-ի իրենց տարածած հայտարարության մեջ Հայաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա, ԵԺԿ/ՔԴ) և Կիմմո Կիլյունեն (Ֆինալանդիա, ՍՈՑ) անընդունելի էին համարել Գլխավոր շտաբի կոչը։ «Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ թուլացնելու համար», - նշել էին համազեկուցողները։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ։
- Պարո՛ն Ղազարյան, ԳՇ-ն հայտարարություն տարածեց, որով կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։ Դրա հետ կապված ԵԵԽՎ համազեկուցողները հայտարարություն տարածեցին՝ այն անընդունելի համարելով։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, ԵՄ-ն հայտարարություն տարածեց։ Այս ամեն ինչը, որ համադրում եք, ի՞նչ տպավորություն եք ստանում, արտաքին աշխարհն ինչպե՞ս ընկալեց Հայաստանում իրադարձությունները, մասնավորապես՝ ԳՇ հայտարարությունը։
- Որքանով որ ես հասցրել եմ հետևել հայտարարություններին, դրանց բովանդակությունը տարբեր է։ Ընդհանուր առամամբ, երկրները և առհասարակ միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնպահ մնան այլ պետությունների ներքին գործերին վերաբերող հարցերի վերաբերյալ հայտարարություններից։ Թերևս միջազգային անդրադարձի առումով ամենազուսպը և դիվանագիտական առումով հավասարակշռվածը Ռուսաստանի կողմից հնչեցված մոտեցումներն են։ Որտեղ որ հայտնել են, որ չեն ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա դա քաղաքական ենթատեքստ իր մեջ բացարձակապես չի պարունակում։ Որովհետև Զինված ուժերի սպայական կազմը՝ ղեկավարի գլխավորությամբ, ընդամենը կոչով է դիմել վարչապետին, որպեսզի ինքը որոշում կայացնի պաշտոնից հեռանալու մասին։ Հիմնավորել է այն հանգամանքները, այն գործոնները, որոնք որ ստեղծել են իրավիճակ, որը որ ցույց է տալիս, որ վարչապետն ի վիճակի չէ կառավարել՝ երկիրն ընդհանրապես և Զինված ուժերը մասնավորապես։
Եվ նրանք իրականացրել են ոչ թե կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր և այլն, այլ ընդամենը կոչով, առաջարկով են դիմել վարչապետին, որպեսզի ինքը Սահմանադրության շրջանակներում կայացնի համապատասխան որոշում։ Ի դեպ, Զինված ուժերն այդ հայտարարությունը տարածել են ռազմական դրության պայմաններում։ Այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ որ իրենք Սահմանադրությամբ պատասխանատվություն ունեն իրականացնելու մեր երկրի անվտանգությունը և պաշտպանությունը։ Այսինքն՝ նրանց հայտարարությունից, ըստ էության, կարելի է ենթադրել, որ վարչապետի պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության գլխավոր, հիմնական սպառնալիքն է։
- Կարծես թե, ԱՄՆ-ի հայտարարությունն ավելի զուսպ է, դեսպանատունը «ռազմական հեղաշրջման փորձ» չի էլ որակել ԳՇ հայտարարությունը։
- Ես հենց դա էի ասում, որ հայտարարարությունների բովանդակությունը տարբեր է։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը դա չի որակում որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Այնուամենայնիվ, իմ ասածն ինչի՞ն է վերաբերում։ Որ առհասարակ դեսպանությունները, իմ կարծիքով, նաև իմ փորձառությունից ելնելով, պետք է հնարավորինս, եթե չասեմ բացարձակ իմաստով, պետք է ձեռնպահ մնան դեսպանընկալ երկրի ներսում իրադարձությունների վերաբերյալ որևէ հրապարակային կարծիք արտահայտելուց։ Քանզի դա ուղիղ առնչվում է պետության ներքին գործերին միջամտելու դիվանագիտական սկզբունքի խախտման փաստի հետ։ Այսինքն՝ եթե մենք ունենանք լավ Արտաքին գործերի նախարարություն՝ իր տեղը և դիրքն իմացող, պետք է թույլ չտա, որ դեսպանընկալ երկրներում ներկայացված երկրներն առհասարակ ներքին կյանքին վերաբերող հարցերի վերաբերյալ նման հայտարարություններով հանդես գան։
Ես ինքս Լեհաստանում իմ առաքելության ընթացքում երկրի հասարակական կյանքում, իրավական համակարգում, դատա-իրավական համակարգում շատ տեղի ունեցող փոփոխությունների ականատես եմ եղել, բայց չեմ հիշում, որ մեր դեսպանությունը երբևէ հայտարարությունով հանդես գար։ Եվ Լեհաստանի հանրային կյանքի վերաբերյալ գնահատականներ փորձեր հնչեցնել, ընդհանրապես։
- ԵԽԽՎ համազեկուցողները դո՞ւրս են եկել Եվրոպական խորհրդի լիազորությունների շրջանակից։
- Այս պահին ներքին կյանքը գտնվում է շատ փխրուն վիճակում։ Եվ յուրաքանչյուր հայտարարության դեպքում պետք է հասկանալ դրա անհրաժեշտությունն ինչքանո՞վ է հայտարարություն անողի իրավասությունների շրջանակներում։ Ընդհանրապես ցանկացած միջազգային կազմակերպություն, ցանկացած երկիր այլ երկրի ներքին գործերին միջամտելու որևէ իրավասություն չունի։ Հիմա եթե նրանք մտահոգություններ ունեն պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ-երկիր է և այլն, կարելի է հարգանքով վերաբերվել նման մտահոգություններին։ Բայց դա չի կարող լինել վճռորոշ մեր հանրային կյանքի առողջացմանը միտված գործողություններ կամ քայլեր անելու համար։
Կարծիքներ